Ցեղասպանված մյուս ժողովուրդներին հաջողվե՞լ է հավաքագրել զոհերի ամբողջական ցուցակներ
 |civilnet.am|
11:53 - 25 ապրիլի, 2024

Ցեղասպանված մյուս ժողովուրդներին հաջողվե՞լ է հավաքագրել զոհերի ամբողջական ցուցակներ |civilnet.am|

civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած գաղափարը՝ Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին, միանշանակ չընդունվեց և բուռն քննադատությունների ենթարկվեց։

Քոչարյանն ապրիլի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը»։ Օրեր անց Քոչարյանը պնդել էր, թե Փաշինյանը այս գաղափարի հետ կապ չունի և այն իր մտահաղացումն է։

#CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ արդյոք միջազգային քրեական տրիբունալներում կամ դատարանում ցեղասպանություն ճանաչված դեպքերում հաջողվե՞լ է հավաքագրել ցեղասպանվածների ամբողջական ցանկը, թե ոչ։

Ինչպես է որոշվում՝ իրականացված գործողությունները ցեղասպանությո՞ւն է, թե՞ ոչ

1948-ին ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով. խմբի անդամների սպանություն, ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում, միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը, խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:

Թյուր կարծիք կա, թե գործողությունները ցեղասպանություն են որակվում, եթե գրանցվել են մեծ թվով զոհեր, մինչդեռ կարևոր են ոչ թե թվերը, այլ մոտիվը։ Երևույթը համարվում է ցեղասպանություն այն դեպքում, երբ թիրախավորում են մարդկանց որոշակի խմբեր՝ նրանց ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ:

Ցեղասպանության գործերը քննվում են նաև Միջազգային քրեական դատարանում։ Մինչև դատարանի ստեղծումը, սակայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արձագանքել էր Ռուանդայում և Բոսնիայում տեղի ունեցած ցեղասպանություններին իր կողմից հաստատված միջազգային քրեական տրիբունալներում։

Արդյոք քրեական տրիբունալներում/դատարանում հաստատված ցեղասպանությունների դեպքում հաջողվե՞լ է հավաքել զոհերի տվյալները

Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ մեկ այլ ճեպազրույցում պնդում էր արել, թե հրեաներին հաջողվել է կազմել Հոլոքոստի զոհերի ցուցակը։

«Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվի», – հարցադրում էր արել Քոչարյանը:

Հոլոքոստը

Հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, իրականացվել է նացիստական Գերմանիայի կողմից 1933-1945-ին։ Հոլոքոստի զոհերի թիվը նշվում է 6 միլիոն։ Այս թիվը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, նախապատերազմյան և հետապատերազմյան շրջանում ժողովրդագրական ուսումնասիրությունները, ինչպես նաև համակենտրոնացման ճամբարներ ուղարկվողների, տարբեր քաղաքներում հրեաների թվի վերաբերյալ պահպանված փաստաթղթերը։

Երբ պարզ էր դարձել, որ նացիստները պարտվում են պատերազմում, նրանք փորձել էին ոչնչացնել իրականացված վայրագությունների վերաբերյալ փաստաթղթերը, զանգվածային գերեզմաններից հանել էին դիակներն ու այրել, սակայն անհնար էր ամբողջությամբ ոչնչացնել ապացույցները։

Գերմանիայի պարտությունից և Երկրորդ համաշխարհային պատերազմից ամիսներ անց Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում բացվեց Միջազգային ռազմական տրիբունալ՝ ռազմական հանցագործությունները քննելու համար։ Դատարանը մեղավոր ճանաչեց 24 անձի, բայց Հոլոքոստի գլխավոր կազմակերպիչներին հնարավոր չէր դատել, քանի որ Ադոլֆ Հիտլերը, Հայնրիխ Հիմլերը և Յոզեֆ Գեբելսը ինքնասպան էին եղել։

Ցեղասպանված հրեաների ամբողջական ցուցակներ չկան: «Յադ Վաշեմը»՝ Իսրայելում Հոլոքոստի հիշատակի համաշխարհային կենտրոնը, կարողացել է տվյալներ հավաքագրել 4 միլիոն 900 հազար անձանց մասին։

Ռուանդայի ցեղասպանությունը

Ռուանդայի ցեղասպանությունը տեղի է ունեցել 1994-ին։ Ռուանդայում իշխանության եկած հութուները ցեղասպանել են տուտսի էթնիկ փոքրամասնության շուրջ 800 000 հազար ներկայացուցչի։

Ռուանդայի հարցերով ստեղծված միջազգային քրեական տրիբունալը (The International Criminal Tribunal for Rwanda) 93 անձի մեղավոր է ճանաչել ցեղասպանության և միջազգային մարդասիրակաան իրավունքի այլ խախտումների մեջ։

Տարբեր աղբյուրներում զոհերի թիվը տարբեր է (ՄԱԿ-ի տվյալներով՝ 800 000), իսկ դրա վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են։

1991-ի մարդահամարի տվյալներով՝ տուտսիները կազմել են բնակչության 8,4%-ը, որոշ քննադատներ, սակայն այդ տվյալները հավաստի չեն համարում՝ նշելով, որ կառավարությունը տուտսիների թիվն ավելի քիչ է ներկայացրել՝ ցանկանալով նվազագույնի հասցնել նրանց նշանակությունը նրանց հանրային զբաղվածության քվոտաները ցածր պահելու համար։ Ըստ քննադատների՝ տվյալները հավաստի չեն նաև այն պատճառով, որ բազմաթիվ տուտսիներ խտրականությունից խուսափելու համար կեղծել են իրենց ինքնությունը և գրանցվել որպես հութու, քանի որ մինչև բուն ցեղասպանությունը նրանց միջև հարաբերությունները տևական ժամանակ լարված են եղել։

1998-ին Ռուանդայի կառավարությունը հայտարարել էր ցեղասպանությունը վերապրածների մարդահամար անցկացնելու ծրագրի մասին։

Զոհերի իրական թիվը, սակայն, շարունակում է անհայտ մնալ, քանի որ մինչև վերջերս էլ Ռուանդայում հայտնաբերվել են զոհվածների զանգվածային գերեզմաններ։

Բոսնիայի ցեղասպանությունը

Բոսնիայի ցեղասպանությունը տեղի է ունեցել 1995-ին Սրեբրենիցա քաղաքում` բոսնիացի սերբերի կողմից, որի հետևանքով սպանվել կամ անհայտ կորած է շուրջ 8 000 բոսնիացի մուսուլման տղամարդ։

Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալը (International Criminal Tribunal for the former Yugoslavia) ցեղասպանությունը ծրագրելու և իրագործելու համար մեղավոր ճանաչեց 20 անձանց։

Սրեբրենիցայի ցեղասպանության դեպքում ևս հնարավոր չի եղել ամբողջականացնել սպանվածների տվյալները։ Զոհերի հետքերը թաքցնելու համար բոսնիացի սերբերը վառել էին նրանց մարմիններն ու թաղել տարբեր վայրերում, այնուհետև ծանր տեխնիկայի միջոցով դարձյալ փորել էին գերեզմաններն ու վերաթաղել մնացորդները։ Նույն անձին պատկանող մասունքները փորձագետները գտել են տարբեր գերեզմաններում։ Փորձագետները ստուգել են հայտնաբերված մասունքների ԴՆԹ նմուշները՝ նույնականացում իրականացնելու համար, սակայն նույնականացված անձանց թիվը 8 000-ից պակաս է։

Այսպիսով, սպանվածների թիվը որոշվել է՝ հիմք ընդունելով անհայտ կորածների թիվը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել