Բերման են ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ
22:24 - 21 ապրիլի, 2024

Բերման են ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ

Մարտական եղբայրություն միաբանության անդամներ Մասիս Շիրոյանին, Արման Պետրոսյանին, Գոռ Ասատրյանին, Հենրիկ Մկրտչյանին, Արամայիս Աղաբեկյանին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք: Այդ մասին տեղեկանում ենք Միաբանության ֆեյսբուքյան գրառումից։

Հիշեցնենք, որ այսօր դեպի Բագրատաշեն տանող ճանապարհին իրավիճակը լարվել է, քաղաքացիները քարեր են նետել ԵԿՄ ավտոմեքենայի վրա և կոտրել դիմապակին։ Նրանք թույլ չեն տվել, որ մեքենան առաջ շարժվի։

«Մարտական եղբայրության» անդամներից մեկը դեպքի վերաբերյալ 24news.am-ին պատմել է, որ ճանապարհը փակելուց հետո եկել է մեկը, ներկայացել որպես մարզային երկրապահի նախագահ, ասել, որ բացելու է ճանապարհը, փորձել են լեզու գտնել նրա հետ։ Հետո բնակիչները պատմել են, որ երեկ ևս եկել է ու ուժով ցրել է ակցիան։

Նրա խոսքով դրանից հետո հանձնարարել է ինչ-որ մեկին, որը երկրապահի ուազով վարել է դեպի ցուցարարները, ինչից հետո իրենք կոտրել են մեքենայի ապակիները ու խլել են բանալիները․ «Հետո այդ մարդը հայհոյանքներ է հնչեցնել, ինչից հետո ճանապարհը փակած քաղաքացիները նրանց լավ դաս են տվել»։

Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակել են Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։ Երեկ՝ ապրիլի 20-ին, միջպետական ճանապարհը փակած բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն:

Սակայն, ըստ քաղաքացիների, զինված ուժերից եկել էին և փորձել ականազերծման աշխատանքներ իրականացնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից հատվածում, ինչին, սակայն, բնակիչները խոչընդոտել էին։ Կիրանց գյուղի հարակից հատվածներում ևս փորձել էին ականազերծման աշխատանքներ անել, ինչի պատճառով էլ բնակիչները կրկին ոտքի էին կանգնել ու փակել Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը։

Ոստիկանները պնդել են, որ ՊՆ աշխատակիցները տեղյակ չեն եղել բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, դրա համար էլ եկել են ականազերծման աշխատանքներ իրականացնելու։

Նշենք, որ քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։

 

Լուսանկարը՝ «Մարտական եղբայրություն» միաբանության ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել