44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ դատական քննությունն այսուհետ կշարունակվի առանց երկու մեղադրյալների մասնակցության։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարնի Շենգավիթի նստավայրում շարունակվում է այս գործով դատաքննությունը․ այսօրվա դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ, ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը միջնորդեց առանց իր պաշտպանյալի շարունակել հետագա դատաքննությունը, ինչը եւ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց։ Նախորդ դատական նիստին էլ մյուս մեղադրյալի՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էր իր պաշտպանյալի վերաբերյալ նման միջնորդությամբ հանդես եկել, այն եւս բավարարվել էր։
Եթե Գոռ Իշխանյանի պաշտպանի միջնորդության հիմքն այն էր, որ դատական նիստերի դահլիճում իրադրությունը լարվում է, եւ իր պաշտպայալի բացակայության դեպքում քննությունն ավելի արագ կընթանա, ապա Մարտիրոսյանի պաշտպաններն իրենց միջնորդությունը ներկայացնելիս նշեցին այն հանգամանքը, որ իրենց պաշտպանյալին մեղսագրվող արարքը միջին ծանրության է, եւ նա կարող է ներկայանալ դատարան, երբ դրա անհրաժեշտությունը կլինի։
Հանրային մեղադրող Գ․ Մղդեսյանը պաշտպան Բայադյանի միջնորդության վերաբերյալ հանդես եկավ նույն մտահոգությամբ, ինչ Գոռ Իշխանյանի պարագայում՝ իսկ ինչպե՞ս է մեղադրյալն ապացույցների հետազոտման ցանկացած պահի իրացնելու ցուցմունք տալու իր իրավունքը, եթե չլինի նիստերի դահլիճում։ Ի պատասխան՝ դատավոր Գաբրիելյանն արձագանքեց, որ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցաքների դեպքում դատական քննությունը կարղ է անցկացվել մեղադրյալի բացակայությամբ, եթե նման միջնորդություն է ներկայացվել, իսկ եթե նրա մասնակցությունը պարտադիր համարվի, դատարանը դահլիճ կհրավիրի մեղադրյալներին, կհետաքրքրվի համապատասխան դիրքորոշման մասին։ Միջնորդության բավարարումից անմիջապես հետո մեղադրյալ Նվեր Մարտիրոսյանը լքեց նիստերի դահլիճը։
Դրանից հետո դատարանը հայտարարեց հիմնական դատալսումներ նշանակելու որոշման մասին, եւ հանրային մեղադրողը ներկայացրեց Գոռ Իշխանյանի եւ Նվեր Մարտիրոսյանի մեղադրական եզրակացությունները։
Ըստ մեղադրական եզրակացության՝ հրամանատարները պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, ինչի հետեւանքով զոհվել է 73 զինծառայող
Գոռ Էդուարդի Իշխանյանը, որը ծնվել է 1971թ․-ի ապրիլի 3-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում, զբաղեցրել է ՊԲ N զորամասի հրամանատարի պաշտոնը։ Նա մեղադրվում է այն արարքի համար, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։
Գոռ Իշխանյանը, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն ի պաշտոնե իրավասու է եղել տալ հրամաններ, կարգադրություններ եւ ապահովել դրանց կատարումը։ Մասնավորապես, ինչպես ներկայացրեց հանրային մեղադրողը, Գոռ Իշխանյանը ՊԲ հրամանատարի 2020թ․ հոկտեմբերի 11-ի N գաղտնի հրամանի համաձայն մարտական խնդիր կատարելու համար պետք է մեկ հրաձգային վաշտ ուղարկեր ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության ներքո Հադրութի շրջանի ճանապարհների խաչմերուկի «9-րդ կմ» կոչվող տեղամաս։
«ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն՝ մինչեւ ենթականերին հրաման տալը՝ Գոռ Իշխանյանը պարտավոր էր համակողմանիորեն գնահատել իրադրությունը, մանրակրկիտ ուսումնասիրել ՊԲ հրամանատարի կողմից տրված մարտական կարգադրությունը եւ իր կողմից տրվող մարտական կարգադրությունում պահպանել ՀՀ ՊՆ N հրամանով հաստատված մարտական կանոնադրության 1-ին մասի եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի N դիրեկտիվով մարտական կարգադրությանը ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները՝ այն է՝ մեկնող անձնակազմին տրամադրել հակառակորդի վերաբերյալ գնահատումից բխող հակիրճ եզրակացություններ, երթի սկսման եւ ավարտման ժամեր»,- ներկայացրեց մեղադրողը՝ նշելով, սակայն, որ մարտական կարգադրության կազմման եւ կատարման սահմանված պարտադիր պահանջները կատարելու փոխարեն՝ Գոռ Իշխանյանը սահմանված պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել դրանք, այլ կերպ ասած՝ ՊԲ հրամանատարի մարտական կարգադրության հիման վրա զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտին տրված մարտական կարգադրությունում չի ներառել եւ պահպանել վերը նշված պարտադիր պահանջները։
Բացի դրանից, ըստ մեղադրական եզրակացության, մարտական կարգադրությունն ի սկզբանե տվել է բանավոր եղանակով, որի դեպքում եւս չեն նշվել մարտական կարգադրությանը վերաբերելի՝ վերը հիշատակված պարտադիր պահանջները։ Գոռ Իշխանյանը, հանդիսանալով ՊԲ N զորամասի հրամանատար, անձնակազմի կողմից երթը սկսելուց հետո որեւէ եղանակով չի վերահսկել անձնակազմի տեղաշարժը, ինչպես նաեւ միջոցներ չի ձեռնարկել ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության հետ համագործակցությունը կազմակերպելու ուղղությամբ, որոնց արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ՝ ՊԲ N զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 զինծառայողներից բաղկացած անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով 2020թ․ հոկտեմբերի 11-ին կեսօրին անցել է Հադրութի «9-րդ կմ» կոչվող ճանապարհների խաչմերուկ տեղամասը եւ հայտնվել Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության եւ դիվերսիոն գործողությունների հետեւանքով անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։
Նվեր Վիտալիի Մարտիրոսյանը, որը ծնվել է 1976 թվականի մայիսի 23-ին ԼՂ Մարտունի քաղաքում, զբաղեցրել է ՊԲ օպերատիվ բաժնի պետի պաշտոնը, կոչումով գնդապետ է, ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Նա մեղադրվում է այն արարքի համար, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ եւ ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։
Մասնավորապես, Նվեր Մարտիրոսյանը 2017-ի դեկտեմբերից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 26-ը, զբաղեցնելով ՊԲ օպերատիվ բաժնի պետի պաշտոնը, հոկտեմբերի 11-ին ՊԲ հրամանատարի կողմից խնդիր է ստացել պատրաստել մարտական կարգադրություն՝ ՊԲ N զորամասից մեկ վաշտ ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի ենթակայության ներքո ուղարկելու վերաբերյալ։ Նվեր Մարտիրոսյանը նույն օրը ՊԲ հրամանատարի ստորագրմանն է ներկայացրել թիվ 08 մարտական կարգադրությունը, համաձայն որի՝ մարտական խնդիր կատարելու համար ՊԲ N զորամասից պետք է մեկ վաշտ համապատասխան երթուղով մեկներ Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցներ ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի ներքո, մինչդեռ, ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, Մարտիրոսյանը, անփույթ վերաբերմունք դրսեւորելով իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, դրանք կատարել է ոչ պատշաճ, ՊԲ հրամանատարի ստորագրմանը ներկայացված մարտական կարգադրության մեջ չի նշել հակառակորդի վերաբերյալ գնահատումից բխող հակիրճ եզրակացություններ, երթի սկսման եւ ավարտման ժամը, որի հետեւանքով ՊԲ հրամանատարի կողմից արձակած մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի կողմից զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտին նույն օրը տրվել է մարտական կարգադրություն, որում, ինչպես նշեցինք վերեւում, վերջինիս կողմից նույնպես չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։
«Այնուհետեւ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի հրամանատարի կողմից ՊԲ օպերատիվ շտաբ զեկուցվել է անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, եւ վերջինս տվել է հանձնարարություն՝ վաշտի երթի վերաբերյալ տեղեկատվությունը 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին փոխանցելու վերաբերյալ, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանը մինչ այդ եւ դրանից հետո միջոցներ չի ձեռնարկել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության հետ համագործակցությունը կազմակերելու ուղղությամբ, երթի սկսման վերաբերյալ չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ (73 զինծառայողները զոհվել են Այգեստան գյուղում,-հեղ․)»,- նշեց հանրային մեղադրող Մղդեսյանը։
Մեղադրյալ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը մեղադրական եզրակացությունը լսելուց հետո հայտարարեց, որ ներկայացված մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը։ Նա նշեց, որ Մարտիրոսյանը հետագայում իր ցուցմունքում կներկայացնի բոլոր հանգամանքները։
Գոռ Իշխանյանի պաշտպանը կարծում է՝ վարույթն իրականացնող մարմինը փորձել է ծածկադմփոց անել
Մեղադրյալ Գոռ Իշխանյանի պաշտպանը հայտարարեց, որ վարույթն իրականացնող մարմինը, «գտնելով» մեղավորներ, փորձել է ծածկադմփոց անել․ «Բայց իրականում գործի մեղադրանքը լսելիս նկատում ենք, որ բազմաթիվ դիտավորյալ գործողությունների մեջ հանկարծ որոշվեց, որ Գոռ Իշխանյանն անզգույշ արարաք է կատարել, եւ մեր զոհերի պատճառը եղել է ինքը»,- ասաց պաշտպանը։
Նա հայտարարեց, որ քննությամբ առաջին հերթին պետք է պարզել՝ ընդհանրապես իրավաչա՞փ է եղել դիվիզիան «9 կմ» կոչվող տեղանքի ուղղությամբ ուղարկելու՝ Ջալալ Հարությունյանի հրամանը․
«Մեղադրողը հրապարակում է մեղադրանքը, բայց ընդհանրապես ոչինչ չի խոսում Ջալալ Հարությունյանի կարգադրության մասին։ Տվյալ կա, պարզ օրինակ, որ շրջանցվեց․ գործընկերները որպես ապացույց ներկայացրել են Մարտական կանոնադրություն համար մեկը, որով կարգավորվում են բոլորի լիազորությունները, այնտեղից նշումներ են արել, թե ինչ պարտականություն ուներ Գոռ Իշխանյանը, այդ նշումներից մի պարտականություն ասեմ․ էդ Մարտական կանոնադրության մեջ հստակ գրված է՝ երբ զորքն անցնում է պաշտպանության, պաշտպանության դեպքում անպայման ինժեներական արգելափակոցներ են դրվում։ Գրված է, որ ուրիշ ՊՇ ուղարկեց զորքին, մինչեւ վերջ հետեւողական չեղավ զորքի ճակատագրին, բայց Գոռ Իշախնյանը կատարել է Ջալալ Հարությունյանի հրամանը, մյուս կողմից էլ պիտի գնային (զորքը,-հեղ․) Կարեն Առուստամյանի մոտ։ Մինչեւ էս երեխեքի էնտեղ հասնելը էնտեղ գնացել է հակատանկային դասակ, որը մինչեւ «9 կմ» հասնելը հակառակորդի կողմից ռմբակոծվել է»,- հայտարարեց Գոռ Իշխանյանի պաշտպանը։ Ըստ նրա հայտնած տեղեկությունների՝ Կարեն Առուստամյանը եկել, ասել է՝ անցնել պաշտպանության, իսկ Մարտական կանոնադրության համաձայն՝ այդ ժամանակ ամբողջ ճանապարհը պիտի փակվեր, մինչդեռ չի փակվել։ Սակայն, ըստ պաշտպանի, Կարեն Առստամյանը եւ նրա կողմնակիցները, հասկանալով Կանոնադրության այդ պահանջը, հետաքրքիր մոտեցում են ցուցաբերել՝ բոլորը հանկարծ ասելով, թե Առստամյանը փակել է տվել ճանապարհը․ «Իրենք հասկանում են, որ տղերքի գալուց առաջ, եթե էդտեղ ռմբակոծվել է, ճանապարհը վտանգավոր է եղել, եւ Մարտական կանոնադրությունը պահանջում է, որ ճանապարհը փակես՝ անգամ յուրայինները չգնան վտանգի տակ։ Դրա համար էդպիսի ցուցմունք են տալիս»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ պարզվում է՝ ռմբակոծության տակ հայտնված տղաները հայտարարել են, որ ճանապարհը չի էլ փակվել։
«Հիմա, որ հարգարժան քննչական մարմինն էդ տվյալը տեսնում է, որ Կարեն Առստամյանը, Ջալալ Հարությունյանը չորս ժամ առաջ էդ տվյալը տեսել են, տեսել են՝ վտանգավոր է, թուրքը գրավել է, ինչի՞ են էդ ճանապարհով ուղարկել, ու էդ ճանապարհն արգելափակված չի եղել։ Սա մի հարց է, որ անպայման քննության առարկա պիտի դարձվի»։
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ նշված մարդիկ՝ Կարեն Առստամյանն ու Ջալալ Հարությունյանը, դատակոչված են որպես վկա, նրանք կհրավիրվեն հարցաքննության եւ պաշտպանի բարձրաձայնած բոլոր հարցերը, որոնք, ըստ նրա, նախաքննության մարմինը վեր չի հանել, կհնչեցվեն։
Դատարանն անցավ ապացույների հետազոտման փուլին, հանրային մեղադրողը սկսեց ներկայացնել ապացույցները՝ այսօրվա դատական նիստում, մասնավորապես, ընթերցելով մարտական կանոնադրության՝ գործին վերաբերելի հոդվածները։ Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 20-ին՝ առավոտյան 9:30։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)