Ըստ ապացույցների՝ Քերոբյանն արել է ճիշտ հակառակը․ արել է ամեն ինչ, որ մրցույթը լինի մրցակցային. փաստաբան
 |aysor.am|
12:00 - 07 մարտի, 2024

Ըստ ապացույցների՝ Քերոբյանն արել է ճիշտ հակառակը․ արել է ամեն ինչ, որ մրցույթը լինի մրցակցային. փաստաբան |aysor.am|

aysor.am: Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը մինչև մրցույթի անցկացումը չի հանդիպել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հետ, ավելին՝ նման տեղեկատվություն ևս մամուլում չի շրջանառվել, միայն նշվել է, որ որոշ հանդիպումներ են եղել. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Վահան Քերոբյանն այս մրցույթի մասին իմացել է այնքանով, որքանով այդ տեղեկությունները ստացվել են իր տեղակալի կողմից, ընդ որում չեն ստացվել պարտադիրության ուժով։ Անկախ նրանից, թե նրանք եղել են նախարար կամ փոխնախարար, այս մրցութային հանձնաժողովը չի ենթարկվում նախարարին»,-ասաց նա։

Իսկ հարցին, թե  փոխնախարար Անի Իսպիրյանը հանդիպե՞լ է ընկերության ներկայացուցիչներին՝ պատասխանեց, որ հանդիպումների մասով որոշ փաստական տվյալներ չի կարող հրապարակել, բայց նման հնադիպումների մասով խնդիր չկա, որովհետև մրցույթների  շրջանակներում մրցութային հանձնաժողովի անդամները բազամթիվ հանդիպումներ ունենում են։

«Ըստ ապացույցների՝ Քերոբյանն արել է ճիշտ հակառակը, արել է ամեն ինչ, որ մրցույթը լինի մրցակցային և չսահմանափակվի որևէ մրցակցային կանոն»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ փաստերի հիման վրա  վկայակոչել չի կարող՝ նախաքննական արգելքից ելնելով։

Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Հիշեցնենք նաև, որ քննչական կոմիտեն հայտնել էր՝ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից:

Գործի շրջանակներում «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը կալանավորվել էին, իսկ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Ավելի ուշ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել