Դատարանը մերժել է Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը
11:58 - 26 ապրիլի, 2024

Դատարանը մերժել է Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նրան ազատ արձակելու վերաբերյալ։ Այս մասին, «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան, հայտնեց ԲԴԽ խոսնակ Մերի Գեւորգյանը։ 

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով այս որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում ասել է․ «Մամիկոն Ասլանյանը անազատության մեջ է, որովհետեւ դատարանը գտել էր, որ կա շուրջ 30 վկա, որոնք պիտի հարցաքննվեն, եւ դատարանի կարծիքով՝ կարող է նրանց վրա որոշակի ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ ընտրված քաղաքապետ է․․․ Հիմա այդ 30 վկաներին լսել են, ակնհայտ է, որ հիմքը վերացել է, եւ մարդը պետք է ազատ արձակվի։ Մեկ էլ դատարանը որոշում է, որ սեփական նախաձեռնությամբ եւս 7 վկա պետք է հրավիրի։ Հիմա ես չեմ ուզում ասել, որ այդ որոշումն ինքնին սխալ էր, բայց այս հանգամանքը հիմք ընդունել ու ասել, որ հիմա էլ այս 7-ի վրա կարող է ազդել, արդեն չեղավ․ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ 7 վկան ոչ թե ճշմարտությունը հայտնաբերելու համար հայտնվեցին, այլ զուտ, որ արհեստական հիմք ստեղծվի՝ անազատությունը շարունակելու»,- նշել է նա:

Ասլանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (2003 թ․ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր, 309-րդ հոդված, 314-րդ հոդվածի 1-ին մաս)։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցանք է կատարել։ Բացի այդ՝ առանց համապատասխան թույլտվության՝ Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետևանքով համայնքին էական վնաս է հասցվել:

Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ համարում է քաղաքական հետապնդում։ Նա կալանքի տակ է 2021 թ․ դեկտեմբերից։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել