Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ
 |armenpress.am|
16:08 - 30 ապրիլի, 2024

Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Շուտով Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն Հայաստանում կհեռարձակվի ռուսական այլ բովանդակության հաղորդում՝ մշակութային կամ գեղարվեստական:  

Այս մասին ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ–ում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ ռուսական ալիքներում հակահայկական քարոզի վերաբերյալ: 

Նա նշեց, որ ռուսական հեռուստաալիքները հեռարձակվում են՝ համաձայն Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագրի: Հանձնաժողովի լիազորությունն այս առումով միայն մշտադիտարկման արդյունքում տեղեկանք կազմելն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ուղարկելն է:

«Մենք դա պարբերական անում էինք, անում ենք արդեն 3.5 տարի: Ցավոք, մինչև վերջերս մեր այդ ահազանգերին, զեկույցներին նախարարությունն ուշադրություն չէր դարձնում: Հիմա սկսեց դարձնել: Եվ նախարարությունը հիմա քայլեր է ձեռնարկում, աշխատում է ռուսական կողմի հետ: Եթե ես չեմ սխալվում, շուտով Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն կլինի ինչ–որ ռուսական բովանդակություն՝ մշակութային կամ գեղարվեստական: Եվ մենք Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ»,–ասաց Հակոբյանը:

Ըստ նրա՝ միջկավառավարական պայմանագիրը չմշակված, հում է, շատ լծակներ չի տալիս հայկական կողմին: Բացի այդ՝ հանրային մուլտիպլեքսից բացի, կան նաև կաբելային ալիքներ, որտեղ այդ բովանդակությունն անխափան հեռարձակվում է:

Ըստ հանձնաժողովի՝ «հակահայկական» եզրույթը հեղհեղուկ է, այն սուբյեկտիվ կատեգորիա է, իրավական նորմ չէ: Պետք է խոսել ՀՀ օրենսդրության խախտման դեպքերի մասին:

«Նրանք ինչն են շատ ժամանակ խախտում. բռնության կոչեր են տարածում: Մենք պետք է դրանց վրա ուշադրություն դարձնենք, նրանք այդ բովանդակության առումով պետք է լինեն նույն կարգավորման տակ, ինչ հայկական ալիքներն են»,–ասաց Հակոբյանը:

Ըստ նրա՝ պետք է վերանայվի համաձայնագիրը:

«Իսկ հետագայում, երբ ունենանք Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենք, պետք է բացառվի օտար հեռարձակողների հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում»,–նշեց ՀՌՀ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել