Նորոգված փոսերը մի քանի օրում քանդվել են. խախտված նորմեր, լրացուցիչ ծախսեր՝ ձեր հարկերից 
18:23 - 21 մայիսի, 2024

Նորոգված փոսերը մի քանի օրում քանդվել են. խախտված նորմեր, լրացուցիչ ծախսեր՝ ձեր հարկերից 

Արդեն 2 ամիս է, ինչ Երևանում տեղի են ունենում փոսային նորոգման աշխատանքներ։ Քաղաքային բյուջեից մոտ կես միլիարդ դրամ է հատկացվել մայրաքաղաքի փողոցները նորոգելու համար։ Փոսերը, սակայն, չեն վերացել։ Ավելին՝ առաջացել են նորերը։ 

Փոսային նորոգման ընթացքում առաջացած խնդիրներին երեկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Շինարարության և բարեկարգման վարչության ժ/պ Արմեն Հարությունյանը մի քանի րոպեում լուծում գտան. հրատապ կերպով նոր գնում կազմակերպել, նորից միջոցներ հատկացնել բյուջեից և կրկին իրականացնել փոսային նորոգման աշխատանքներ։ 

Դեռ մարտին Երևանի քաղաքապետարանը ընդհանուր առմամբ 552,3 մլն դրամի պայմանագիր է կնքել 4 ընկերության հետ՝ Երևանում փոսային նորոգման աշխատանքներն իրականացնելու համար։ Շինարարության և բարեկարգման վարչության ժ/պ Արմեն Հարությունյանը երեկ գործակարգավարական նիստի ժամանակ նշեց, որ փոսալցրել են նախատեսված 104 հազար քմ-ի մոտ 75 տոկոսը, սակայն փոսերի խնդիրը դրանով չի վերացել։

«Հաշվի առնելով եղանակային պայմանները, որը սահմանափակեց նաև մեր աշխատանաքային օրերը, այսինքն՝ չկարողացան առկա փոսերը վերանորոգեն, ինչը նաև հանգեցրեց նրան, որ մենք ունեցանք ավելի մեծ չափերի փոսեր կամ էլի նոր փոսեր, այսինքն էդ պահին չկարողացանք վերանորգենք եղած  փոսերը, ինչը ստեղծեց իրավիճակ, որ նոր փոսեր առաջանան»,- նկարագրեց Հարությունյանը՝ խնդրելով քաղաքապետին ֆինանսական նոր միջոցներ հատկացնել, «Մեկ անձ» ընթացակարգով գնում կազմակերպել և ավարտել քաղաքի փոսային նորոգման աշխատանքները։ 

Քաղաքապետը պատասխանեց. «Հրատապ գնումը կազմակերպենք»։  

Արդյո՞ք եղանակային պայմաններն են փոսային նորոգումների ձախողման հիմնական պատճառը. «Ինֆոքոմը» դիտարկել և հայտնաբերել է նորմերի խախտումներ 

Ամեն տարի արվող փոսային նորոգման աշխատանքները այս տարի սկսեցին մարտի 27-ին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Աշխատանքները պետք է իրականացվեին հետևյալ սկզբունքով․ առաջին օրը երթևեկելի վնասված մասի կտրում,  հաջորդ օրը՝ ասֆալտ-բետոնե ծածկի տեղադրում։  

Ըստ փոսային նորոգման աշխատանքներ իրականացնող ընկերությունների հետ կնքված պայմանագրերին կից տեխնիկական բնութագրի՝ փոսային նորոգման աշխատանքները պետք է իրականացվեին առավելագույնը 72 ժամվա ընթացքում՝ հաշվի առնելով եղանակային պայմանները։ Ի դեպ՝ եղանակային կանխատեսումներ անող բազմաթիվ միջոցներ և գործիքներ կան, որոնցից ասֆալտապատող ընկերությունները կարող էին օգտվել նորոգման աշխատանքները պլանավորելիս։ 

«Ինֆոքոմը» դիտարկել է կատարվող աշխատանքների ժամկետներն ու որակը։ 

Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում փոսային նորոգման աշխատանքներ իրակաանացնող «Ապոլլոնն» ՍՊԸ-ից և քաղաղաքապետարանից ապրիլի 4-ին հայտնել էին, որ նույն օրը գիշերը սկսելու են Նոր Նորքի 4-րդ զանգվածից դեպի Ջրվեժ բարձրացող հատվածում փոսային նորոգման աշխատանքները։ 

4 օր անց՝ ապրիլի 8-ին, «Ինֆոքոմը» ֆիքսել է, որ քանդման աշխատանքներն արվել են, սակայն դեռ ասֆալտ-բետոնե ծածկը չի տեղադրվել։ 


08/04/2024


09/04/2024


10/04/2024


11/04/2024

Ասֆալտ-բետոնե ծածկի տեղադրումը շինարարական կազմակերպությունը սկսկել է քանդման աշխատանքներից 8 օր հետո՝ ապրիլի 12-ին։

Այս ժամանակահատվածում փոսային նորոգման աշխատանքներ էին իրականացվում նաև Կենտրոն, Դավթաշեն, Նուբարաշեն, Ավան, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններում։ 

Աջափնյակ վարչական շրջանում ասֆալտապատումն իրականացնում է «Տեր-Հայրապտյան Շին» ՍՊԸ-ն։ Հալաբյան փողոցում ընկերությունը արել էր քանդման աշխատանքներ, սակայն փոսալցման աշխատանքները վերսկսեց միայն սահմանված ժամկետի ավարտին։ 


09/04/2024


11/04/2024


12/04/2024

Փոսերը նորոգելուց հետո նորից քանդվել են

Ընկերությունները փոսային նորոգման աշխատանքներն իրականացնում են սխեմատիկ գծագրերի հիման վրա։ Սխեմատիկ գծագրերը ցույց են տալիս, թե փողոցի որ հատվածում ինչ ծավալի աշխատանք է կատարվել։

«Ապոլլոնն» ՍՊԸ-ի սխեմատիկ գծագրերից երևում է, որ ընկերությունը փոսային նորոգման աշխատանքներ է իրականացրել Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրարդյան, Բագրևանդ, Ավան վարչական շրջանի Ալմաթի փողոցներում։ Այս փողոցների դիտարկման արդյունքում արձանագրել ենք, որ կատարված փոսային նորոգման աշխատանքներից հետո տեղումներ են եղել, և փոսերը նորից քանդվել են։ 


Բադալ Մուրադյան փողոց, Նոր Նորք


Բագրևանդ փողոց, Նոր Նորք 


Բագրևանդ փողոց, Նոր Նորք 


Ալմաթի փողոց, Ավան 

«ԼԵՎ-ՇԻՆ» ընկերությունը, որը փոսային նորոգման աշխատանքներ է իրականացնում Արաբկիր վարչական շրջանում, իր ներկայացրած սխեմատիկ գծագրերում նշել է, որ նորոգել է Վաղարշյան, Քեռու, Իսահակյան, Օրբելի, Փափազյան և մի քանի այլ փողոցներ։ Դիտարկել ենք Քեռու փողոցը նորոգման աշխատանքներից օրեր անց։ 

Ապրիլի 4-ին դիտարկում իրականացնելու համար զանգահարել էինք «Լիլիթ-87» ընկերութուն, իմանալու, թե որ հատվածում են աշխատանքներ իրականացնում։ Ընկերությունից պատասխանեցին, որ փոսային նորոգման աշխատանքներ իրականացնելու են միայն Կենտրոն վարչական շրջանում, այնինչ, ըստ քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի, «Լիլիթ-87»-ը նորոգում պետք է իրականացներ նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում։

Քաղաքապետարանից ճշգրտեցին, որ Նորք-Մարաշի ասֆալտապատումը, ըստ կնքված պայմանգրի, իրականացնելու է «Լիլիթ-87» ընկերությունը։ 

Մոտ մեկ ամիս անց՝ մայսիս 2-ին, «Լիլիթ-87» ընկերության ավագ ինժեներ Սահակ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե չեն իմացել իրենց` Նորք-Մարաշում փոսային նորոգման աշխատանքներ իրականացնելու պարտավորության մասին։ Միայն մի քանի օր առաջ են քաղաքապետարանից կարգադրություն ստացել փոսային նորոգման աշխատանքներ իրականացնել նաև այդ վարչական շրջանում։ 

Դիտարկում ենք իրականացրել նաև Նորք-Մարաշի Գևորգ Հովսեփյան փողոցում։ 





Անորակ աշխատանք, թույլ վերահսկողություն. Երևանի՝ մի քանի օրվա կյանք ունեցող փոսային նորոգման պատճառները

Ճանապարհաշինարարների հայկական ասոցացիայի խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչու են Երևանում փոսային նորոգման աշխատանքներից հետո՝ մի քանի օրվա ընթացքում, կրկին փոսեր առաջանում։ 

Էդուրադ Բեզոյանը նշում է, որ կան բազմաթիվ իրավական ակտեր, միջազգային փաստաթղթեր, որնց հիման վրա էլ 2022 թվականից գործում են նոր ճանապարհաշինարարական նորմերը։ Դրանք սահմանում են ասֆալտապատման տարածքի ուսումնասիրությունը, փոսերի խորության չափումները, ասֆալտի կտրման չափորոշիչները, ասֆալտ-բետոնե խառնուրդի որակը և ջերմաստիճանը, իրականացվող աշխատանքների ժամկետները, ինչպես նաև ասֆալտապատվող տարածքի կահավորումը։

Ըստ Բեզոյանի՝ ասֆալտապատում իրականացնող ընկերությունները հաճախ չեն պահպանում այդ նորմերը, իսկ պատվիրատուն, այս դեպքում՝ քաղաքապետարանը, պատշաճ վերահսկողություն չի իրականացնում։ 

Օրինակ՝ ծածկի փռման ժամանակ ասֆալտ-բետոնի ջերմաստիճանը պետք է լինի 100-120 աստիճան, սակայն ժամերի ընթացքում բեռնատար մեքենայի մեջ բաց վիճակում գտնվելով՝ ջերմաստիճանը նվազում է, ինչը նույնպես նորմերի խախտում է։ 

«Տեր-Հայրապետյան Շին» ընկերություն, Հալաբյան փողոց, 03/04/2024

Ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար պետք է տեղադրվեն համապատասխան նշաններ, ժապավեններով պետք է տարանջատվի տարածքը, որ երթևեկությանը չխանգարի։ 

«ԼԵՎ-ՇԻՆ» ՍՊԸ, Թբիլիսյան խճուղի 19/04/2024

«Չի թույլատրվում փոսային կտրվածքները մի քանի օր թողնել։ Երբ ֆրեզավորում են իրակակացնում, հաջորդ օրը պետք է իրականացվի լցման աշխատանք։ Հակառակ դեպքում այդ եզրագծերը նորից կջարդվեն, նոր պրոբլեմներ կառաջանան»,- բացատրում է Էդուարդ Բեզոյանը։

Ինչպես արդեն ցույց է տալիս «Ինֆոքոմի» վերոնշյալ դիտարկումը, ասֆալտապատման աշխատանքների ժամկետները մի շարք վարչական շրջաններում խախտվել են։

Երևանի քաղաքապետարանից հարցմամբ ուզել էինք աշխատանքների համար սահմանված ժանանակացույցը, որը, սակայն, քաղաքապետարանը չէր տրամադրել՝ պատճառաբանելով, որ եղանակային պայմաններից ելնելով՝ կարող են գրաֆիկից շեղումներ լինել, և նպատակահարմար չեն համարում դրանց տրամադրումը։ 

 

Ովքե՞ր են իրականացնում փոսային նորոգման աշխատանքները Երևանում

Երևանի քաղաքապետարանի փոսային նորոգումների աշխատանքների կատարման համար հայտարարված մրցույթում ընտրվել են 4 մասնակիցներ՝ «Տեր-Հայրապետյան Շին», «Լիլիթ-87», «Լև-Շին» և «Ապոլլոնն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։ 


«Ապոլլոնն» ՍՊԸ

2023 թվականի տարեսկզբին հիմնված այս ընկերության սեփականատերը Անդրանիկ Սաքեյանն է։ Ընկերությունը պետական գնումներին ներկայացրած 15 հայտերից շահել է 2-ը՝ ասֆալտապատման պայմանագրեր կնքելով Երևանի քաղաքապետարանի հետ։ 

«Լեվ-Շին» ՍՊԸ

Այս ընկերության 100% բաժնետերը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, նախկինում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանն է։ Ընկերությունը 2021 թվականին էլ է շահել Երևանի քաղաքապետարանի ասֆալտապատման աշխատանքների համար հայտարարված մրցույթում։ Աշխատանքներն իրականացրել է Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։ 

2020 թվականին ստեղծված այս ընկերությունը պետական գնումներում շահել է 22 անգամ, որոնցից 11-ը՝ Երևանի քաղաքապետարանի մրցույթներում։ 

Մինչև Կարեն Հակոբյանը՝ ընկերության 100% բաժնետեր է եղել Հակոբյանի քրոջ որդին՝ Նովլեթ Արաքսի Նաջարյանը։ Նովլեթի հայրը՝ Արաքս Նաջարյանը, «ԲԵՍԹ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի 100% բաժնետեր է։ Այս ընկերությունը նույնպես մասնակցում է պետական գնումներին։ 2021 թվականին ստեղծված այս ընկերությունը պետական գնումներում  շահել է 12 անգամ, որոնցից 4-ով պայմանգիր է կնքել է Երևանի քաղաքապետարանի հետ՝ վերանորոգման, այգիների բարեկարգման  և սալիկապատման աշխատանքներ իրականացնելու համար։

«Տեր-Հայրապետյան Շին» ՍՊԸ

Ընկերության 100% բաժնետերը 2020 թվականից Հրանտ Ումրոյանն է։ Նրան է պատկանում նաև «ՍՄԱՐԹԼԱՅՆ» ընկերությունը, որը միայն 2020-2024 թվականներին 46 պայմանագիր է կնքել Երևանի քաղաքապետարանի հետ՝ գրենական պիտույքներ և սարքավորումներ մատակարարելու համար։

Հրանտ Ումրոյանը մինչև 2019 թվականի հունիսի 6-ը եղել է նաև «ՊՐՈՖ-ՕՖԻՍ» ընկերության բաժնետերերից։ «ՊՐՈՖ-ՕՖԻՍ» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ 4 պայմանագիր ունի կնքած։ Այժմ «ՊՐՈՖ-ՕՖԻՍ» ՍՊԸ-ի բաժնետերը նախկին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հակոբ Բեգլարյանի տղան է՝ Նարեկ Բեգլարյանը։ 

«Լիլիթ-87» ՍՊԸ

Կազմակերպության բաժնետերերն են Նարգիզ Աբրահանյանը (50%) և Վաղարշակ Պետրոսյանը (50%)։ 

Ընկերությունը պետական գնումներին սկսել է մասնակցել 2015 թվականից՝ շահելով 27 անգամ, որից 6-ը՝ Երևանի քաղաքապետարանի, 4-ը՝ ԲՏԱ նախարարության, 9-ը՝ ՏԿԵ նախարարության և 8-ը՝ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գնումներում։ 

Կնքված պայմանագրերից 3-ի դեպքում «Լիլիթ-87» ընկերությունը եղել է միակ մասնակիցը։ Պայմանագրերից 2-ը կնքվել են Երևանի քաղաքապետարանի, 1-ը՝ Կոտայքի մարզպետի աշխատակազմի հետ։

 

Ասֆալտապատման ոլորտում իրականացվող մրցույթներում ներքին պայմանավորվածություն կա․ ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին որոշում էր հրապարակել Երևանի քաղաքապետաարանի և մի շարք ընկերությունների կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին։

Որոշման մեջ նշվում էր, որ մասնակիցները դրսևորել են գործողությունների հնարավոր համաձայնության մասին վկայող վարքագիծ։ 

Վարույթի շրջանում տեղի են ունեցել հանձնաժողովի նիստեր, որոնց ընթացքում պարզվել է, որ. 

  • Յուրաքանչյուր ընկերություն ընտրված մասնակից է ճանաչվել կոնկրետ չափաբաժնի մասով և իրականցրել է աշխատանքեր կոնկրետ իր համար նախընտրելի աշխարհագրական տարածքում։
  • Մասնակիցների գնային առաջարկների հաշվարկման մեթոդները նախահաշվարկային գնի նկատմամբ տարբեր չափաբաժինների դեպքում տարբեր են, քանի որ կոնկրետ չափաբաժինների դեպքում մասնակիցները ներկայացրել են առավել ցածր գնային առաջարկներ և ճանաչվել ընտրված մասնակից։ 
  • Մասնակիցները տարիներ շարունակ իրականացրել են աշխատանքներ նույն վարչական շրջաններում այն պայմաններում, երբ վերջիններս ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերից նախապես չպետք է իմանային, որ վարչական շրջաններում պետք է իրականացնեն աշխատանքները։
  • Ընկերությունները հայտ են ներկայացրել գնման առարկաների նախահաշվային գներին մոտ գներով, ինչը կարող է վկայել գնումների գործընթացին մասնակից տնտեսվարող սուբյեկտների և գնումների գործընթացը կազմակերպող անձանց միջև որոշակի պայմանավորվածության մասին։ 

ՄՊՀ որոշման հիման վրա վարույթ էր հարուցվել այս տարի ասֆալտապատում իրականացնող կազմակերպություններից 2-ի՝ «Լիլիթ-87» և «ԼԵՎ-ՇԻՆ» ընկերությունների վերաբերյալ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումներ իրականացնելու հիմքով։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հանձնաժողովը որոշում է հրապարակել այն մասին, որ կազմակերպություններից մի քանիսի վարույթները պետք է կարճվեն, այդ թվում՝ «ԼԵՎ-ՇԻՆ» ընկերության վերաբերյալ վարույթը։ 8 ընկերություն տուգանվել է՝ ներառյալ «Լիլիթ-87» ՍՊԸ-ն՝ 13,8 մլն ՀՀ դրամի չափով։   

Նիստերի ընթացքում «Լիլիթ-87» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունները նախապես պայմանավորվածություն են ձեռք բերում չափաբաժինների մասով։ Այլ ընկերությունների ներկայացուցիչներ էլ հայտնել են, որ տեղեկացել են, թե որ վարչական շրջաններում են իրականացնելու աշխատանքները Քաղաքապետարանի հետ պայմանագրերը կնքելուց առաջ։ 

 

Ովքե՞ր են իրականացրել փոսային նորոգման աշխատանքների վերահսկողությունը

Փոսային նորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները, ըստ կնքված պայմանագրերի հավելված 1-ում նշված տեխնիկական բնութագրի, պարտավոր են քաղաքապետարանի կողմից տրված նախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացնել տեխնիկական հսկողություն, որ աշխատանքը կատարվի որակով և պայմանագրային փաստաթղթերին համապատասխան։ 

Կազմակերպությունները պարտավոր են ամենօրյա ռեժիմով լուսանկարահանել շինարարության օբյեկտի վիճակը, հսկել կապալառուի կատարած աշխատանքի որակը, իսկ պայմանագրային պարտավորությունններից շեղվելու դեպքում այդ մասին տեղյակ պահել պատվիրատուին՝ կցելով համապատասխան հիմնավորումը։ 

Փոսային նորոգման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների աշխատանքի տեխնիկական հսկողության ծառայություններ իրականացնելու համար հայտարարված մրցույթում 7 մասնակիցներից հաղթող են ճանաչվել «Ինժեներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Վահրամ Կնյազյան» անհատ ձեռնարկատերը՝ որպես ամենացածր գնառաջարկ ներկայացրած ընկերություններ։ 



«Ինժեներինգ» ՍՊԸ

2016 թվականին ստեղծված այս կազմակերպությունը պետական գնումներում 27 պայմանագիր ունի կնքած, որից 16-ը Երևանի քաղաքապետարանի հետ՝ տեխնիկական հսկողության ծառայություններ իրականացնելու համար։  

Ընկերության տնօրեն Արման Խալաթյանը նաև «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» ընկերության սեփականատեր է։ 2020 թվականին ստեղծված այս ընկերությունը նույնպես մասնակցում է պետական գնումներին, իրականացնում տեխնիկական հսկողություն։ Ընկերությունը ընդհանուր առմամբ 136 պայմանագիր է կնքել տարբեր գերատեսչությունների հետ, որից 104-ը՝ Երևանի քաղաքապետարանի։ 

«Վահրամ Կնյազյան» ԱՁ

Տեխնիկական հսկողության ծառայություններ իրականացնող այս կազմակերպությունը վերջին 4 տարիներին Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրերի քանակով երկրորդն է։ 

2013 թվականին ԱՁ հիմնած Վահրամ Կնյազյանը պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքած 244 պայմանագիր ունի, որից 158-ը՝ Երևանի քաղաքապետարանի հետ։ 

«Որ ամեն մի շինարարական աշխատանք իրականցնող պարտավորվի իր կատարած աշխատանքի համար մինիմում 1 տարվա երաշխիք տալ, եթե մեկ տարվա ընթացքում [ասֆալտը] նորից վնասվեց, նա պարտավորվի իր միջոցներով վերականգնի… Այ երբ կազմակերպությունները իրենց ուսերի վրա զգան այդ ծարությունը, ինձ թվում է, որ մեր փողոցների վիճակը մեկ աստիճան ավելի բարձր կլինի»,- ասում է Ճանապարհաշինարարների հայկական ասոցացիայի խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը։

Հաջորդիվ կանդրադառնանք քաղաքապետարանի՝ փոսային նորոգման հավելյալ գնումներին և դրանց վերահսկողությանը։ 

 

Ջուլիետտա Հովհաննիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել