azatutyun.am: Երկրորդ օրն է՝ Կիրանցի բնակիչները փաստացի մեկուսացման մեջ են, այսօր ևս ոստիկանությունը հերթափոխով հսկում է գյուղի մուտքը։ Այստեղ նաև սևբերետավորներ կան։ Կիրանց չհասած՝ անցակետ է դրված, հենց դրա մոտ էլ ոստիկանները հսկողություն են իրականացնում։
Այսօր գյուղ քննիչներ են ժամանել, որոնք ասում էին, թե քննչական գործողություններ են իրականացնում Կիրանցում։ Նրանք առգրավեցին հենց բողոքի գործողությունների վայրում՝ Կիրանցի սկզբնամասում գտնվող խանութի տեսախցիկը, ընդ որում՝ խանութի սեփականատերը տարակուսած էր, թե ինչու են հենց տեսախցիկը տանում, այլ ոչ թե կրիչը։
Երեկվա ոստիկանական գործողությունից հետո, երբ Կիրանցի սկզբնամասում հերթապահող 30 տղամարդ բերման ենթարկվեց, համացանցում անձայն կադրեր տարածվեցին, որոնք արձանագրել էր այդ խանութի տեսախցիկը։ Բայց քննիչներն այսօր պնդում էին, թե իրենց քննչական գործողությունները վերաբերում են ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանության ու ցուցարարների միջև քաշքշուկ էր սկսվել։
Երեկվանից գյուղի մուտքն ու ելքը փաստաթղթով է, այսինքն՝ մարդիկ ստիպված են ոստիկաններին անձնագիր ցույց տալ, որպեսզի ապացուցեն, որ Կիրանցի բնակիչ են։
Ոստիկանությունը պատճառաբանում է, թե ուժեղացված հսկողություն է իրականացնում գյուղի մոտակայքում ընթացող ականազերծման աշխատանքների ընթացքում։
Ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Խեյրիմլիի հետ սահմանազատմանն ընդառաջ, գյուղից տեսանելի չեն, ականազերծողներին ո՛չ երեկ, ո՛չ այսօր Կիրանցում տեսնող չի եղել։
Բայց ինչպես երեկ, այնպես էլ այսօր գյուղացիները հավաքվում են Կիրանցի սկզբնամասում, քննարկում սահմանազատումը, որը բնակիչների կարծիքով իրենց խոցելի է դարձնում, ավելին՝ չի բացառվում, որ սովետական Կիրանցից էլ որոշ տարածքներ անցնեն Ադրբեջանին։
Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը
15:54 - 28 դեկտեմբերի, 2024
comment.count (0)