armenpress.am: Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։ Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ «Պետական ստանդարտացման 2024 թվականի ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2024 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նախարարը նշեց, որ ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14,1 միլիարդ։
«2024 թվականի ընթացքում նախատեսվում է մշակել 39 ազգային ստանդարտ։
Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ նախատեսված է ծրագրի իրականացման վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաշվետվողականություն՝ ապահովելով ստանդարտացման ազգային մարմնի կողմից ծրագրային բաղադրիչների կատարման նկատմամբ Էկոնոմիկային նախարարության մշտադիտարկումը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն տնտեսության կարևորագույն ոլորտներում ազգային ստանդարտների մշակմանը, մասնավորապես՝ տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը՝ որպես թիրախ սահմանելով առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը, արտահանման ծավալների խթանումը, ինչպես նաև էներգախնայողության և էներգարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի, տարածական տվյալների, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, ռազմաարդյունաբերության ոլորտներում աշխատանքի բարելավումը և արդյունավետության բարձրացումը՝ ապահովելով վերոգրյալ ոլորտներում նոր շուկաների ինտեգրվածությունը։
Միաժամանակ, ծրագրի ընդունման արդյունքում կիրականացվեն միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման աշխատանքներ, ինչպես ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։
comment.count (0)