ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը «գովաբանել է նախագահ Ալիևին» անցյալ շաբաթվա հայտարարության համար, համաձայն որի Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար:
Պետքարտուղարը Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը։
Բլինքենը ողջունել է նաև ձերբակալված քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուի խափանման միջոցի փոփոխությունը տնային կալանքի և կոչ է արել նրան լիովին, արագ ազատ արձակել․
«Բլինքենը կրկին կոչ է արել Ադրբեջանին պահպանել միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին», - նշված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Բլինքենը այսօր հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
comment.count (0)