Կրեմլում հաստատել են, որ ՌԴ խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը
14:30 - 17 ապրիլի, 2024

Կրեմլում հաստատել են, որ ՌԴ խաղաղապահները լքում են Լեռնային Ղարաբաղը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ սկսվել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից:

«Այո՛, դա իսկապես այդպես է», - ասել է Պեսկովը:

Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեսանյութ, թե ինչպես է ռուսական տեխնիկայի շարասյունն անցնում Ղարաբաղին հարակից Ադրբեջանի շրջաններով: Մինչ այդ խաղաղապահները Դադիվանքի (Քելբաջարի շրջան) մոտ հանել էին դիրքը, ապրիլի 15-ից այն գտնվում է ադրբեջանական ոստիկանության պահպանության ներքո:

Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը պետք է մեխանիկորեն երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել