«Ես շատ դառնացած եմ էդ թեմայով, շատ դառնացած եմ և իմ պարտքն եմ համարում, որ նման բան այլևս չկրկնվի։ Եվ նաև ներողություն եմ խնդրում հանրությունից, նաև նվիրատուներից։ Մեր մտքով էլ չի անցել է, և ենթադրում եմ անողներն էլ չի․․․ Մարդկանց պիտի ասենք՝ լսեք, ձեր անունը պետք ա հրապարակվի, դուք պետք ա իմանաք, որ դուք նվիրատվություն եք անում։ Մենք պետք ա ասեինք նաև, որ գիտեք ինչ, ընկերոջ անունով չի կարելի։ Կամ դուք արեք, կամ մի արեք։ Որովհետև մարդ կա, ինքն էլ մտածել ա՝ լավ ինչիս ա պետք, զանգեմ մեր Դերոյին, ասեմ Դերո ջան, քո անունով․․․ կամ չասեմ էլ էլի, մեր Դերոն ա հիմի, հազար տարվա ընկեր ենք հիմի, տենց թեթև բանը ինչի պիտի ասեմ։ Մենք չգիտենք, ասենք անձնագրի տվյալը գրել ա չէ, կարող ա ասի Դերո ջան, մի հատ անձնագիրդ քսերոքս արա, մի հատ նկարի, ուղարկի։ Հիմի էլ էն թիվը չի էլի, որ հնարավոր չլինի. վայրկյանների գործ ա։ Պրոբլեմ կա՞, կա։ Չի կրկնվի, խոստանում եմ»։
Սա հատված է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսից։ Նա մեկնաբանում է «Ինֆոքոմի» վերջերս հրապարակած հետաքննությունն այն մասին, թե ինչպես է իշխող ՔՊ կուսակցությունն օգտագործել գործընթացից անտեղյակ քաղաքացիների տվյալները և կազմակերպված մեխանիզմի միջոցով անհայտ ծագման միլիոնավոր դրամներ ուղղել կուսակցության նախընտրական քարոզչությանը(Հարցը և պատասխանն ամբողջությամբ` այստեղ)։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Հայաստանի վարչապետ Փաշինյանն արձանագրում է, որ քարոզչության ֆինանսները հավաքագրվել են «Դերոների» անձնագրերի պատճենների միջոցով, և այդ «Դերոները» տեղյակ չեն եղել, որ իրենք նվիրատվություն են անում ՔՊ-ին։ Հետևապես, նվիրաբերված միլիոնավոր դրամների ծագման աղբյուրը հայտնի չէ։ Չնայած դրան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը և ՆԳՆ ոստիկանությունը հանցանքի և զանցանքի հատկանիշներ այդ գործողություններում չեն հայտնաբերել։
Իրավապահ մարմիններն առնվազն պետք է փորձեին պարզել անտեղյակ քաղաքացիների անուններով փոխանցված անհայտ ծագման գումարների աղբյուրը։
«Ինֆոքոմն» առաջիկայում կանդրադառնա նաև նվիրատվությունների ծագումը պարզելու պետական մեխանիզմներին և կարգավորումներին։
comment.count (0)