Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես նոր խափանման միջոց են ընտրվել տնային կալանքն ու գրավը
17:35 - 04 մարտի, 2024

Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես նոր խափանման միջոց են ընտրվել տնային կալանքն ու գրավը

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես նոր խափանման միջոց են ընտրվել տնային կալանքն ու գրավը՝ 25 միլիոն ՀՀ դրամի չափով։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում տեղեկացրեց պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։ 

Նշենք, որ Վերմիշյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը դեռեւս ուժի մեջ չի մտել, դրա դեմ պաշտպանական կողմի բողոքը, դատավորներ Կարեն Ամիրյանի, Մեսրոպ Մակյանի եւ Արմեն Հովհաննիսյանի կազմով, դեռեւս քննվում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում։ Մինչ այդ նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը մնացել էր անփոփոխ, ինչն էլ պաշտպանը բողոքարկել էր։

Կոչուբաեւը նաեւ ֆեյսբուքյան էջում է գրառում արել՝ նշելով. «Այսօր 4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վանիկի Վերմիշյանը ազատ կարձակվի։ Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորման փոփոխության միջնորդութունը»։

Ավելի ուշ պարզաբանում տարածեց նաեւ Դատական իշխանության տելեգրամյան ալիքը՝ մանրամասնելով հետեւյալը․ «Դատարանը գտել է, որ այլևս ամբաստանյալի պատշաճ վարքագիծը և գործի բնականոն ընթացքը հնարավոր է ապահովել նաև նրա ազատության մեջ գտնվելու պայմաններում՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Ընդ որում, որպես գրավի չափ միջնորդվել էր 20.000.000 (քսան միլիոն) դրամ, մինչդեռ` որպես գրավի պիտանի և ողջամիտ չափ է ընդունվել 25.000.000 (քսանհինգ միլիոն) դրամը»:

Ըստ Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակի՝ պաշտպանական կողմը միջնորդել էր միայն տնային կալանք եւ գրավ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անհրաժեշտ է համարել դրանց հետ միասին կիրառել նաև բացակայելու արգելքը, ինչը նշանակում է, որ ամբաստանյալ Վերմիշյանը իրավունք չունի հատել ՀՀ պետական սահմանը:

Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանը 2023 թ․ մայիսին մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, որն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել