2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին լուծել Հայաստանի հարցը․ վարչապետ
 |armenpress.am|
17:06 - 12 մարտի, 2024

2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին լուծել Հայաստանի հարցը․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Նիկոլ Փաշինյանը նաև պարզաբանեց, թե ինչու է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայտարարել, որ այդ պահին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։ Մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն այդ հայտարարությունը արել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերին Լեռնային Ղարաբաղում մնալու հնարավորություն ստեղծվի։

«Ես տեսնում էի, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը դուրս գան րոպե առաջ։ Եվ իմ ուղերձն այն էր, որ պետք չի րոպե առաջ դուրս գալու մասին մտածել, որովհետև դուրս գալու սցենարը միշտ էլ կա՝ այսօր, վաղը։ Եվ այդ պահին ռազմական գործողությունները դադարեցված են եղել, ինչը չի նշանակում, որ մենք քաղաքական գնահատականը փոխել էինք էթնիկ զտումների վտանգի։ Իմ հայտարարությունից հետո չեմ հիշում Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության շրջանում սպանություններ եղե՞լ են, թե՞ ոչ։ Ցավալի դեպք եղավ բենզալցակայանի հետ կապված, որը էլի րոպե առաջ դուրս գալու տրամաբանության մեջ էր, երբ ամբողջ կառավարումը կորցնելով, մարդկանց ասում էին՝ գնացեք, այդ անգարներից բենզին վերցրեք՝ առանց վերահսկողության և առանց որևէ բանի»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ օրերին տեսնում էր, որ արտաքին ուժեր կային, որոնք նաև դրդում էին էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին և նրանց աջակցում, որ Լեռնային Ղարաբաղի հայերը րոպե առաջ դուրս գան։ 

«Ի՞նչի համար, որովհետև հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկի մասին և տեսնում էին, որ Հայաստանում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար և նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել Հայաստան, որպեսզի այստեղ հեղափոխություն տեղի ունենա։ Եվ միջին վիճակագրական լրահոսի ընթերցողը սա կտեսներ և չի կարող չտեսնել մինչև օրս։ Եվ այդ նկրտումները շարունակվում են։ Չստացվեց՝ էլի կփորձենք»,- եզրափակեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին լուծել Հայաստանի հարցը և փակել այն ամբողջությամբ։ 

«1996 թվականից Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել և 2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին Հայաստանի հարցը լուծեն և փակել ամբողջությամբ։

Ավելին ասեմ՝ ինչպես եղավ, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժեցին այն ժամանակ, երբ խորհրդարանը լուծարված էր և վարչապետը հրաժարական էր տվել՝ երկրում ո՛չ խորհրդարան կար, ո՛չ կառավարություն։ Ի՞նչու դա տեղի ունեցավ 2021 թվականի մայիսի 12-ին, երբ բոլոր որոշումները ուժի մեջ էին մտել։ Օրինակ՝ ինչո՞ւ մայիսի 5-ին, մայիսի 2-ին, ապրիլի 30-ին, ապրիլի 25-ին տեղի չունեցավ։ Այդ հարցը չի կարող չծագել։ Եվ մյուս կողմից էլ ասում էին, թե ինչո՞ւ ռազմական գործողություններ չեն սկսում, գնացեք։ Պատասխանը շատ պարզ է՝ ամբողջ հաշվարկը դրա մեջ էր, որ պատերազմ սկսվի, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չլինի ընտրություններ անցկացնել և որի արդյունքում 2021 թվականի ամռանը դե-յուրե և դե-ֆակտո տեղի կունենա Հայաստանի Հանրապետության լուծարում։ Սա է ամբողջ պատմությունը և այս պատմությունը 2018 թվականին չի սկսել։ Այս պատմությունը սկսել է 1996 թվականից, զարգացել 1999 թվականի հոկտեմբերի 27-ով, 2003 թվականի, 2008 թվականի իրադարձություններով և այդպես շարունակ»,- ընդգծեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել