Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչախետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանը։
Վերջինս Le Figaro-ի հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, պատասխանել է․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։
Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։
«Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որ նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ կամա, թե ակամա՝ դա ուրիշ հարց է, բայց պետք է պատասխան ստանա։
ՀՀ-ում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքում թերացել են։
Սա ուղղակի հայտարարություն չէ, որ պարզապես հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է, և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա, առանց անուններ նշելու, ասել է, թե նրանք, ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են․ «Եվ տեսել ենք՝ ինչ են արել այդ հնարավորության հետ»։
«Ասենք ամեն մեկը գնա, մի բնակարան վարձեն, ցուցանակը կպցնեն, ասեն՝ մենք էս ինչի կառավարությունն ենք; Պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ-ի կողմից»,- եզրափակել է Փաշինյանը։
comment.count (0)