Այսօր՝ ապրիլի 3-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանին, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանին և էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Կարեն Սարգսյանին։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալները, պատասխանատու ոլորտների պաշտոնատար անձինք։
«Հանդիպման առանցքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելման, հանրային և մասնավոր լողափերում փրկարարական ծառայության կազմակերպման, պետություն-մասնավոր համագործակցության ձևավորման հարցերն էին։
Ողջունելով հյուրերին՝ Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրեց լողասեզոնի ընթացքում հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով Սևանա լճի հանրային լողափերում և Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների ուժերով և միջոցներով շուրջօրյա ջրափրկարարական հերթապահությունները, կատարված աշխատանքները, ինչպես նաև լողափերում փրկարարական ծառայողների կողմից իրականացվող իրազեկման աշխատանքները։
Իր խոսքում տնօրենն անդրադարձավ լողափերում և բուֆերային գոտիներում հսկողության, տվյալ տարածքները շահագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների իրականացման հարցերին՝ կարևորելով հսկիչ-փրկարարի ինստիտուտի ձևավորման և ներդրման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա կանխարգելել ջրային գոտիներում դժբախտ պատահարները, միաժամանակ ապահովել հանգստացողների անվտանգությունը։
ՆԳ նախարարի տեղակալը պատրաստակամություն հայտնեց կազմակերպել փրկարարների, փրկարարական կազմավորումների վերապատրաստման և որակավորման գործընթացը՝ որպեսզի վերջիններս առավելագույն պատրաստված լինեն փրկարարական գործողություններ իրականացնել նշված տարածքներում։
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին նաև ջրային տրանսպորտային միջոցներում տեղորոշման համակարգի տեղադրման, դրանց գրանցման և հաշվառման, ջրային հատվածում՝ անվտանգության գոտիների սահմանման և արգելանշանների տեղադրման, ափամերձ տարածքներում՝ սանիտարական վիճակի համապատասխանության և փրկարարական աշտարակ-դիտակետերի տեղադրման հարցերը։
Ի թիվս այլ հարցերի քննարկվեցին պետություն-մասնավոր գործառույթների տարանջատման և իրականացման, օրենսդրական դաշտի բարելավման, վարչական պատասխանատվության սահմանման, այլ միջոցառումների իրականացման հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)