1lurer.am: Ադրբեջանը դատավարության ընթացքում չկարողացավ պահպանել նախնական առարկություններ ներկայացնելու փուլի հստակ սահմանված շրջանակները՝ անտեսելով դատական պրակտիկայում հստակ սահմանված իրավական չափանիշները, ինչպես նաև խեղաթյուրելով Հայաստանի փաստական ապացույցները:
Այդ մասին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Արդարադատության միջազգային դատարանում լսումների երկրորդ փուլի ժամանակ հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նա հավելել է, որ Ադրբեջանի մարտավարությունը ձախողվեց։
«Հայաստանի բոլոր հավակնություններն ամբողջությամբ տեղավորվում են Ռասայական խտրականության վերացման կոմիտեի գործողության շրջանակում։ Էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ռասիստական բռնությունները, կամայական ձերբակալություններն ու բռնի անհետացումները, անշուշտ, կարող են տեղավորվել կոմիտեի ազդեցության շրջանակում: Ինչպես տեսաք այս շաբաթ, այդ սարսափելի գործողությունները հակասում են Ռասայական խտրականության վերացման կոմիտեի բոլոր անդամ պետությունների հանձնառությանը՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ռասայական խտրականությունը հնարավորինս շուտ վերացնելու համար՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով, ինչպես նաև կանխելու և պայքարելու ռասիստական գործողությունների և պրակտիկայի դեմ՝ ռասաների միջև փոխըմբռնումը խթանելու և բարենպաստ միջավայր ստեղծելու համար»,- նշել է Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ դատարանի տրամադրության տակ կան բոլոր անհրաժեշտ տարրերը, որպեսզի հեշտությամբ մերժի Ադրբեջանի առարկությունները։
«Հայաստանը հուսով է, որ շարունակելու է իր աշխատանքը դատավարության ընթացքում ըստ էության պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ և վերահաստատում է իր հանձնառությունը այդ վեճը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի թե՛ տառին, և թե՛ ոգուն համապատասխան կարգավորելու հարցում»- նշել է ՀՀ ներկայացուցիչը:
Նա ընթերցել է Հայաստանի վերջնական փաստարկները:
«Հայաստանի Հանրապետությունը հարգանքով խնդրում է դատարանին:
Ա. Մերժել Ադրբեջանի առաջ քաշած առաջին նախնական առարկությունը,
Բ. Մերժել Ադրբեջանի առաջ քաշած երկրորդ նախնական առարկությունը, կամ, որպես այլընտրանք, ընդունել որոշում առ այն, որ Ադրբեջանի երկրորդ նախնական առարկությունը բացառապես նախնական բնույթ չի կրում»,- նշել է Կիրակոսյանը:
comment.count (0)