Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր առավոտից շրջայցեր է կատարել տարբեր հաստատություններ, այդ թվում՝ Նկարիչների միություն, Գրողների միություն, Գիտությունների ազգային ակադեմիա։
Բագրատ Սրբազանը նախ քայլերթով գնաց դեպի Նկարիչների Միություն։ Նա առանձնազրույց ունեցավ միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ։
Ապա երթը շարժվեց դեպի Գրողների միություն։ Այստեղ նրան դիմավորեց Գրողների միության նախագահը, ծափողջույններով ընդառաջ եկան Միության անդամներ։
Գրողների միությունից հետո երթը շարժվեց Գիտությունների ազգային ակադեմիա։ Սակայն Ակադեմիայի մուտքի մոտ ոստիկաններ էին հավաքված, եւ արքեպիսկոպոսը ներս չմտավ։
Բագրատ Սրբազանին ուղեկցող քաղաքացիները վանկարկում էին «ամոթ»։ Լրագրողների հարցին՝ ի՞նչ պարզաբանեցին ոստիկանները, Սրբազանը պատասխանեց՝ «ես չուզեցի։ Մեր Տերն ասում է՝ որտեղ կընդունեն ձեզ, մտեք, ասեք խաղաղություն ձեզ, որտեղ կտեսնեք՝ ինչ-որ խնդիր կա, ոտքներիդ փոշիները թափ տվեք եւ խաղաղությամբ հեռացեք»,- ասաց Սրբազանը։
Բագրատ Սրբազանն այդտեղից գնաց ԳԱԱ Պատմության ինստիտուտ, որտեղի աշխատակիցները, ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի գլխավորությամբ, դիմավորեցին նրան։
Քիչ անց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը առանց լրագրողների ուղեկցության մի քանի րոպեով մտավ ԳԱԱ գլխավոր շենք: Դուրս գալով նա հայտնեց, որ հանդիպել է փոխտնօրենին և աշխատակիցների: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է խոսվել հանդիպմանը, Բագրատ Սրբազանը, սակայն, մանրամասներ չհայտնեց։
ԳԱԱ-ից մասնակիցները երթով վերադարձան Հանրապետության հրապարակ, իսկ ժամը 19։00-ին մասնակիցները կհավաքվեն Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ:
comment.count (0)