Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան |168.am|
20:54 - 06 մայիսի, 2024

Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան |168.am|

168.am:  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ազատության մեջ լինելու դեպքում կլիներ պայքարող տավուշցիների կողքին։ Նա այդ մասին ասել է 168.am–ին` լրատվամիջոցի հարցերին պատասխանելով փաստաբանական խմբի միջոցով:

«Համեստորեն կփորձեի կառուցողական աջակցություն ցուցաբերել նրանց»,– ասել է Տոնոյանը։

«Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից: ՀՀ վարչապետի կողմից «4 գյուղերի» հարցի վերադարձը բանակցային կամ սահմանազատման օրակարգ, ընդ որում, ինչպես նշել է Ալիևը` հենց իր պահանջով, ադրբեջանական հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը չեզոքացնելու պատճառաբանությամբ, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում և խճճող է»,– ընդգծել է ՊՆ նախկին նախարարը: 
 
«Ի՞նչ անվտանգային ռիսկեր ու վտանգներ է ստեղծելու Տավուշի և ՀՀ-ի համար հյուսիսարևելյան պաշտպանական գծի վերացումը և սահմանապահ ուղեկալներով փոխարինումը» հարցին Տոնոյանը պատասխանել է, որ այդ քառակուսի կիլոմետրերը գտնվում են մեր զինված ուժերի թիկունքում, և դրանց հանձնումն Ադրբեջանին «ուսումնազատված փորձնական–նախնական–պիլոտային» սահմանի դիմաց ՀՀ անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման համար ոչ թե ռիսկ է պարունակում, այլ անմիջական սպառնալիք է:
 
«Համոզված եմ՝ ԶՈւ ցանկացած տեղաշարժ կարելի է թույլատրելի համարել միայն ու միայն հայ-ադրբեջանական մոտ 1000 կմ երկարությամբ ամբողջական սահմանի «սահմանազատման և սահմանագծման» սկզբունքների համաձայնեցումից և երկու երկրների խորհրդարաններում վերոհիշյալ սկզբունքների վավերացումից հետո: ՀՀ-ում այդ քայլին գնալու լեգիտիմություն կունենա միայն նորընտիր ԱԺ-ն, որն առնվազն վստահության քվե կունենա ժողովրդի կողմից: Վստահություն անվտանգության և պաշտպանության ոլորտում որոշումների կայացման համար, որն այս պահին, իմ համոզմամբ, չկա»,– ասել է նախկին նախարարը:
Նա կասկած չունի, որ ՀՀ ԶՈւ–ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը մինչ ԱԺ–ում վերոհիշյալ գործընթացների ավարտը:
 
 
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել