«Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը վաղը նորից հանդիպումներ կունենա։ Այս մասին նա ասաց Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփոելով օրն ու քննարկելով հետագա անելիքները։
«Մեր նպատակն է, որ մեր քաղաքական ամբողջ ներկապնակը տեսնելու և հանդիպելու տարբեր ձևաչափերով։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքին բոլորը միասին պիտի հանդիպեն։ Մեր նախանշած ուղեգիծն ու ծրագիրը մենք ցանկանում ենք այս շաբաթվա մեջ ավարտել։ Առաջիկա շաբաթվա մեջ կհանդիպենք, այդպես նաև ձեզ տեղեկացնելու կոնկրետ ինչ գործողություններ են տեղի ունենալու»,- իր խոսքում նշեց Սրբազանը։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացներին և Խաղաղության պայմանագրին, Սրբազանը ասաց․
«Սահմանազատման ապօրինի ընթացքը շարունակելու, հանցագործության վտանգները ամբողջությամբ չեն վերացել, ուստի պետք է մինչև վերջ գնալ՝ այն վերացնելու համար։
Ինչ որ տեղի է ունենում, պետական առանձնապես ծանր հանցագործություն է, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։ Հանցագործություն է, լավ հիշեք այս բառը։ Հստակ է, որ շարունակվող այս հանցագործությունը կարող է կասեցվել միայն ու միայն այս պայքարով․ ուրիշ ձև ու հնարավորություն մենք չունենք։ Մենք պետք է ոչ միայն վերջնականապես հասնենք գործընթացի, որը ես համարում եմ ծրագիր, դադարեցմանն ու կասեցմանը, այլև բուն պատճառի վերացմանը, հեռացմանը։ Մենք խաղ անելու ժամանակ չունենք, ժողովուրդ ջան»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների այսօրվա հանդիպման լուրերին՝ Սրբազանն ասաց.
«Տեղեկություններ ենք ստացել, որ տավուշում հանդիպումներ են տեղի ունեցել։ Այդուհանդերձ գիտեք, որ այսօր հատվածական, միակողմանի ապօրինի սահմանազատման ու սահմանագծման այդ ամբողջ հատվածում հանդիպում է տեղի ունեցել և էքսպերիմենտը չգիտենք ուր է հասել։ Տեղեկություններ չունեմ, բայց պետք է զիջվեն այդ տարածքներն ու դիրքերը այսպես կոչված «սահմանագիծ» լինի։
Տեղյակ չենք, թե ինչ է եղել արդյունքը։ Այս պահին զորքերը տեղում են, եթե իհարկե գիշերը չտեղափոխեն։ Սա նշանակում է, որ ժողովուրդ, դուք գործոն եք էս երկրում։ Այս անհամաձայնությունը նշանակում է, որ դուք եք իրական գործոնը։ Այս շարունակվող հանցագործությունը միայն ու միայն մեր պայքարի միջոցով է կասեցվելու։ Այս շարժումը խախտել է այս մարդու ու իր գործընկերոջ ծրագիրը։
Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովն իրավունք չունի, իրավական ոչ մի հիմնավորում չունի։ Եվ որևէ արձանագրություն ստորագրելու նույնիսկ իրավունք չունի՝ վավերացնելու իմաստով։ Ոչ էլ կառավարության ղեկավարն իրավունք ունի։ Այդ որոշումը պետք է լինի գրավոր՝ կառավարության որոշում։ Ոչ էլ մեկ անձի։ Սա շատ կարևոր է, որ հասկանանք՝ այս կառավարությունն ամբողջությամբ այդպե՞ս է, թե՞ ոչ և երկրորդը՝ շարունակվու՞մ է այդ ապօրինի գործընթացը, թե՞ ոչ»,- ասաց Բագրատ Սրբազանը։
comment.count (0)