tert.am: Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մոտվիենկոն նամակ չի ուղարկել Հայաստանի Ազգային ժողով, նամակն ինձ ուղարկել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը` բովանդակությամբ, թե արդյոք Հայաստանի խորհրդարանը կիսում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի արտահայտած տեսակետը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Ես անտրամաբանական համարեցի այդ հարցին պատասխանելը, քանի որ, երբ ԱԺ նախագահը ներկայացնում է Հայաստանի խորհրդարանը, ներկայացնում է նաև բովանդակությունը։ Ակնհայտ է, որ այս հարցի պատասխանը այո է։ Արտահայտված միտքն առնվազն արտացոլում է Խորհրդարանի իշխող մեծամասնության դիրքորոշումը»,- ասաց նա։
Խանդանյանի խոսքով՝ իր պատասխան նամակում նշել է սկզբունքներ, որոնցով առաջնորդվում են ՀՀ իշխանությունները Հայաստանի շահերի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության առումով։
«Եթե անգամ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, դրանք չեն գեներացվում երկրի իշխող ուժի կամ իշխանության կողմից։ Հայաստանում հակառուսական տրամադրություններն առաջացել են Ռուսաստանի գործողությունների արդյունքում»,- նշեց Խանդանյանը:
comment.count (0)