1lurer.am: Համակարգը նորմալ աշխատում է, բայց, իհարկե, հասկանում ենք, որ ցանկացած նոր ներդրված որևէ ինստիտուտի ներդրման պարագայում լինում է նաև ընթացիկ տեղեկատվության պակաս, համակարգից օգտվելու որոշակի բարդություններ. մենք ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք բոլոր բողոքները, խնդիրները. եթե խնդիրներ կան, արագ լուծումներ են տրվում, ամփոփվում են ամենաշատ տրվող հարցերը, և օրական ռեժիմով մենք պատասխանում ենք դրանց: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսերի համակարգից եղած դժգոհություններին:
«Ասեմ, որ այս օրերի ընթացքում մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել. այս թիվը խոսում է նրա մասին, որ համակարգը շատ նորմալ աշխատում է, բայց, իհարկե, ես նաև հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը: Հասկանալով, որ ցանկացած էլեկտրոնային և նման մեծ թվով անձանց վերաբերելի բարեփոխումների ընթացքում առաջին օրերին լինում են որոշակի դժվարություններ, բայց հասկանում ենք, որ այս բարեփոխումները նպաստում են առաջին հերթին հենց մեր քաղաքացիների առողջության պահպանմանը, թափանցիկությանը համակարգի, և վստահ եմ, որ այս քայլերն են, որ պիտի նպաստեն հետագայում ավելի հեշտ օգտագործելի էլեկտրոնային հարթակների հասանելիության համար»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ բողոքները վերաբերում են տեղեկատվության պակասին: «Մարդկանց մոտ երբեմն շփոթություն է լինում, որ, օրինակ, ինչ-որ մի դեղ, որը երկար օգտագործել է, ամեն անգամ պետք է գնան բժշկի խորհրդատվության, որ կարողանան դեղատոմս դուրս գրել. մենք տեղեկացնում ենք, որ ոչ. դրա անհրաժեշտությունը չկա: Կարող են մեկանգամյա դեղատոմսով բավականին երկար ժամանակի համար դուրս գրել դեղեր, և քաղաքացին ամեն անգամ բժշկի չպետք է գնա»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
comment.count (0)