Հայաստանի ինքնիշխան տարածքից, եթե մենք ուզենք էլ, չենք կարող հրաժարվել, կարող ենք միայն հանրաքվեի դնել. Փաշինյան |news.am|
09:41 - 18 ապրիլի, 2024

Հայաստանի ինքնիշխան տարածքից, եթե մենք ուզենք էլ, չենք կարող հրաժարվել, կարող ենք միայն հանրաքվեի դնել. Փաշինյան |news.am|

news.am: Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ: Այս մասին նախօրեին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Բերքաբերը մեր առաջատար գյուղերից է այդ 16 մլն-ի ծրագրերից օգտվող: Բերքաբերում մի ուրիշ ծրագիր էլ ենք անում, ես հուսով եմ՝ դա էլ լավ կընդունեք, այգիների տնամերձ հողակտորներում նոր տնկարկներ ստեղծելու: Օրինակ, մեկը ուզենա հոն առնի, իմանա, որ Բերքաբերում կարող է ծավալ ունենալ ու մենք էլ օգնենք ձեզ, որ որակով տնկիներ ունենաք, կաթիլային ոռոգում և այդպես շարունակ: Կկարողանանք ևս մեկ քայլ անել, որ նոր կառուցվող այդ տներում երիտասարդությունը հանգիստ, խաղաղ ապրի: Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձևը առաջ գնալն է: Պետք է քայլ-քայլ լուծելով գնանք»,- ասաց նա:

Բնակիչներից մեկը Փաշինյանին հարց ուղղելիս ասաց՝ այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չի՞ կարծում, որ պետք է այս գործընթացից առաջ նոր ընտրություններ լինեն, եթե կընտրվեն, իրենց մտածած ձևով կանեն, որովհետև նախորդ անգամ ուրիշ խոստումներով են եղել ընտրությունները:

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա այդպես պետք է լինի, որովհետև այն, ինչ մենք հիմա անում ենք, աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններին մեր արձագանքն է: Մենք կարող ենք մյուս ամիս ընտրություն անել, դրանից հետո Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև է պատերազմ սկսվել, վաղը կարող է մեկ այլ տեղ պատերազմ սկսվել, որը մեր իրավիճակի վրա ազդեցություն կունենա: Այսինքն՝ ամեն շաբաթ պետք է [ընտրություն լինի՞], իշխանության խնդիրը սեփական երկիրն ու ժողովրդին ադապտացնելն է այն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք: Դա է ապրելու և զարգանալու պայմանը: Իսկ մեր նախընտրական ծրագրում մի կետ չկա, որի հետևից չենք գնացել մինչև վերջ և անկեղծորեն:

Այսօր ասում են՝ բա դուք ասել եք Արցախի ինքնորոշման իրավունք, բա ասել եք «անջատում հանուն փրկության»: Մենք դրանց հետևից գնացել ենք:

Ես Կիրանցում ասել եմ, որ եթե այն, ինչ մտածել ենք, հաջողվի իրականացնել, մենք շատ մեծ բան ենք ստանում, մենք ստանում ենք ինքնիշխանության, անկախություն»:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2026 թվականին լինելու են նոր խորհրդարանական ընտրություններ. «Անցել են այն ժամանակները, որ գան ասեն՝ սենց քվեարկի, նենց քվեարկի: Կորոշեք, որ փոխում եք կառավարությունը, կփոխեք: Բայց  ես հիմա այդ ամեն ինչը հասկանալով, ես, ինչ-որ իմաստով ես իմ անձը զոհասեղանին եմ դնում հանուն Հայաստանի Հանրապետության: Ես գիտեմ, որ դա այդքան պոպուլյար չի: Եթե այդքանը չհասկանայի, ես ի՞նչ գործ ունեի վարչապետի պաշտոնում: Ես իմ քաղաքական թիմի հետ զրոյից հեղափոխություն եմ արել, երբ ոչ մեկը դա հնարավոր չէր համարում: Մենք երկու բան ենք արել, որին ոչ մեկը չէր հավատում: Մեկը 2018-ի հեղափոխությունն էր, մյուսը այն, որ ոչ մեկը չէր հավատում, որ 2021-ին մենք կարող է հաղթենք:

Ես գիտեմ՝ սա ինչի համար եմ անում: Ես սա անում եմ, որ Հայաստանը ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ, այլ անկախ պետություն»,- հայտարարեց Փաշինյանը:  

Ապա նա ընդգծեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից, եթե ուզեն էլ, չեն կարող հրաժարվել:

«Որովհետև ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ տարածքի փոփոխության հարցով որոշում կարելի է կայացնել միայն հանրաքվեով: Եթե թեմա կծագի՝ ինչ-որ մի բան ինչ-որ մի բանի հետ փոխելու, դա կառավարությունը չի կարող անել, ԱԺ-ն չի կարող անել: Նրանք կարող են ասել՝ եկեք այս հարցով հանրաքվե անենք»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության թեմային՝ վարչապետը նկատեց, որ ժողովրդավարական պետության համար ընդդիմությունը շատ կարևոր է. «Մենք բոլորին էլ հարգում, գնահատում ենք: Համաձայն չենք շատ հարցերում իրենց հետ, համարում ենք, որ իրենք ուղղակի աղավաղում են, երբ ասում են՝ Տավուշի 4 գյուղերը տալիս ա: Տավուշի մարզում ե՞րբ է Ղըզըլ Հաջիլի գյուղ եղել, Խերիմիլի գյուղ եղել»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել