azatutyun.am: Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ, ադրբեջանական պետական ԱՊԱ գործակալությանն ասել է այդ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը։
«Ղազախստանը՝ որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և աջակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը», - ասել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Տոկաևը։
Հայաստանի հետ նույն ռազմական դաշինքին անդամակցող Ղազախստանի ղեկավարը նաև գովաբանել է Բաքվին, իր բնորոշմամբ, Լեռնային Ղարաբաղի «դինամիկ վերածնման» համար։
2022-ի ամռանը Բաքու կատարած այցի ժամանակ նա հայտնել էր Ֆիզուլիում (Վարանդա) մանկական ստեղծագործական կենտրոն կառուցելու նախաձեռնության մասին։
ԱՊԱ-ի հետ հարցազրույցում նա վերահաստատել է ղազախական ընկերությունների շահագրգռվածությունը՝ «մասնակցելու Ղարաբաղի վերածննդին»։
«Տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնումը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի զարգացմանը», - շեշտել է նա։
comment.count (0)