Ռուս սահմանապահները հայկական կողմի խնդրանքով չէ, որ մնում են սահմանի որոշ հատվածներում․ Գրիգորյանը հերքել է Պեսկովի հայտարարությունը
10:10 - 17 մայիսի, 2024

Ռուս սահմանապահները հայկական կողմի խնդրանքով չէ, որ մնում են սահմանի որոշ հատվածներում․ Գրիգորյանը հերքել է Պեսկովի հայտարարությունը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունները։

Վերջինս ասել էր, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնեցրել են Հայաստանի մի շարք մարզերից ՌԴ զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, սակայն հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին:

Գրիգորյանը պարզաբանել է, որ սկզբում հայկական կողմը ՌԴ-ին առաջարկել է, որ Զվարթնոց օդանավակայանում միայն հայ սահմանապահները ծառայությունն իրականացնեն, ինչպես նաև քննարկումներ են սկսվել, որ հանվեն Սիսիանում և Գորիսում գոյություն ունեցող բազաները, որոնք ԼՂ-ում ռուս խաղաղապահներին էին աջակցում, ինչպես նաև ռուսական ներկայությունը դուրս գա Ներքին Հանդից։ ԱԽ քարտուղարի խոսքով ռուսական կողմը ընդունել է այդ առաջարկները։

«Եվ նրանք (ռուսական կողմը՝ խմբ․) հարցրել են՝ արդյոք Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաններից էլ եք ասում, որ դուրս գանք։ Մենք ասել ենք, որ այս երեք ուղղություններով («Զվարթնոց», Ներքին Հանդի 17 կետ, Սիսիան-Գորիս հատված՝ խմբ․) բանավոր պայմանավորվածություն են։ Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաններին, դրանք պայմանագրային են, մենք դա էս պահին ձեզ հետ (ռուսական կողմի՝ խմբ․) չենք քննարկում»,- ասաց Գրիգորյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ սա չի համընկնում Պեսկովի հայտարարությանը, քանի որ վերջինիս խոսքով հայկական կողմի խնդրանքով է մնում ռուսական ներկայությունը, Գրիգորյանն արձագանքել է․ «Մենք որևէ նման խնդրանք չենք ունեցել բնականաբար։ Ես պատմեցի այն, ինչ տեղի է ունեցել՝ թողնելով հանրության դատին եզրակացությունը»։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահ դուրս գալու մասին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր ՌԴ զինվորականների և սահմանապահների դուրսբերումը և հայտարարել, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել