Բռնի տեղահանված անձանց 40+10 հազարական դրամով աջակցության ծրագիրը առնվազն մինչեւ տարվա վերջ կշարունակվի. Փաշինյան
14:41 - 12 մարտի, 2024

Բռնի տեղահանված անձանց 40+10 հազարական դրամով աջակցության ծրագիրը առնվազն մինչեւ տարվա վերջ կշարունակվի. Փաշինյան

Բռնի տեղահանված անձանց 40+10 հազարական դրամով աջակցության ծրագիրը շարունակվելու է, առնվազն մինչեւ տարվա վերջ կերկարացնենք: Այս մասին ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ տարվա վերջում հետագայի մասին կմտածեն։ Անդրադառնալով բնակարանային ծրագրին, նա նշեց՝ հարցը հանրային քննարկման փուլում է․

«Մենք ինչ-որ նախնական դիզայն արել ենք, բայց վերջնական որոշումները կկայացնենք՝ լսելով տարբեր կարծիքներ եւ վերլուծելով, բայց մեր տրամաբանությունն այն է, որ եթե մենք  բնակարանային այս ծրագիրն անենք միայն ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար, կարող է լարում ստեղծվել հանրության ներսում, որովհետեւ կան բազմաթիվ մարդիկ, որոնք նույն խնդիրն ունեն՝ ՀՀ քաղաքացի լինելով, եւ մենք ուզում ենք մի ծրագիր ձեւավորել, որը հասանելի կլինի նաեւ ՀՀ քաղաքացիներին»։ 

Փաշինյանը բացատրեց նաև, թե իրենց կարծիքով ինչու ԼՂ-ից տեղահանվածները բնակարանային ձեռքբերման ծրագրից օգտվելու համար պետք է քաղաքացիություն ստանան․ 

«Կարծում ենք, որ առանց դրա էլի կարող է լարում ստեղծվել, որովհետեւ մարդիկ կարող են ասել՝ մեզ բնակարան, օրինակ, չեք տալիս, մեր երեխաները ծառայում են բանակում, ինչու պետական բյուջեից աջակցություն ստացող մեր մյուս հայրենակիցների զավակները չպիտի ծառայեն բանակում, մենք ուզում ենք սա չլինի»։

Վարչապետը անդրադարձավ նաև բնակարանների համար տրամադրվող գումարի չափին՝ նշելով, որ երեք մլն դրամը դիտարկում են որպես բազային չափ, որի վրա կարող են լինել եւ ըստ ամենայնի կլինեն գործակիցներ․ «Ըդն որում դրանք կարող են տարբեր լինել՝ այդ թվում ընտանիքի բազմազավակության հետ կապված, զոհվածի ընտանիք լինելու հետ կապված, բայց կարող են կապվել նաեւ կոնկրետ բնակավայրերի հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել