Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում |armenpress.am|
18:44 - 14 մայիսի, 2024

Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում |armenpress.am|

armenpress.am: Չհայտարարված այցով Կիևում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ԱՄՆ աջակցության խոշոր փաթեթի մի մասը հասել է Ուկրաինա։ Նա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հավաստիացրել է, որ ավելի շատ օգնություն գտնվում է ճանապարհին, և այն «մեծ ազդեցություն կունենա» մարտի դաշտում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք գիտենք, որ հիմա դժվար ժամանակներ են։ Բայց նաև գիտենք, որ առաջիկա օգնությունն այժմ ճանապարհին է, դրա մի մասն արդեն հասել է, ավելի շատ օգնություն դեռ կգա։ Եվ դա մեծ ազդեցություն կունենա մարտի դաշտում Ռուսաստանի շարունակվող հարձակման դեմ», - ասել է Բլինքենը։

Իր հերթին Զելենսկին ասել է, որ Ուկրաինան հակաօդային պաշտպանության համակարգերի մեծ կարիք ունի՝ խնդրելով երկու Patriot համակարգեր տրամադրել Խարկովի մարզի համար, որտեղ Ռուսաստանը վերջին օրերին մի քանի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ։

2022 թվականին ռազմական գործողությունների մեկնարկի առաջին տարվա ընթացքում Ուկրաինան վերադարձրել է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների մի մասը, սակայն Ուկրաինայի հակահարձակումն անցյալ տարի մեծ առաջընթաց չի գրանցել, իսկ վերջին ամիսներին Ռուսաստանն առաջնագծում հաջողությունների է հասել։

Բլինքենի այցն ԱՄՆ առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Կիև այն բանից հետո, երբ ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը, որը հաստատել էր Կոնգրեսը, և որը ներառում է գրեթե 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել