«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին
11:47 - 16 ապրիլի, 2024

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին, որում, մասնավորապես, ասված է․ 

««Բռունցքդ բեր» նախաձեռնությունը, որը կազմավորվել է «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամների, տարբեր անհատ անձանց ու հանրային շրջանակների, այդ թվում՝ Տավուշի մարզի մտահոգ քաղաքացիների կողմից և բաց է նոր մարդկանց ու միավորումների ներգրավման հարցում,

հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և ժողովրդավարության սկզբունքներին,

տեսնելով գործող վարչակազմի կողմից Տավուշի մարզում և Հայաստանի այլ հատվածներում պաշտպանական դիրքերից զինված ուժերի ետ քաշելու մտադրությունը, որը վարչակազմը մինչ այս իրականացրել է և պատրաստվում է իրականացնել առանց միջազգային երաշխիքների, առանց Ադրբեջանի հետ միջպետական պայմանագրի առկայության և առանց սահմանագծման ու սահմանազատման իրավական ու արդար գործընթաց նախաձեռնելու,

կանխատեսելով զորքի ետքաշման հետևանքով հայ ժողովրդի համար անվտանգության լրջագույն սպառնալիքների ծավալումը,

արձանագրում է, որ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում հնարավոր ռիսկերի, անխուսափելի սպառնալիքների, վնասների ու կորուստների պատասխանատուն գործող վարչակազմն է:

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը գտնում է, որ ստի, վախի, ատելության ու բռնության տարածման խոսույթն ու գործողությունները, ինչպես նաև տարածքների ու իրավունքների միակողմանի զիջումները տեղ չպետք է ունենան ՀՀ պետական քաղաքականությունում: Ուստի նախաձեռնությունը որպես խորհրդարանական երկրի գլխադասային մարմին՝ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովից պահանջում է հանդես գալ հայտարարությամբ՝ առաջնորդվելով հետևյալ քաղաքական ուղենիշերով.

-ՀՀ շփման գծում առկա պաշտպանական դիրքերը որևէ սպառնալիքի ու ճնշման ազդեցության տակ չեն ենթարկվելու փոփոխության, իսկ սպառնալիք ու ճնշում գործադրող պետությունները, միավորումներն ու անձիք պատասխանատվության կկանչվեն միջազգային իրավունքի ու մեխանիզմների կիրառման միջոցով:

-Ի կատարումն իր քաղաքացիների առջև ստանձնած անվտանգության ու իրավունքների պաշտպանության պետության հանձնառության՝ ՀՀ պաշտպանական առկա դիրքերը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության օբյեկտները կշարունակեն ամրացվել ու հագեցվել տեխնիկական ու պաշտպանական գերժամանակակից միջոցներով, իսկ սահմանամերձ բնակավայրերը՝ համապատասխան ենթակառուցվածքներով:

-ՀՀ-ը չի իրականացնի տարածքների և իրավունքների միակողմանի զիջումների քաղաքականություն և չի ստեղծի այնպիսի պայմաններ ու վիճակներ, որի հետևանքով հնարավոր պատերազմի դեպքում իր ելակետային դիրքերը կդառնան առավել անբարենպաստ, քանց այն, ինչը որ կա ներկայում:

-Ի ապահովում ՀՀ-ում գործող սահմանադրական կարգի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային որևէ հավասարազոր փոփոխություն (փոխանակում), որը հետագայում կարող է տեղ գտնել միջազգային տարբեր երաշխիքների, սահմանագծման ու սահմանազատման և միջազգային պայմանագրերի կիրառման հետևանքով, կամրագրվի բացառապես հանրաքվեի միջոցով:

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից մեր այս պահանջին պատասխանելու կամ արհամարհելու յուրաքանչյուր դեպքում հանդես կգա համապատասխան արձագանքով և հետագա քայլերի իր տեսլականով»։

«Բռունցքդ բեր» նախաձեռնություն՝

Անուշիկ Հարությունյան

Վլադիմիր Հովհաննիսյան

Նարեկ Այվազյան

Արման Վարդանյան

Վերոնիկա Շահնազարյան

Գոռ Առաքելյան

Հրանտ Ալավերդյան

Գրիշա Գևորգյան

Հասմիկ Իսրայելյան

Սլավիկ Ալավերդյան

Կարինե Կարապետյան

Հայկ Այավերդյան

Խոսրով Սեդրակյան

Վահե Բաբայան

Ռուբեն Թամրազյան

Վահե Սալահյան

Սոնիկ Աբրահամյան

Հովհաննես Մուքանյան

Արծրուն Ալավերդյան

Անդրանիկ Պողոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել