Ցեխոտ և քարքարոտ հանգիստ աղբակույտերի շուրջ. 182 մլն դրամ՝ Երևանյան լճի հանգստի գոտու կիսաբարեկարգմանը
20:18 - 11 մարտի, 2024

Ցեխոտ և քարքարոտ հանգիստ աղբակույտերի շուրջ. 182 մլն դրամ՝ Երևանյան լճի հանգստի գոտու կիսաբարեկարգմանը

Քաղաքապետարանն արդեն երկու տարի է, ինչ խոստանում է Երևանյան լիճը մաքրել «50 տարվա աղբից», բարեկարգել լճի շուրջը և հանգստի գոտի կառուցել։ Վերջինը՝ հանգստի գոտին, մոտ 182 մլն դրամով կառուցվել է և արդեն մոտ մեկ տարի է՝ պատրաստ է շահագործման։ Իհարկե, մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերն այստեղ կարող են հանգստանալ, եթե նախընտրում են թափթփված քարեր, աղբակույտեր, ցեխ, հողից դուրս պրծած ոռոգման խողովակներ և լճից «բուրող» գարշահոտություն։ 

Բարեկարգման աշխատանքներն իրականացրել է «Լիլանարմ» ՍՊԸ-ն, որի տնօրեն Նարեկ Պողոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու է եղել։ 

Նախահաշվով նախատեսված էր, որ բարեկարգող ընկերությունը աշխատանքները պիտի սկսեր տարածքի աղբը մաքրելուց հետո։ 

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշեց, որ թե՛ աշխատանքների ընթացքում, թե՛ դրանց ավարտից հետո աղբը մաքրված է եղել. «Այ թե աղբն ինչ արագությամբ է այդտեղ կուտակվում, չեմ կարող ասել պատճառները՝ ինչու։ Քաղաքապետարանը լիճն ու հարակից տարածքը մաքրելու ուղղությամբ բազմաթիվ միջոցառումներ է իրականացնում։ Օրինակ՝ անցյալ տարի ափն է հատուկ տեխնիկայի միջոցով մաքրվել, և քաղաքապետարանը Գետառի մասում կառուցում է մաքրման կայան, և ինչքանով տեղյակ եմ, աղբաորսիչ ցանցի կառուցման նախագծի աշխատանքները պատրաստ են և այս տարի, կարծում եմ, կսկսեն շինարարության իրականացումը»,- ասում է վարչության պետը։ 

Արձանագրենք, որ Քաղաքապետարանի գործադրած ջանքերը դեռևս որևէ արդյունք չեն տվել, քանի որ բարեկարգված տարածքը «մաքրված»  անվանել հնարավոր չէ։

Ժայռոտ հատվածում, որը, ըստ նախագծի, կանաչապատ գոտի էր լինելու, անցկացված է ոռոգման ցանց, սակայն տնկված ծառեր, գազոն, կանաչապատ տարածքներ չկան։ Անհասկանալի է, թե անցկացված խողովակաշարը, որը տեղ-տեղ գետնից բավականին բարձր է, ինչն է ոռոգելու. քարե՞րը, թե՞ մոլախոտերը։

Տարածքի կանաչապատումը պայմանագրից հանվել է բարեկարգման աշխատանքների՝ պայմանագրով նախատեսված ավարտից ընդամենը մեկ ամիս առաջ։ Տիգրան Գեղամյանը խնդիրների հիմքը տեսնում է նախագծի ոչ լիարժեք լինելու մեջ։ Ասում է, որ երբ բարեկարգումը սկսել են, ի հայտ են եկել նոր հանգամանքներ ու այն աշխատանքները, որոնք հնարավոր է եղել իրականացնել Քաղաքապետարանի այլ ստորաբաժանումների կողմից, ստիպված են եղել հանել պայմանագրից։ «Օրինակ՝ նույն ծառերի տնկումը հնարավոր էր մեր Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի միջոցներով հետագայում կազմակերպել, դրա պատճառով արդեն որոշվել է, որ այդ աշխատանքները հանվեն, դրանց փոխարեն հավելյալ այն աշխատանքները ներառեն, որոնք հետագայում ի հայտ են եկել, որ բացակայում են նախագծից։ Մի օրինակ կարող եմ բերել՝ հատակի «բրեկչիա» տիպի սալիկների ստորին հատվածում բացակայել է բետոնի ծածկույթը, առանց որի անհնար էր բրեկչիայի շինարարություն։ Դրա համար այդ աշխատանքները որպեսզի կատարվեն, այլ աշխատանքներ, որոնք հնարավոր էր այլ ժամանակահատվածում իրականացնել, փոխարինվել են», - նշում է Տիգրան Գեղամյանը։


Ձախից՝ նախագիծը, աջ կողմում՝ ներկայիս պատկերը

Ի տարբերություն Տիգրան Գեղամյանի՝  «Լիլանարմ» ընկերության տնօրենը «բրեկչիա» սալիկների տեղադրումն առանց բետոնի շերտի անհնար չհամարեց։ Ավելին, նշեց, որ իրենք  սալիկապատել են առանց բետոնի շերտի. «Այնպես չէ, որ ստացվել է մի բան, որը չի ծառայելու»,- ավելացրեց ընկերության տնօրենը։

Նարեկ Պողոյանը նույնպես նշեց հավելյալ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին՝ օրինակ բերելով ճեմուղուց դեպի Իսակովի պողոտա բարձրացող աստիճանների շինարարությունը։ Ընկերության տնօրենը դժվարացավ հիշել՝ երբ է որոշվել կանաչապատման աշխատանքները չիրականացնել։ 


Ձախից՝ նախագիծը, աջ կողմում՝ ներկայիս պատկերը

Տարածքի աշխատանքների ավարտական ակտի ստորագրումից շուրջ մեկ տարի անց արձանագրում ենք, որ հանգստյան գոտում բացակայում են կանաչապատ տարածքները։ 


Ձախից՝ նախագիծը, աջ կողմում՝ ներկայիս պատկերը

Համաձայն քաղաքապետարանի հրապարակած նախագծի՝ հանգստի գոտու մուտքի մոտ պետք է տեղադրվեր էլեկտրական արգելափակոց, որ ավտոմեքենաները չմտնեն ճեմուղի։ Ծավալաթերթ-նախահաշվի վերջնական փոփոխությունից հետո պայմանագրից հանվել է էլեկտրական արգելափակոցը։ Ճեմուղու մուտքի մոտ չկան մեքենաների մուտքն արգելող համապատասխան նշաններ։ Փետրվարի 26-ին և 29-ին՝ մեր նկարահանման ժամանակ էլ ֆիքսեցինք, որ մեքենաներն ազատ երթևեկում են ճեմուղու տարածքում։

Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը նշեց, որ չգիտի՝ ինչու է կայացվել արգելափակոց չտեղադրելու որոշումը, քանի որ այդ ժամանակ չէր աշխատում քաղաքապետարանում։ 

Ավտոմեքենաների մուտքն արգելող համապատասխան նշանների բացակայության մասով Գեղամյանը համաձայնեց, որ տարածքը պետք է կահավորված լիներ նշաններով, սակայն նշեց, թե վատ կազմված տեխառաջադրանքն է նման թերացումների պատճառը. «Տեխառաջադրանքը թերի է եղել, դրա արդյունքում թերի մշակված նախագիծ է եղել, որի մեջ ներառված չեն եղել նշաններ։ Համաձայն եմ, որ կա կարիքը, և մենք այդ ուղղությամբ արդեն համագործակցելու ենք մեր այլ վարչությունների հետ, որպեսզի տվյալ տարածքը համապատասխան նշաններով կահավորվի»։

Ըստ նախագծի՝ մարզահրապարակի սկզբում պետք է տեղադրվեր մոդուլային հասարակական զուգարան, մինչդեռ կառուցվել է քարե շինություն, որի դռները մեր առաջին այցի ժամանակ կողպված էին։ Մեր երկրորդ այցի ժամանակ դռները բաց էին։ Մեր առաջին այցելության ժամանակ դռները փակ լինելու վերաբերյալ շինբարեկագման վարչության պետն ասաց, որ դռները հիմնականում բաց են լինում, հնարավոր է՝ մեր այցելության ժամանակ սպասարկման կամ մաքրման ծառայությունների պատճառով են փակ եղել։

Հարցին, թե ինչու պայմանագրով նախատեսված մոդուլային զուգարանը չի կառուցվել, Տիգրան Գեղամյանը պատասխանեց. «Արդեն շինարարության ընթացքում պարզվել է, որ մոդուլային զուգարանի սպասարկումը և՛ մեծ աշխատանք է պահանջում, և՛ ահռելի գումարներ, ու որոշվել է, որ մոդուլային զուգարանի փոխարեն սովորական զուգարանն ավելի հեշտ կլինի սպասարկել»։ Այս հանգամանքը, սակայն, պայմանագրում չի ամրագրվել։ Վերջնական հաստատված ծավալաթերթ-նախահաշվով պիտի տեղադրվեր մոդուլային զուգարան։ 

«Լիլանարմ» ընկերության տնօրենի խոսքով մոդուլային զուգարանի դեպքում հավանականություն կար, որ այն կարող էր շարքից դուրս գալ. «Քարե շինությունը համարժեք կառույց է, մեր տեսանկյունից հնարավոր է անգամ ավելի թանկ ստացված լինի մոդուլային զուգարանից»,- նշեց Նարեկ Պողոյանը։ Անդրադառնալով կոյուղաջրերի հեռացմանը՝ ընկերության տնօրենը նշեց, որ  տեղադրել են սեպտիկ հոր, որի մեջ պետք է թափվեն կոյուղաջրերը։ 

Ճեմուղուն զուգահեռ կառուցվել է հեծանվուղի, որը, սակայն, ամբողջովին պատված է ցեխով, քանի որ չկա ջրահեռացման համակարգ։ Տիգրան Գեղամյանը նշում է, որ ջրահեռացման առանձին համակարգ նախատեսված չէ, թեքությունների տարբերությունը այնպես է հաշվարկվել, որ ջուրն ինքնահոսի դուրս գա այդտեղից։ Մեր դիտարկմանը, որ փաստացի ջուրը մնում է հեծանվուղու վրա և վերածվում ցեխի, Տիգրան Գեղամյանը պատասխանեց. «Վայրեր կան, որտեղ ջուրը կուտակվում է և թափվում է հենց Երևանյան լիճ, երևի ուշադիր չեք եղել»։ 


Ձախից՝ նախագիծը, աջ կողմում՝ ներկայիս պատկերը

Տիգրան Գեղամյանը նկատի ունի տեղ-տեղ տեղադրված նեղ խողովակները։ Մեր այցելությունների ժամանակ արձանագրել ենք, որ այդ խողովակները խցանված են, և իրենց գործառույթը չեն կատարում։ Այս դիտարկմանը շինբարեկարգման վարչության պետն արձագանքեց, որ տեղումները շատ են լինում, ցեխը գալիս, խցանում է, որը պետք է բացել։ Հայտնի չէ՝ ով պետք է բացի խցանումը և ինչու դա չի արվում։

Իսկ ընթացիկ սպասարկմանն անդրադառնալով՝ նշեց, որ դա շինբարեկարգման վարչության պրոֆիլը չէ. «Քաղաքապետարանի սպասարկումը չեմ կարծում, որ թերացել է, հնարավոր է ընթացքում, օրինակ, տեղումները շատ լինեն ու ցեխ լինի, բայց համոզված եմ, որ հիմա գնաք, շրջեք, այդ ցեխը կբացակայի այնտեղից»։ Այս կադրերն արվել են Տիգրան Գեղամյանի հետ հարցազրույցից րոպեներ առաջ, որտեղ երևում է, որ ցեխը չի մաքրվել։

Հեծանվուղին Երևանյան լճից բաժանված է բետոնե ցածր պատնեշով, որի վրա, ըստ նախագծի, պիտի տեղադրվեին մետաղական ճաղավանդակներ։ Ճաղավանդակները, որ պիտի ապահովեին հեծանվորդների անվտանգությունը, չեն տեղադրվել։ Անդրադառնալով այս հարցին՝ Տիգրան Գեղամյանը նշեց, որ աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ են եկել նախագծով չնախատեսված, սակայն ավելի կարևոր աշխատանքներ։ Առաջնայնությունը տրվել է նախագծով չնախատեսված աշխատանքներին, իսկ հեծանվուղու մետաղական ճաղավանդակների հատվածը որոշել են հետաձգել։ 

Խնդիրների մասին խոսելիս Տիգրան Գեղամյանը նշեց, որ խնդիրը սխալ կամ թերի տեխառաջադրանքն էր և դրա հիման վրա կազմված նախագիծը։ Այս փաստարկներն առնվազն տարօրինակ են, քանի որ թե՛ տեխառաջադրանք տրամադրողը, և թե՛ նախագիծը հաստատողն ու ընդունողը եղել է Երևանի քաղաքապետարանը։ Ինչպես է հնարավոր շինարարությունը նախագծելիս հաշվի չառնել, օրինակ, մոդուլային հասարակական զուգարանի սպասարկման ծախսը, կամ ասենք՝ սալիկների տակ անհրաժեշտ բետոնի շերտը։

Կառուցվել է նստարաններով հարթակ, որի աստիճանները պիտի եզրագծված լինեին LED լույսերով։ Lույսերը, սակայն, տեղադրվել են միայն վերին աստիճանների եզրին, դրանցից մեկն էլ արդեն պոկվել է։ Անդրադառնալով այգու սպասարկմանը՝ Շինբարեկարգման վարչության պետը նշեց, որ հիմա քննարկումներ են ընթանում, որ համայնքապատկան տարածքներում սպասարկում իրականացվի. «Դրանք կլինեն թե՛ այգիների, թե՛ գետնանցումների, թե՛ այլ տարածքների մասով»։

Վերջում Տիգրան Գեղամյանին հարցրինք՝ գո՞հ է արդյոք կատարված աշխատանքից. «Ինչ վերաբերում է ներկա պահին որպես հանգստի գոտի, ազնիվ պետք է լինեմ ու ասեմ, որ չի գոհացնում, բայց դա իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներն ունի, որոնք լուծելու համար հիմա արդեն քաղաքապետարանում քննարկումներ են տեղի ունենում հենց մասնավորապես հետագա սպասարկման հետ կապված»։

«Լիլանարմ» ՍՊԸ տնօրեն Նարեկ Պողոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունն այս նախագծից շահույթ չի ստացել, ավելին՝ իր միջոցներից է ծախսել, որ նախագիծը իրականություն դառնա։ Հիշեցնենք, որ հանգստի գոտու բարեկարգման աշխատանքներն արժեցել են մոտ 182 մլն դրամ։ Թեև ընկերության տնօրենը նշում է, որ կորուստներով են աշխատել, այնուամենայնիվ շարունակում են մասնակցել քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին։ Հարցին՝ որն է կազմակերպության շահը, եթե կորուստներով է աշխատում, տնօրենը պատասխանեց. «Այդպես լինում է, որ գործեր կան, երբ ուղղակի չես կարողանում շահույթ ապահովել։ Մեր ոլորտն այդպիսինն է։ Կազմակերպությունը արդեն 23 տարի է՝ շինարարությամբ է զբաղվում, այդ տարիների ընթացքում ամեն տարի կարող էր մեկ վատ փորձ ունենալ, բայց դա չի նշանակում, որ պետք է փոխենք մեր գործը»։

 

Ինչպես է տեղի ունեցել մրցույթը և ընտրվել հաղթող ընկերությունը

2022 թվականի մարտի 24-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ՝ Երևանյան լճի աջակողմյա ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների համար։ Մրցույթին հայտեր են ներկայացրել 11 ընկերություն. 10-ը՝ Հայաստանից, 1-ը՝ Վրաստանից։ 

Գնահատող հանձնաժողովը բոլոր մասնակիցների հայտերը գնահատել է բավարար։ Նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը՝ վրացական «Ա.Գ. Դեվելոփմենտ» ՍՊԸ-ն, ճանաչվել է մրցույթի հաղթող։ 

Ստորև ներկայացնում ենք մրցույթին մասնակցած բոլոր ընկերությունների գնառաջարկները՝ ըստ ինքնարժեքի (առանց հարկերի) ու ընդհանուր գումարի։

Համաձայն վրացական իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Ա.Գ. Դեվելոփմենտ» ՍՊԸ-ի խոշոր բաժնետերերը Հայաստանի քաղաքացիներ են։ Բաժնեմասերի կեսը պատկանում է Արմեն Հովհաննիսյանին, 45%-ը Հարություն Բերբերյանին, իսկ 5%-ը՝ տնօրեն Թամարա Խաբելաշվիլիին։ Ընկերության հայ բաժնետերերը բաժնեմասեր ունեն նաև Հայաստանում գրանցված մի շարք, այդ թվում՝ շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերություններում։ 2021 թվականի սեպտեմբերին Վրաստանում գրանցված այս ընկերության տնօրեն Թամարա Խաբելաշվիլին լիազորագիր է տվել Արամայիս Եպիսկոպոսյանին՝ ընկերության անունից երկու տարի ժամկետով պետական գնումներին մասնակցելու համար։ Եպիսկոպոսյանը 2016-2021 թվականներին աշխատել է Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում՝ որպես գլխավոր հաշվապահ։ 

Վրաստանում գրանցված այս ընկերությունը, սակայն, ի վերջո դուրս է մնացել մրցույթից՝ տեղը զիջելով երկրորդ ամենացածր գին առաջարկող ընկերությանը։ 

Գնահատող հանձնաժողովի` 2022 թվականի հունիսի 2-ի որոշմամբ հաղթող մասնակցի հետ պետք է կնքվեր պայմանագիր, սակայն հունիսի 6-ի նիստում պայմանագրի կնքման գործընթացը կասեցվել է, քանի որ վրացական ընկերությունը՝ որպես օտարերկրյա ընկերություն, չի ունեցել Հայաստանում շինարարություն իրականացնելու անհրաժեշտ լիցենզիա։ Արդյունքում՝ մրցույթում հաղթել է հաջորդ ամենացածր գին առաջարկած ընկերությունը՝ «Լիլանարմ» ՍՊԸ-ն՝ կնքելով 166 մլն 259 հազար 798 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով պայմանագիր։

 

«Լիլանարմի» տնօրենը Երևանի ավագանու ՔՊ թեկնածու է եղել

«Լիլանարմ» ՍՊԸ-ի տնօրենը Նարեկ Պողոյանն է, 100% բաժնեմասը պատկանում է Հարություն Օհանյանին։ Նարեկ Պողոյանը Երևանի ավագանու՝ 2023 թվականի սեպտեմբերի ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու էր՝ ցուցակի 164-րդ տեղում, ուստի ավագանու մանդատ չի ստացել։ Նա ընկերության բաժնետեր Հարություն Օհանյանի փեսան է։ 

«Ինֆոքոմի» հարցին, թե արդյո՞ք ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, «Լիլանարմ» ընկերության տնօրեն Նարեկ Պողոյանը պատասխանեց.

- Ճիշտն ասած, եթե չեմ սխալվում՝ այո։

- Չգիտե՞ք կուսակցության անդա՞մ եք, թե՞ ոչ։

- Կարծեմ ինչ-որ նման գործընթաց եղել է, բայց այս պահին չեմ կարող Ձեզ հստակ ասել։

- Այսինքն՝ ոչ Ձեր ցանկությա՞մբ։

- Չէ, իհարկե, իմ ցանկությամբ, բայց ուզում եմ ասեմ՝ այդ գործընթացը ես չեմ կարող Ձեզ այս պահին հստակ ասել։

«Լիլանարմ» ընկերությունը գործում է 2000 թվականից։ Գործունեության տեսակի համաձայն՝ ընկերությունը զբաղվում է շինարարության ավարտական փուլի աշխատանքներով։ 2015 թվականից մասնակցում է պետական գնումների, սակայն սկսել է հաղթել և ակտիվ պայմանագրեր կնքել 2018 թվականից, հիմնական պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է։ 

Ստորև «Լիլանարմ» ընկերության՝  պետական գնումներում հաղթած մրցույթների թիվն է՝  2015 թվականից սկսած։

Միայն 2023 թվականին ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ կնքել է 18 պայմանագիր։

«Ինֆոքոմի» հետ զրույցում Նարեկ Պողոյանը նշեց, որ անհնար է իր քաղաքական պատկանելիությունը որևէ ձևով կապ ունենա պետական գնումներում հաղթող ճանաչվելու հետ. «Նայեք բոլոր շինարարական կազմակերպություններին, որոնք աճի տենդենցով են աշխատում, բոլորի մոտ 2018 թվականից կամ 2021 թվականից հետո էական տարբերություն կա։ Իսկ «Լիլանարմի» մասով կարող եք ուսումնասիրել ցանկացած մրցույթ, առաջարկել ենք էժան գին, հաղթել ենք, չենք առաջարկել, չենք հաղթել։ Ինչքան որ հաղթել ենք, մոտ երկու այդքան էլ մրցույթների ենք մասնակցել ու չենք հաղթել։ Այստեղ որևէ քաղաքական գիծ ընդհանրապես տեսանելի չէ»,- ասաց Պողոյանը։

Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը նույնպես այստեղ շահերի բախում չի տեսնում՝ ասելով, որ ցանկացած անձ էլ կարող է ցանկացած կուսակցության անդամ լինել ու մասնակցել ցանկացած մրցույթի, եթե իր փաստաթղթերը համապատասխանում են օրենսդրությանը։ «Մենք կապալառու բազմաթիվ ընկերությունների հետ ենք համագործակցում, որոնց մեջ կան տարբեր քաղաքական հայացքների մարդիկ։ Քանի որ մենք տվյալ դեպքում կատարում ենք համայնքային ծառայություն, հարցը չենք քաղաքականացնում»,- մեզ հետ զրույցում նշեց վարչության պետը։

Անդրադառնալով ընկերության՝ Քաղաքապետարանի մրցույթներում ակտիվ հաղթելուն՝ Տիգրան Գեղամյանը նշեց. «Մրցույթները տեղի են ունենում «Գնումների մասին» օրենքին համապատասպան՝ բաց, թափանցիկ ընթացակարգով։ Տվյալ մրցույթի հաղթող է ճանաչվում նվազագույն գին առաջարկած կազմակերպությունը։ Տվյալ ընկերությունը բազմաթիվ մրցույթներում նվազագույն գին է առաջարկել, դրա համար էլ հաղթել է, այլ պատասխան չկա ու չի էլ կարող լինել»,- պնդում է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

 

«Լիլանարմ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը հետագայում ավելացել է, իսկ մատակարարվող ծառայությունները՝ փոփոխվել

Չնայած Երևանյան լճի աջակողմյա ափի բարեկարգման պայմանագիրը կնքվել է շուրջ մեկուկես տարի առաջ, իսկ հանգստյան գոտին շուրջ մեկ տարի է՝ պատրաստ է  շահագործման՝ գնումների էլեկտրոնային համակարգում մինչ օրս տեղադրված չէ գնման պայմանագիրը։ Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչությունից «Ինֆոքոմին» տրամադրեցին պայմանագիրն ու համաձայնագրերը։ Վարչության պետ Տիգրան Գեղամյանի պնդմամբ համակարգում պայմանագրի բացակայությունը տեխնիկական վրիպակ է. «Եթե ինչ-որ խնդիր լիներ, ընդհանրապես ոչ մեկը չէր տրամադրի, բայց դա բաց տեղեկություն է, ու մենք պատրաստակամ ենք բոլորին տրամադրել, այդ մասով խնդիր չունենք»։ Պայմանագիրը մեզ ուղարկվել է փետրվարի 23-ին։ Առնվազն այդ օրվանից Շինբարեկարգման վաչությունը տեղյակ էր, որ պայմանագիրը համակարգում տեղադրված չէ։ Ավելի քան երկու շաբաթ անց՝ մարտի 11-ի դրությամբ, «տեխնիկական վրիպակը» չի շտկվել։

Պայմանագրի համաձայն՝ բարեկարգման աշխատանքները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 18-ին։ Դրանք պիտի ավարտվեին 180-րդ օրացույցային օրը՝ 2023 թվականի ապրիլի 16-ին։ 

«Լիլանարմ» ընկերությունը նախ տարածքում պետք է իրականացներ քանդման և աղբի տեղափոխման աշխատանքներ, այնուհետև պիտի կառուցեր բետոնե եզրաքարեր, բետոնե գոտիներ, տեղադրեր ճաղավանդակներ, կառուցեր ճեմուղի, հեծանվուղի, մարզահրապարակ, նստատեղերով հարթակ, տեղադրեր նստարաններ, աղբամաններ, մոդուլային զուգարան և լուսավորության համար անհրաժեշտ սարքեր։ Քանդման և կառուցման աշխատանքներին զուգահեռ ընկերությունը պիտի իրականացներ նաև կանաչապատման և ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ։

Պայմանագրից բացի` կողմերի միջև կնքվել է 4 համաձայնագիր, որոնցով ավելացրել են պայմանագրի գինը, նաև փոփոխվել են շինարարական հիմնային պահանջներ. օրինակ՝ կանաչապատում որոշվել է չիրականացնել։ 

Մասնավորապես, առաջին համաձայնագրով սահմանվել է վճարման ժամանակացույցը, որի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը «Լիլանարմ» ընկերությանը պիտի վճարեր գումարի մի մասը՝ 134 մլն դրամ սեպտեմբերին, իսկ մնացած 32 մլն 259 հազար դրամը՝ հոկտեմբերին։

2022 թվականի դեկտեմբերի 30-ին կողմերը կնքել են երկրորդ համաձայնագիրը, որով ավելացվել է կատարվող աշխատանքների ծավալը։ Պայմանագրի գինն ավելացավ ևս 15,989,080 դրամով՝ դառնալով 182,248,878.32 դրամ, որն ընկերությանը պետք է վճարվեր 2022-ի դեկտեմբերին։ 

2023 թվականի մարտի 10-ին՝ աշխատանքների ավարտի սահմանված ժամկետից 1 ամիս առաջ, կողմերի միջև կնքվել է երրորդ համաձայնագիրը, որով փոփոխվել է պայմանագրի ծավալաթերթ-նախահաշիվը։ Ավելացել են որոշ աշխատանքներ, ինչպիսիք են՝ բետոնե եզրաքարերի տեղադրում, բետոնե աստիճանների և տախտակամածի կառուցում։ Ամբողջովին հանվել է կանաչապատման աշխատանքների հատվածը, սակայն ոռոգման աշխատանքների հատվածը մնացել է։ 

Եւս մեկ համաձայնագիր կողմերի միջև կնքվել է 2023 թվականի ապրիլի 14-ին, որով աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգվել է 30 օրացույցային օրով՝ ավարտի ժամկետ սահմանելով 2023 թվականի մայիսի 16-ը։ Հենց այդ օրն էլ ստորագրվել է շինարարության ավարտական ակտը, որով շահագործման ընդունող հանձնաժողովը հաստատել է, որ տարածքը պատրաստ է շահագործման։


Ձախից՝ նախագիծը, աջ կողմում՝ ներկայիս պատկերը

Քաղաքապետարանի՝ Երևանյան լճի և հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը մեկնարկի արդեն երրորդ տարում մեծ արդյունքներ ու հաջողություններ չի գրանցել։ Տարածքը հանգստյան գոտու չի վերածվել, չնայած դրա համար կայացել է մրցույթ, կատարվել են աշխատանքներ և բյուջեից ծախսվել էլ ավելի քան 182 մլն դրամ։ 

Ինֆոքոմը կշարունակի հետևել Երևանյան լճի և հարակից տարածքի բարեկարգման ծրագրին՝ ներկայացնելով հաջորդիվ կայացած մրցույթներն ու աշխատանքների արդյունքները։

Հեղինակ՝ Լյուսի Մանվելյան

Լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել