hetq.am։ Հայաստանում արդյունահանվող ոսկուն տիրանում են ռուս գործարարները, հայ պաշտոնյաները կամ նրանց փոխկապակցված անձինք, իսկ մի հատվածն անցնում է օֆշորային գոտիներով և հայտնվում հասարակությունից թաքնվող անձանց գրպաններում:
Հայաստանը մետաղներով հարուստ երկիր է: Կա պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի և արծաթ: Արդյունահանման թույլտվություն է տրամադրված 28 մետաղական հանքավայրի:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածը սահմանում է, որ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է: Ընդերքը տրամադրվում է միայն օգտագործման իրավունքով:
Հայաստանի ընդերքի հարստությունը կորզվում և արտահանվում է՝ միլիոնավոր դոլարների շահույթ ապահովելով հանքարդյունահանողներին: Սակայն հայաստանյան ընդերքի հաշվին հարստացողների մասին տեղեկությունները հանրությանը այդպես էլ հասանելի չեն դառնում:
Այս հետաքննությամբ պարզել ենք, որ հանքարդյունահանման թույլտվություն ստացել են նախկին և ներկա պաշտոնյաները, նրանց հարազատները կամ փոխկապակցված անձինք, ինչպես նաև օֆշորային ընկերություններ, որոնց մի մասը կապված է ՌԴ-ի գործարարների և կառավարության հետ առնչություն ունեցող անձանց հետ:
16 ընկերություն Հայաստանում ոսկու և ոսկի-բազմամետաղների ընդերքօգտագործման իրավունք ունի: Սակայն 2019թ.-ի դրությամբ արդյունահանում իրականացնում է միայն 4-ը:
Մինչև 2019 թվականը ոսկու ամենամեծ հանքավայրերը շահագործում էին ռուսական ընկերությունները՝ օգտագործելով օֆշորային զանազան սխեմաներ: 2019 թ.-ին այդ երկու հանքավայրերը շահագործող ընկերություններում բաժնետերերի փոփոխություններ են եղել:
Նոր բաժնետեր՝ Սոթքի
Սոթքը ոսկու ամենամեծ հանքավայրն է Հայաստանում: Գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճից 32 կմ հեռու: Վերջին անգամ Սոթքի ոսկու պաշարները հաստատվել են 2012թ.-ին: Համաձայն հանքավայրի անձնագրի՝ կենտրոնական տեղամասում հետախուզված է 9 հանքամարմին, որոնցում հանքավայրի հաշվեկշռային պաշարները կազմել են 31 141 հազար տոննա հանքաքար, 133,5 տոննա` ոսկի, 175,6 տոննա` արծաթ:
Սոթքի հանքավայրը շահագործում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, և ընդերքօգտագործման իրավունքը վավեր է մինչև 2028 թվականը: Հանքարդյունահանումն իրականացվում է Սոթքում, իսկ հանքաքարը վագոններով տեղափոխվում է Արարատի ոսկու կորզման գործարան և այնտեղ վերամշակվում: Ընկերությունը միակն է Հայաստանում, որ դորե համաձուլվածք է արտադրում ու արտահանում:
Համաձայն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` Հայաստանում գրանցված «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի բաժնետերը Նիդեռլանդներում գրանցված GPM Armenia B.V.-ն է, որի ճյուղերն անցնում են Կիպրոսով և հասնում Բրիտանական Վիրջինյան կղզիներ ու Ռուսաստանի Դաշնություն:
Geopromining Investment (CYP) Limited-ի վերահսկիչ փաթեթը Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված և անհայտ բաժնետերերի պատկանող 2 ընկերության պատկանում (տես գծանկարում՝ Geiser և Tobali): Երկրորդ խոշոր բաժնետերը` Nakilep Overseas Limited-ը գրանցված է Կիպրոսում, որի բաժնետերը ռուսական «Ստարտ Աերո» ՍՊԸ-ն է (OOO "СТАРТ АЭРО"):
Համաձայն ռուսական ռեգիստրից մեր ձեռք բերած փաստաթղթի` այն 2019թ. մարտից ամբողջությամբ ռուս գործարար, միլիարդատեր Ռոման Տրոցենկոյինն է: Նրա անունը կա նաև կիպրոսյան ընկերության տնօրենների ցանկում:
Տրոցենկոն
2012թ.-ից ռուսական պետական նավթային «Ռոսնեֆտ» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Սեչինի խորհրդականն է եղել: Այնուհետև գլխավորել է «Ռոսնեֆտ»-ի դուստր Rosneft Overseas-ը, որը զբաղվել է ընկերության արտասահմանյան ակտիվների կառավարմամբ: Իսկ մինչ «Ռոսնեֆտ» գալը գլխավորել է պետական՝ Միացյալ նավաշինական կորպորացիան:
Տրոցենկոն այժմ գլխավորում է «АЕОН» կորպորացիան, որի մեջ մտնում են 3 տասնյակ տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերություններ, այդ թվում` երեք նավակառույց գործարան, երկու նավաշինական ընկերություն և 13 օդանավակայան: Կորպորացիայի խմբում է նաև միջազգային զբոսանավեր կառուցող Timmerman Yachts-ը:
Որպես «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի հիմնադիր և հիմնական բաժնետեր հանդես է գալիս ռուս գործարար Սիման Պովարենկինը: 1992թ.-ին՝ Օմսկի համալսարանի օրգանական քիմիայի ֆակուլտետն ավարտելուց հետո Սիման Պովարենկինը երկու տարի աշխատել է իր հոր՝ Վիկտոր Պովարենկինի ղեկավարած անվադողերի գործարանում:
Սիմանը գլխավորել է գործարանի արտահանման բաժինը: Այնուհետև՝ 28 տարեկանում, տնօրինել է առաջին մասնավոր բանկերից մեկի՝ Incombank-ի Օմսկի մասնաճյուղը: Ս. Պովարենկինը Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանի գործարար խորհրդի անդամ է:
Ամբողջական հոդվածը՝ hetq.am
comment.count (0)