Գյումրիում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները ՌԴ քաղաքացու են առևանգել և ապօրինաբար պահում են 102-րդ ռազմաբազայի տարածքում․ ՀՔԱՎ-ը ահազանգ է ստացել
16:24 - 09 ապրիլի, 2024

Գյումրիում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները ՌԴ քաղաքացու են առևանգել և ապօրինաբար պահում են 102-րդ ռազմաբազայի տարածքում․ ՀՔԱՎ-ը ահազանգ է ստացել

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական ահազանգն է ստացել ՀՀ Գյումրի քաղաքում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից, ՌԴ քաղաքացի Անատոլի Նիկոլաևիչ Շչետինին առևանգելու և 102-րդ ռազմաբազայի տարածքում ապօրինի անազատության մեջ պահելու մասին․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

Ան․ Շչետինը գտնվում է հետախուզման մեջ և ապաստանել էր ՀՀ-ում զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով։

«Ներկայումս, ըստ մեր հավաստի տեղեկությունների, ՌԴ ռազմաբազայի աշխատակիցները պատրաստվում են Շչետինին ինքնաթիռով տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։ Հերթական անգամ ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցնեը, խախտելով ՀՀ օրենսդրությունը, ապօրինի գործողույթուններ են իրականացնում, ՀՀ տարածքում անձին առևանգում են, պահում ապօրինի անազատության մեջ և փորձում են տեղափոխել ՌԴ։ Սույն հայտարարությամբ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ Ներքին գործերի նախարարությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել և ազատել ապօրինի ազատությունից զրկված Ան․ Շչետինին, քրեական հետապնդում իրականացնել առևանգողների նկատմամբ, իսկ Ազգային անվտանգության ծառայությանը՝ միջոցներ ձեռնարկել կանխելու Անատոլի Նիկոլաևիչ Շչետինին բռնի տեղափոխումը ՀՀ- սահմանից դուրս»,- ասված է հաղորդագրությունում։  

Հիշեցնենք, որ նմանօրինակ դեպք էր տեղի ունեցել նախորդ տարվա դեպտեմբերին։ Դարձյալ ՀՔԱՎ-ն ահազանգել էր, որ 102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում անձ է ձերբակալել։ Մասնավորապես 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք։ Դեկտեմբերի 20-ին հայտնի էր դարձել, որ ռուսական կողմը ձերբակալված քաղաքացուն անարգել տարել էր Հայաստանից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել