hetq.am: Երևանում ակտիվ շինարարության փուլում գտնվող շուրջ 164 շինարարական օբյեկտներից միայն 12-ում օդի որակը դիտարկող սարքեր կան։ Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից, քաղաքապետի որոշմամբ, մայրաքաղաքի 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում այս սարքերի առկայությունը պարտադիր է։ Խոսքը բազմաբնակարան բնակելի շենքերին է վերաբերում, որոնց թիվն ավելի մեծ է, սակայն դրանց մի մասն է ենթակա կահավորման։
«Բազմաբնակարան շինությունների՝ ընթացքում գտնվող շինարարությունները շատ են, ուղղակի շենքեր կան, որ փաստացի ավարտված են կամ արդեն ենթակա չեն կահավորման»,- բացատրում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։
Ընթացիկ տարում 309 արձանագրություն է կազմվել շինհրապարակների ընդհանուր կահավորման վերաբերյալ, դրանց մի մասն է առնչվում հարցի բնապահպանական կողմին։
«Մենք հիմնականում ուշադրություն ենք դարձնում, որ շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերը պարտադիր լվացվեն, որ երթևեկելի մասը Երևանում չաղտոտվի, փոշեկլանիչ ցանցերին ենք շատ ուշադիր»,- ասում է Խոջայանը։
Բացի դրանից, կարևոր է նաև, որ, օրինակ, հետիոտնի անցուդարձը ապահովող անվտանգ հատված լինի շինհրապարակի հարակից հատվածում։ Թե արձանագրություններից քանիսն են վերաբերում հենց օդի աղտոտմանը, քաղաքապետարանը չգիտի․ առանձին վիճակագրություն չեն վարում։
Ցանցերի մասին, սակայն, հաճախ են խոսում։ Խոջայանն ասում է՝ նախորդ շաբաթվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շինարարական 164 օբյեկտից 33-ը ապահովված է եղել անթափանց ցանցերով, 54-ը՝ թերի ապահովված, մնացածի մասով վարչարարություն է իրականացվում։ Տուգանքը նախատեսված է Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքով՝ 70-100 հազար դրամի չափով։ Խոջայանի խոսքով՝ այս պահին ներկայացվել է տուգանքների չափը բարձրացնելու որոշման նախագիծ, որը քննարկման փուլում է։
Ավելի քիչ է խոսվում օդի որակը դիտարկող սարքերի մասին։ «Հետքը» նախորդ ամսվա վերջում դիմել էր քաղաքապետարանին՝ տեղադրված սարքերի մասին տեղեկություն ստանալու համար։ Մայիսի 6-ի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Տիգրան Ավինյանը հանձնարարեց փոշեկլանիչ ցանցերից բացի, շինհրապարակներում ստուգել նաև օդի աղտոտվածությունը չափող սարքերը։ Հաջորդ օրը քաղաքապետարանը տեսանյութ հրապարակեց, թե ինչպես են շրջայցի ընթացքում քաղաքապետարանի աշխատակիցները խախտումներ արձանագրում, շեշտվեց նաև օդի մոնիթորինգի սարքերի անհրաժեշտության մասին։
Քաղաքապետարանից հայտնում են՝ կառուցապատողը շինարարության ընթացքում կարող է վարձակալել օդի մոնիթորինգի սարքերը։ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն, որը 100% մասնաբաժնով Երևանի քաղաքապետարանին ենթակա կառույց է, սարքերը սպասարկող «Քլարիթի Մուվմենթ» ընկերության ներկայացուցիչն է։
Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից «Հետքին» նախորդ տարվա դեկտեմբերին հայտնել էին՝ սարքեր տեղադրելու համար 78 կազմակերպություն է դիմել, դիմումները դեռ դիտարկվում էին։ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության այդ ժամանակվա պետ Յակով Ասատրյանը հայտնել էր, որ կառուցապատողները մինչև տարեվերջ կամ գուցե այս տարվա սկզբին ստացած կլինեն սարքերը։
Սարքերը դեռ չկային, բայց կառուցապատողները, որոնք օդի մոնիթորինգի սարքեր տեղադրելու գործընթաց չէին սկսել, այդ բաղադրիչի բացակայության մասով տուգանվում էին։
«Այն կազմակերպությունները, որոնք փաստացի տվյալ ծառայությունից օգտվելու դիմում ներկայացրել են համայնքին, այս փուլում չեն տուգանվում։ Համարում ենք, որ սահմանված կարգով դիմել են և սպասում են գործընթացի ավարտին»,- ասել էր Ասատրյանը։
8 ամիս է անցել, սակայն, փաստացի,միայն 12 շինհրապարակում տեղադրված սարք կա։ Խոջայանն ընդունում է՝ գործընթացը դանդաղ է առաջ գնում, տեղադրված սարքերի քանակն իրականում քիչ է։ Ասում է՝ շրջայցերն ամենօրյա բնույթ են կրում, իրենք հետևողական են, բայց ոչ բոլոր կառուցապատողներն են բարեխղճորեն կահավորում շինհրապարակները։
«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրեն Արսեն Ներսիսյանը «Հետքի» հետ զրույցում չմանրամասնեց, թե քանի սարք են ներկրել, ասաց՝ կառուցապատողների քանակով հաստատ կա, բացի այդ՝ շարունակական է լինելու, սարքեր էլի կարող են բերել։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից հայտնեցին, որ ծառայության մատուցման տարեկան արժեքը 1397 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերը, ինչպես նաև տեղափոխման, տեղադրման և համակցման աշխատանքները։
Բնապահպանության վարչության գլխավոր էկոլոգ Գորիկ Ավետիսյանն ասում է` միայն գնելն ու տեղադրելը բավարար չէ, պետք է իրենք հասանելիություն ունենան տվյալներին: Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ սահմանվել են սարքավորումների տեխնիկական չափորոշիչները և առցանց հարթակի հասանելիության պայմանները։ Թեև քաղաքապետարանից ասում են, որ կառուցապատողներն իրենք կարող են սարքերը գնել, պարտադիր չէ իրենցից վարձակալելը, գործնականում պատկերն այլ է: Տեղադրված բոլոր սարքերը, որոնք միացված են հարթակին, «Քլարիթի» ընկերության սարքերն են:
«Մեկ-երկու կառուցապատող է, որ այլ ընկերությունից է չափորոշիչներին համապատասխան սարքեր բերել, բայց դեռ չի միացրել հարթակին: Ենթադրում եմ, որ խնդիր կա, չի կարողանում միացնել։ Էդ դեպքում ուրիշ սարք պիտի բերի»,- ասում է Գորիկ Ավետիսյանը:
«Քլարիթի» ընկերությունը վստահեցրել է, որ այլ ընկերությունների սարքերը ևս հնարավոր է միացնել իրենց հարթակին։ Փորձերը դեռ հաջող չեն, բայց քաղաքապետարանից ասում են՝ կապ չունի, թե որ երկրի կամ որ ընկերության արտադրանքը կլինի։
Օդի մոնիթորինգի նման սարքեր «Քլարիթի» ընկերությունից 2022 թվականին ձեռք էր բերել Երևանի քաղաքապետարանը: Մայրաքաղաքում սենսորային 5 տվիչները տեղադրվել էին տրանսպորտային նոր երթուղիների բնապահպանական ռիսկերը գնահատելու համար: Սարքերի ցուցանիշները, սակայն, հիմա հասանելի չեն։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)