factor.am: ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով, որի շրջանակներում երեք օր առաջ խուզարկություններ էին կատարվել ՀՀ առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում, ակտիվ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ելնելով նախաքննության շահերից և չվնասելու համար քննությանը՝ այս պահին քրեական վարույթի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Այդուհանդերձ ներկա պահին նշված վարույթի շրջանակներում դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»,- հավելել է խոսնակը։
Թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում, երեք օր անց էլ ո՛չ ՔԿ-ն, ո՛չ Առողջապահության նախարարությունը փակագծեր չեն բացում։
Ավելին, այդ օրը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, թե տեղյակ չէ, որ իր ղեկավարած գերատեսչությունում խուզարկություն է ընթանում։ Ապրիլի 16-ին, երբ խուզարկություն իրականացնելու մասին լուրեր տարածվեին, մամուլում հրապարակումներ եղան, որ քննչական գործողություններ կատարվում են «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում։ Ավելի ուշ հիվանդանոցը պարզաբանում տարածեց՝ հաստատելով, որ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունում կատարվել են քննչական գործողություններ:
«Հիմք ընդունելով այն, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են և հրապարակվում են բացառապես վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ, ուստի հավելյալ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունը չունի»,- պարզաբանել էին «Ուիգմոր»-ից։
Մինչ պատկան մարմինները լռում են, մամուլը հնարավոր պատճառների մասին է ենթադրություններ անում, թե խուզարկությունների առիթը պետպատվերի շրջանակներում թույլ տրված չարաշահումների, անհավասար բաշխման մասին տեղեկություններն են։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է։ Ըստ աղբյուրի՝ ահազանգողները պնդում են, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները, հերթագրված ստուգումներն ու վիրահատությունները և հորդորում սպասել։
ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է՝ պնդելով, որ նման բան չկա։
Մանրամասները՝ Factor.am-ում
comment.count (0)