news.am: Գործընթացը նման է բանակցությունների իմիտացիայի, մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց «Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը:
«Ենթադրությունները թողնում եմ ձեզ: Մեզ առաջարկում են անկախ միավոր հանդիսանալ և դրա հետ կապված ոչինչ չեն անում: Մենք մոտ 1 ամիս բանակցել ենք փոխնախարարի հետ և վերջին հանդիպման ժամանակ փոխնախարարը հայտնել է, որ իրենք արդեն պետռեգիստր են դիմել: Միևնույն ժամանակ մենք պայմանավորվել ենք, որ այդ ընթացքում ոչ մի մամուլի ասուլիս բանակցելու ընթացքում չենք տալիս և ոչ մի գործողություն չենք անում, դատական նոր հայցեր չենք ներկայացնում:
Պարզվեց, որ իրենք տակից արդեն դիմել են պետռեգիստր և «Գոյ» թատրոնի, որպես ՊՈԱԿ գործունեությունը դադարել է: Ստացվում է, որ իմիտացիա էր այս ամենն ու իրենք ուղղակի ժամանակ էին ձգում, որպեսզի ապօրինաբար ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնեն»,- ընդգծեց դերասանը:
Աշոտ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ որոշման մեջ պարզ գրված է, որ ընդունում-հանձնումը երկու ՊՈԱԿ-ների միջև պետք է լինի և այդ ստորագրությունների հիման վրա դիմում ներկայացվի պետռեգիստր: Առանց այդ ստորագրությունների մարդիկ դիմել են պետռեգիստր և դադարեցրել են:
«Երբ ԱԺ-ից հայտարարում են, որ իրենք որոշեցին դատարաններից գործերը հետ չվերցնեն, մենք մեր պայմանավորվածությունները գործողություններ չանելու մասով ազնվորեն պահել ենք, բայց արդեն հարուցված դատական գործերը մենք ի պաշտպանություն մեզ հետ չենք վերցրել ու հետ վերցնելը մեր կողմից հիմարություն կլիներ: Դատական գործը դատարանում՝ իրենք մեզ խաբեցին, պատկերացնո՞ւմ եք գործերը, եթե հետ վերցնեինք, ընդհանրապես չէին շփվի մեր հետ»,- եզրափակեց դերասանը:
Հարցին՝ հանդիպե՞լ են դերասանները նոր նշանակված տնօրեն Կարեն Սիմոնյանի հետ, պատասխանեցին, որ նշանակման օրից երեսը չեն տեսել, աշխատանքի չի գալիս. «Մականունն էլ «թուրք» է, երեւի Արտաշատի հարսանիքի բոլոր զալերում պետք է ման գանք, որ գտնենք»:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:
2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:
«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք առաջարկում են իրենց հնարավորություն տալ գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն, սակայն «Գոյ»-ի բեմում:
comment.count (0)