Ստանձնել եմ Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված ՔՊ կուսակցության գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ենթադրյալ ահաբեկչության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ Գագիկ Սարգսյանի շահերի պաշտպանությունը, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Ի հեճուկս ՀՀ Քննչական Կոմիտեի տարածած տեսանյութի (հղումը` մեկնաբանություններում), և պահպանելով նախաքննության գաղտնիությունը` ցանկանում եմ ներկա պահին հայտնել, որ պաշտպանյալս` Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին` մեր գնահատմամբ մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատախանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես` հայտնի չէ, թե Գ. Սարգսյանը հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել նշյալ հանցակազմի իմաստով, ուստի ՔԿ ֊ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե《 ... ահաբեկչության դեպքերը բացահայտվել են》խստագույնս չափազանցված է։
Լիահույս ենք` հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու և կալանքի հիմքերի բացակայության պայմաններում առաջիկա ժամերին Դատարանը կմերժի կալանավորման միջնորդությունը»,- գրել է փաստաբանը սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու և այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը:
Նշված արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:
comment.count (0)