ՀՀ-Գերմանիա հարաբերությունները կայուն զարգանում են. Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
14:59 - 20 մայիսի, 2024

ՀՀ-Գերմանիա հարաբերությունները կայուն զարգանում են. Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին:

Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գերմանիա հարաբերությունները կայուն զարգանում են, և դրան նպաստում են վերջին շրջանում ակտիվ փոխայցերը թե՛ օրենսդիրի և թե՛ գործադիրի մակարդակով:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել վերջին զարգացումների մասին:

Սարգիս Խանդանյանը, խոսելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի քայլերի մասին, գործընկերներին է ներկայացրել ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Գերմանացի հյուրերը ողջունել են նախաձեռնությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն թույլ կտա խաղաղ համակեցություն հաստատել տարածաշրջանում:

Հայ խորհրդարանականները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  անձանց կարիքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, այս հարցում կարևորել միջազգային գործընկերների աջակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել