Նոր թունելներ ու դպրոցներ, հին «Հյուսիս-հարավ»․ կառավարության անկատար խոստումները
 |civilnet.am|
16:17 - 31 մարտի, 2024

Նոր թունելներ ու դպրոցներ, հին «Հյուսիս-հարավ»․ կառավարության անկատար խոստումները |civilnet.am|

civilnet.am: Պետական մարմինները վերջին տարիներին հանդես են եկել շինարարական մի շարք հավակնոտ նախագծերով, որոնք, սակայն, թերի են իրականացվել կամ անգամ չեն մեկնարկել։

#CivilNetCheck-ը առանձնացրել է մի շարք նախագծեր, որոնք արդեն պետք է մեկնարկած կամ ավարտված լինեին, և փորձել է պարզել՝ ինչ փուլում են դրանք։

Հյուսիս-հարավ ճանապարհ

Շուրջ 15 տարի առաջ մեկնարկած «Հյուսիս-հարավ» ճանապարհի որոշ հատվածների կառուցման աշխատանքներն այս իշխանությունների օրոք նույնպես դանդաղ են ընթանում։

«Հյուսիս-հարավ» նախագծի չորրորդ տրանշի (Արտաշատ-Սիսիան, Սիսիան-Քաջարան, Քաջարան-Ագարակ)՝ Սյունիքի հատվածում աշխատանքները նախատեսված էր բաժանել երեք մասի՝ Սիսիանից Քաջարան, Քաջարանի թունել, Քաջարանից Ագարակ: Հայտարարվում էր, որ շինարարությունը պետք է իրականացվի ՀՀ կառավարության և միջազգային մի շարք բանկերի համաֆիանանսավորմամբ։

Սիսիան-Քաջարանի շինարարությունը չի սկսվել

Կառավարությունը դեռ 2021-ին Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը սահմանել էր որպես առաջնահերթություն։ 2022-ի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց 70 օր տևող նախաորակավորման մրցույթի մասին, որից հետո պիտի սկսվեր շինարարության աշխատանքների մրցույթը։ Մրցույթները բազմիցս հետաձգվել են։

60 կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան մայրուղին «Հյուսիս-հարավ» ճանապարհի չորրորդ տրանշի ամենաբարդ հատվածներից է, որը պետք է ներառի 12 թունել և 27 կամուրջ ու կունենա։ 2023-ի տարեվերջյան զեկույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ այդ հատվածի կառուցման ուղղությամբ կան մասնագիտական վեճեր, որոնց պատճառով շինարարությունը հետաձգվում է։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) հայտնել են, որ տվյալ պահին իրականացվել է միայն հատվածի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների լրացուցիչ գնահատում ու պատրաստվել է կառուցման մանրամասն նախագիծը։ Ֆինանսավորման վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են, և հստակեցումից հետո կհայտարարվի մրցույթ շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների համար։

Այս հատվածի շինարարությունն պետք է սկսվեր 2023-ի աշնանը։ Սակայն հոկտեմբերին նոր միայն կնքվեց շինարարության պայմանագիր իրանական ընկերությունների հետ։

2024-ի փետրվարին Ճանապարհային դեպարտամենտը հայտնեց, որ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է, իսկ մարտին, թե հատվածում կատարվում են «մոբիլիզացիոն ու նախապատրաստական աշխատանքներ»։

ՏԿԵՆ-ից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ մոբիլիզացիոն աշխատանքները կտևեն նվազագույնը երկու ամիս, իսկ շինարարությունը կմեկնարկի բարենպաստ եղանակային պայմանների դեպքում։

Մոդուլային դպրոցների կառուցումը չի մեկնարկել

 

Բացի ճանապարհներից՝ կառավարությունը վերջին տարիներին ակտիվ խոսում է դպրոցների կառուցման և վերակառուցման տարբեր նախագծերի մասին։

2022-ի նոյեմբերին կառավարությունը որոշեց կրթական բարեփոխումների շրջանակում Սյունիքի մարզի Կապան համայնքի 13 բնակավայրում կառուցել 13 մոդուլային դպրոց։

ԿԳՄՍՆ-ից հայտնեցին, որ 13-ի փոխարեն ընտրվել է յոթ բնակավայր, որտեղ նոր դպրոցների շինաշխատանքները կմեկնարկեն 2024-ին։ Ընտրվածներից վեցի կառուցման համար մրցույթները դեռ չեն կայացել, ու պետք է նոր մրցույթներ հայտարարվեն։

Մոդուլային դպրոցների հարցին վերջերս անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր մոդուլային դպրոցներն իրականում փոքր շինարարություններ են: Ինդուստրիալ տրամաբանության մեջ եթե դնեն, շատ արագ կարելի է կառուցել, ամեն դեպքում ժամկետները կիսով չափ կրճատել և դուրս գալ: Հիմա, եթե նույն շինարարություններն այդքան հետաձգվում են, դա կոնկրետ տնտեսական ազդեցություն է ունենում բոլորի վրա: Պետք է գնանք առաջ և լուծենք այս հարցը»,- նշել էր Փաշինյանը։

Մոդուլային դպրոցների կառոիցումը ավելի խոշոր՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի առաջին փուլի մաս է։

Ավելի մանրամասն՝ civilnet.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել