news.am: Տավուշի մարզի սահմանագծումն ու սահմանազատումն ընդհանրապես օրենքից դուրս է։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Դատախազության բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ այսօր հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու բուն սահմանազատման գործընթացի վերաբերյալ.
«Սահմանազատումը ևս օրենքից դուրս է, քանի որ մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա։ Եթե միջազգային պայմանագիրը կքնվում է, այնուհետև ՍԴ-ի կողմից պետք է հաստատվի, ապա վավերացվի Ազգային ժողովի կողմից։ Բայց Սահմանադրության 205-րդ հոդվածը պահանջում է, որ այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ տարածքին, նաև ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ եթե որևէ տեղ ՀՀ սահման է որոշվում, ապա այդ փաստաթուղթը, որով այդ սահմանը որոշվել է, ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, և այն պետք է անցնի բոլոր ներպետական գործընթացները»։
Ավետիք Չալաբյանն ասաց, որ սակայն որևէ ներպետական գործընթացով այդ պայմանագիրը չի անցել։ Նա շեշտեց, որ ՀՀ քաղաքացին բացառիկ իրավունք ունի որոշելու, թե որն է տարածքի սահմանը. «Եթե տարածքից նույնիսկ 1 մետր պակասում է, իսկ տվյալ դեպքում Կիրանցում ամբողջ բռնությունն ու կոնֆլիկտը պայմանավորված է նրանով, որ գյուղի մի մասը հանձնվում է Ադրբեջանին։ Որևէ կերպ չի կարելի, որ որևէ պաշտոնատար անձ դա վերցնի իր այդպիսի լիազորություն, որը կհամարվի լիազորությունների անցում։ Եթե կազմակերպված խմբի միջոցով է արվել, նաև էական վնաս է հասցվել, ապա դա ծանրացուցիչ հանգամանք է, որը սահմանում է 4-5 տարի ազատազրկում»։
Նա ասաց, որ իրենք այժմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու և հետամուտ են լինելու, որ քրեական վարույթ նախաձեռնեն։
Չալաբյանի խոսքով՝ քանի դեռ չկա միջպետական պայմանագիր, որով հաստատվում է որոշակի խաղաղություն ու համակեցության կանոններ երկու երկրների միջև, հնարավոր չէ սահմանազատում ու սահմանագծում իրականացնել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արդարադատության նախարարությունն անդրադարձել էր պնդմանը, որ խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները և որ ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման ու այլ պնդումների և նշել, որ ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականացվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։
comment.count (0)