Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործը դատարանում է․ սկսվել է ապացույցների հետազոտումը
11:30 - 14 ապրիլի, 2024

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործը դատարանում է․ սկսվել է ապացույցների հետազոտումը

Հակակոռուպցիոն դատարանում օրերս սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործով ապացույցների հետազոտումը։

Գաբրիելյանն այդ պաշտոնին է եղել 2019 թ. փետրվարի 4-ից մինչ 2020 թ․ հոկտեմբերի 26-ը, պատերազմի մեկնարկի՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելու նպատակով գտնվել է Ռուսաստանում։ Այնտեղից վերադարձել է սեպտեմբերի 30-ին եւ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Ժիրայր Պողոսյանի՝ 2020 թ. հուլիսի 9-ի թիվ 07 գրավոր եւ 2020թ. հոկտեմբերի 1-ի բանավոր հրամանների հիման վրա՝ ընդգրկվել է մարտական գործողություններում։

Այժմ Գաբրիելյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։ Մասնավորապես, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։

Հովիկ Գաբրիելյանը կալանավորված է եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նյութում կարդացեք՝

  • Ինչում է մեղադրվում փոխգնդապետը 
  • Ինչ ապացույցներ հրապարակեց հանրային մեղադրողը
  • Ինչ միջնորդություն ներկայացրեց պաշտպանը զոհված զինծառայողների մահվան վկայականների առնչությամբ

Ինչում է մեղադրվում փոխգնդապետը

Համաձայն մեղադրական եզրակացության՝ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով գումարտակի բոլոր զինծառայողների ուղղակի պետը, ռազմական դրության պայմաններում հակառակորդի հետ անմիջական մարտի չբռնվելու եւ պաշտպանական բնագիծը թողնելու անձնական այլ շահագրգռվածությամբ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝ իր իշխանական, ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական ու ծառայողական շահերի։ Մասնավորապես, վերադաս հրամանատարությանն իրականությանը չհամապատասխանող զեկույցներ է ներկայացրել, ինչից հետո ստանալով զբաղեցրած բնագիծը չթողնելու եւ պաշտպանությունը շարունակելու՝ ռադիոկապի միջոցով տրված հրաման, առանց ավագ պետի թույլտվության եւ տվյալ պարագայում առանց հիմնավոր անհրաժեշտության նահանջի հրաման է տվել ենթակա ստորաբաժանմանն ու դիտավորությամբ թողել զբաղեցրած պաշտպանական բնագիծը, ինչն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի ոչնչացում եւ այլ ծանր հետեւանքներ: 

Դատավոր Վարդգես Սարգսյանը

Այսպես. 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած եւ վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, համաձայն ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի (այսուհետև՝ նաեւ ԲԿ) պաշտպանական օպերացիայի պլանի օպերատիվ մասում նշված դրույթների, բանակային կորպուսն ունեցել է խնդիր՝ անցնել պաշտպանության Ջաբրիայիլի (նույնն է, ինչ Ջրական, Մեխակավան) շրջանի նախորոշված հատվածում՝ Շուքյուրբեյլի–Ջաբրայիլ ուղղությամբ («Հորովլու-նիշ 602.1՝ հարավ 200 մետր - երկաթբետոնե կամուրջ» բնագիծ)։

Ըստ մեղադրանքի՝ 2020թ. հոկտեմբերի 4-ի երեկոյան Գաբրիելյանը ռադիոկապով զեկույց է ներկայացրել 1-ին բանակային կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանին՝ հայտնելով, որ իբրեւ իր գումարտակի աջ եւ ձախ հատվածները բաց են եւ հակառակորդի զրահատեխնիկան թեւանցել է իրեն, ուստի շրջապատման վտանգի պայմաններում թույլտվություն է խնդրել նահանջել։ Ժիրայր Պողոսյանից, սակայն,  ստացել է պաշտպանական բնագծում մնալու հրաման։

Նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Գաբրիելյանը ռադիոկապով խոսել է նաեւ նույն ԲԿ–ի շտաբի պետ Գեղամ Գաբրիելյանի հետ՝ հայտնելով սննդի եւ զինամթերքի պաշարների սպառման մասին։ Նկատի ունենալով, որ Գաբրիելյանի ենթակա ստորաբաժանումն ունեցել է զինամթերքի բավարար եւ անհրաժեշտ պաշարներ տրված մարտական խնդիրն իրականացնելու համար՝ Գեղամ Գաբրիելյանը հրաման է տվել շարունակել հանձնարարված մարտական խնդրի կատարումը՝ տեղեկացնելով, որ հաջորդ օրը՝ առավոտյան, կիրականացվի լրացուցիչ սննդի եւ զինամթերքի պաշարների մատակարարումը։

Հովիկ Գաբրիելյանը, սակայն, ըստ մեղադրանքի, խախտել է ներքին ծառայության, օպերացիաների նախապատրաստման եւ վարման հրահանգի, մարտական կանոնադրության մի շարք պահանջներ, հանձնարարված բնագծի պաշտպանությունն իրականացնելու փոխարեն հոկտեմբերի 5-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հրաժարվել է կատարել հակառակորդին դիմակայելու, նրան դիմադրություն ցույց տալու եւ վերջինիս առաջխաղացումն այդ ուղղությամբ կասեցնելու նպատակով իր ստացած հրամանները եւ առանց վերադաս հրամանատարների գիտության եւ համապատասխան թույլտվության՝ պաշտպանության անցած ենթակա անձնակազմին հրամայել է թողնել զբաղեցրած բնագիծը եւ նահանջել Հադրութ քաղաքի ուղղությամբ՝ այդ մասին չտեղեկացնելով իրենից աջ կողմում պաշտպանություն իրականացնող հատուկ նշանակության բրիգադի հրամանատար, գնդպետ Վահագն Ասատրյանին եւ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Համլետ Լեւոնյանին։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հովիկ Գաբրիելյանի գործողությունների հետեւանքով հակառակորդը 2020 թ․ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում օգտվել է վերոնշյալ բնագծում շուրջ 2-3 կմ անպաշտպան թողնված հատվածից, անարգել հաղթահարել է այն, «Բանաձուրի խաչմերուկ» տեղանքով անցել դրանից աջ պաշտպանության անցած յուրային անձնակազմի թիկունք, ինչի պայմաններում անակնկալի եկած եւ անպաշտպան մնացած հիշյալ ստորաբաժանումների անձնակազմը փաստացի հայտնվել է շրջապատման մեջ, սկսել է հակառակորդի հետ հարկադրված մարտ վարել, որի ժամանակ էլ արձանագրվել են վերոնշյալ կորուստները։

Ինչ ապացույցներ հրապարակեց հանրային մեղադրողը

Դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը հրապարակեց քրեական գործում առկա գրավոր ապացույցները՝ փաստաթղթերի զննում կատարելու, արտավարութային փաստաթղթեր ճանաչելու եւ լազերային սկավառակ զննելու մասին արձանագրություններ։

Ձախից՝ տուժողի իրավահաջորդ Հրաչիկ Բաղդասարյանը, հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը

Զննված փաստաթղթերը ստացված էին ՀՀ քննչական կոմիտեի գաղտնի գործավարությունից եւ առգրավված Ազգային ժողովի գաղտնի գործավարությունից։ Դրանք վերաբերում էին զորամասերը մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի բերելու, գումարտակի անձնակազմը ոչ լրիվ կազմով՝ 223 հոգով մարտական գործողությունների շրջան ուղարկելու եւ մի շարք այլ հրամանների։ Դրանց թվում էր նաեւ հակառակորդի գնահատման վերաբերյալ եզրակացությունը, որում մանրամասն նկարագրված էր, թե որտեղ եւ ինչ տեսակի հարձակման դեպքում ինչ գործողություններ է պետք ձեռնարկել։

Ապացույցների հրապարակումից հետո Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը կարծիք հայտնեց, որ դրանք ընդամենը փաստում են, որ եղել են մի շարք հրամաններ, որոնցով սահմանված է եղել գործողությունների որոշակի պլան իրադարձությունների հավանական զարգացումների դեպքում, որ եթե այսպես լիներ, պետք է այսպես արվեր․ «Մեզ համար շատ կարեւոր է, որ դատարանը [գնահատի]՝ ինչպես որ պլանավորված է եղել, այդպես ընթացե՞լ է, եւ այդ ընթացքում Հովիկ Գաբրիելյանի վրա դրված պարտականությունը չի կատարվե՞լ, թե՞ այլ իրավիճակ է ստեղծվել, հետեւաբար այդ իրավիճակում ինչպիսի՞ն պետք է լիներ Հովիկ Գաբրիելյանի կողմից ձեռնարկվող գործողությունները՝ որպես հրամանատարի»,– ասաց նա։

Հրապարակված արտավարութային փաստաթղթերը դարձյալ մարտական հրամաններ էին, դրանցից բխող կարգադրություններ եւ գրություններ, իսկ լազերային սկավառակում մարտական գործողություններից մի տեսանյութ էր։ Այն իր բջջային հեռախոսով նկարահանել եւ հետագայում Քննչական կոմիտեին էր տրամադրել հիշյալ փոխգնդապետ, գործով վկա Համլետ Լեւոնյանը, որի անձնակազմը ենթադրյալ հանցանքի հետեւանքով մնացել էր շրջապատման մեջ։ Տեխնիկական միջոցների բացակայության պատճառով տեսանյութը կհետազոտվի հաջորդ նիստում։

Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հայտարարեց, որ տեսանյութը պաշտպանական կողմին չի տրամադրվել եւ իրենց համար պարզ էլ չէ, թե այն որ օրվա որ ժամին է վերաբերում։ Արձագանքելով հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանն ասաց, որ վկան իր ցուցմունքով հստակ հայտնել է դա, բայց քանի որ ինքը ցուցմունք հրապարակելու իրավասություն այս պահին չունի, այդ հարցերի պատասխանները կտրվեն ավելի ուշ։

Ինչ միջնորդություն ներկայացրեց պաշտպանը

Պաշտպան Վրեժ Խաչիկյանը միջնորդեց հետազոտման ենթակա ապացույցներում ներառել զոհված զինծառայողների մահվան վկայանները։ Նա հրապարակեց դրանցում տեղ գտած որոշակի տվյալներ՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Հովիկ Գաբրիելյանի մեղադրանքում նկարագրված արարքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ի գիշերը, մինչդեռ գործով տուժող ճանաչված զինծառայողներից որոշների մահը, ըստ այդ վկայականների, արձանագրվել է դրանից շուտ կամ ուշ․ «Հետագայում նաեւ վկաների ցուցմունքներով պետք է պարզվեն՝ ինչպե՞ս եղավ, որ կոնկրետ մեղադրանքի դրվագը տեղի է ունեցել ամսի 5-ի գիշերը՝ ժ 2-ից հետո, սական մահը գրանցվել է հոկտեմբերի 4-ի ժամը 00։00-ին․․․ Ես ինքս դժբախտաբար մասնակցել եմ Արցախյան պատերազմներին, այդ թվում՝ 44–օրյա, ինչո՞ւ դժբախտաբար, որովհետեւ պատերազմ չպետք է լիներ, եւ որպես կամավոր, որպես պահեստազորային սպա մասնակցելով, ունենալով իմ ջոկատը՝ երբ մարտը դադարում էր, Աստված չանի, անմիջապես զեկուցվում էր վիրավորների եւ զոհվածների վերաբերյալ, որպեսզի վիրավորները դուրս բերվեն, իսկ զոհվածները ուղարկվեն համապատասխան վայր։ Իմ մասնակցության ժամանակ չի եղել, սակայն հետագայում կճշտենք՝ արդյո՞ք եղել է իրավիճակ, երբ մի ամբողջ օր մարտ ընթանա, եւ հնարավորություն չլինի զոհերին կամ վիրավորներին դուրս բերելու»,– ասաց պաշտպանը։

Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը

Զոհված զինծառայող Վաղարշակ Բաղդասարյանի հայրը՝ Հրաչիկ Բաղդասարյանը, այս առնչությամբ նշեց, որ իրենք հրամանատարությունից տեղեկացել են, որ իրենց որդին զոհվել է հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, սակայն երբ ստացել են մահվան վկայականը, գրված է եղել հոկտեմբերի 4․ «Ինձ թվում է՝ տվյալները առանց հրամանատարության կազմել են, շատ բաներ մեզնից էին տեղեկանում»,– ասաց նա։

Վրեժ Խաչիկյանը հայտնեց նաեւ, որ քրեական գործում առկա չէ որեւէ տեսակի տեղեկություն անհետ կորած 3 զինծառայողների՝ Ռոբերտ Գեղամի Ղազարյանի, Նարեկ Լիպարիտի Թովմասյանի եւ Գեւորգ Անտոնյանի մարտական ուղու, խնդրի, ստորաբաժանման վերաբերյալ։ Առկա չեն նաեւ զոհված 3 զինծառայողների՝ Նարեկ Կարենի Հովհաննիսյանի, Տիգրան Խաչատուրի Բարսեղյանի եւ Աղասի Արտավազդի Աղաբաբյանի մահվան վկայականները։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանն առաջարկեց հետագայում համապատասխան միջնորդություն ներկայացնել, որպեսզի դրա հիման վրա դիմեն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն եւ ստանան բացակայող վկայականները։

Հրապարակելով առկա մյուս տեղեկությունները՝ պաշտպանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքների վրա, որ որոշ դեպքերում նշված չէ զինծառայողների զոհվելու հստակ վայրը, որոշ դեպքերում հնարավոր չի եղել որոշել մահվան պատճառը եւ այլն։ Այսինքն՝ ըստ նրա՝ գործի քննության ընթացքում պետք է պարզվի իր պաշտպանյալին մեղսագրված արարքի եւ որոշ զինծառայողների զոհվելու միջեւ եղած ենթադրյալ կապը։ 

Հրապարակված տեղեկությունները՝ ստորեւ․

  1. Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան– զոհվել է 04․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Մեխակավան, պատճառը որոշել հնարավոր չէ
  2. Հակոբ Ասատուրի  Գեւորգյան– զոհվել է 04․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ ԼՂՀ, պատճառը՝ մարմնի չդասակարգված վնասվածքներ
  3. Արման Մխիթարի Զքոյան– ծնված՝ 1992թ․, զոհվել է 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ որովայնի հրազենային, տրավմատիկ եւ հեմոռագիկ շոկ
  4. Մարատ Վլադիկի Խաչատրյան– ծնված՝ 1979 թ․, զոհվել է՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ կրծքավանդակի հրազենային, բեկորային վիրավորում 
  5. Արամ Արթուրի Պողոսյան–ծնված՝ 1997, զոհվել է՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախի Հանրապետություն, պատճառը՝ ներգանգային վնասվածք
  6. Պողոսյան Գոռ Արթուրի– ծնված՝ 04․08․2000 թ․, 05․10․2020 ժ 00։00, վայրը՝ ԼՂՀ մարտական դիրքեր, պատճառը՝ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից առաջացած վնասումներ
  7. Դավիթ Կարենի Խաչատրյան–ծնված՝ 2001 թ․, 04․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Մեխակավան, պատճառը՝ տրավմատիկ եւ հեմոռագիկ շոկ
  8. Վահան Վարդանի Մելքոնյան– ծնված՝ 2001 թ․, զոհվել է՝ 05․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Ջրական, պատճառը որոշել հնարավոր չէ
  9. Մանուկյան Գոռ Կարենի– ծնված՝ 15․03․2001 թ․, զոհվել է 05․10․2020 ժ 00։00, ԼՂՀ մարտական դիրքեր, պատճառը՝ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից առաջացած վնասումներ
  10. Հովսեփ Կարպիսի Պետրոսյան– ծնված՝ 10․10․2000, զոհվել է 04․10․2020 ժ 00։00, Արցախ,  պատճառը՝ կաթվածի եւ այլ տեսակներ
  11. Յուրա Արտյոմի Զաքարյան–ծնված՝ 22․07․2000, զոհվել է 06․10․2020 ժ․ 00։00, Արցախ, Ջրականի զորամասի մոտակայքում, պատճառը՝ գլխի արյունազեղում
  12. Սերժիկ Արտակի Մարգարյան– ծնված՝ 31․10․2000, զոհվել է 05․10․2020, վայրը՝ ԼՂՀ, պատճառը՝ առաջացած վնասումներ ուրիշ ձեւերի պայթյուններից եւ բեկորներից
  13. Սուրեն Բագրատի Համբարձումյան– ծնված՝ 01․01․1992, զոհվել է 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ կրծքավանդակի հրազենային, բեկորային վիրավորում
  14. Սերգեյ Ալիկի Սահակյան– ծնված՝ 23․08․2000, զոհված՝ 06․10․2020, վայրը՝ Արցախ, ըստ հարազատի ցուցմունքի՝ Ջրականի զորամասի մոտակայք
  15. Հենզել Սաշիկի Բադասյան– ծնված՝ 09․06․1981, զոհված՝ 05․10․2020 ժ․ 00։00, վայրը՝ Արցախ, Մեխակավան, պատճառը որոշել հնարավոր չէ
  16. Արմեն Գրիգորիի Հայրապետյան– ծնված՝ 30․08․1987, զոհվել է  05․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախի Հանրապետություն, պատճառը՝ գլխուղեղի վնասվածք
  17. Վահե Լեւիկի Ղարիբյան– ծնված՝ 18․06․1988, զոհվել է 05․10․2020 ժ 18։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ արյան սուր կորուստ
  18. Արտյոմ Տիգրանի Մկրտչյան– ծնված՝ 19․02․2001, զոհվել է 07․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, Ջրական, պատճառը որոշել հնարավոր չէ
  19. Դավիթ Սեւակի Գրիգորյան– ծնված՝ 09․07․1994, զոհվել է 10․10․2020 ժ 00։00, վայրը՝ Արցախ, պատճառը՝ անորոշ։

 

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել