ՍԴ նախագահի՝ այսօր նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ. Ամրամ Մակինյան |aysor.am|
07:24 - 30 դեկտեմբերի, 2019

ՍԴ նախագահի՝ այսօր նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ. Ամրամ Մակինյան |aysor.am|

aysor.am: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմին՝ այսօր նախատեսված հարցաքննությունը հետաձգելու պահանջով: Այս մասին ասաց ՍԴ նախագահի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Ամրամ Մակինյանը՝ շեշտելով, որ նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ:

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ այսօր ժամը 10:30-ին նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ, քանի որ պաշտպանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը գտնվում է արձակուրդում և բացակայում է հանրապետությունից, իսկ ես ունեմ նախապես նշանակված դատական նիստեր: Այս մասին մենք տեղեկացրել ենք նախաքննական մարմնին և միջնորդել ենք պարոն Թովասյանի հետ իրականացվելիք քննչական գործողությունը հետաձգել և նշանակել Ամանորի տոներից հետո»,-պարզաբանեց փաստաբանը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ՝ ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրվել ՍԴ նախագահին: Նույն օրը քննիչները ՍԴ-ում հարցաքննել էին Հրայր Թովմասյանին, այնուհետ նրան դեկտեմբերի 30-ին հրավիրել էին ՀՔԾ: Հավելենք, որ ՍԴ նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով քաղաքական ճնշում բարձրագույն դատարանի նկատմամբ:

Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահը նշել է, որ կատարվողն իր համար անակնկալ չէ, քանի որ վեց ամիս առաջ իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, մեղադրյալի կարգավիճակում կհայտնի, ինչի ականատեսն ենք այսօր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել