Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ իր ժողովրդավարական զարգացման և ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
10:17 - 03 մայիսի, 2024

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ իր ժողովրդավարական զարգացման և ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ: Այս մասին հայտնում է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Քարփենթերը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա:

Հայ պատգամավորները կարևորել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը` ողջունելով ԱՄՆ-ի և Եվրոպական Միության ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդման և տնտեսական դիվերսիկացիայի հարցում:

Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ` նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու բարգավաճմանը:

Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղված քայլերը` արձանագրելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ժողովրդավարական զարգացման և ինքնիշխանության ամրապնդման գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել