Հայաստանը կընդունի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
19:11 - 22 մայիսի, 2024

Հայաստանը կընդունի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը

Մայիսի 24-ին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը:

Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարի տեղակալ Այբեկ Աբդիմոմունովը, ԱՊՀ մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով խորհրդական Ալեքսանդր Դուբկովսկին, Տաջիկստանի սպորտի և երիտասարդության հարցերի կոմիտեի փոխնախագահ Պարվիզ Օբիրզոդան, Ղազախստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի փոխնախագահ Ազամատ Իմաշևը, Ուզբեկստանի, Թուրքմենստանի սպորտի ոլորտը համակարգող կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Միջոցառմանը կմասնակցեն նաև Ռուսաստանի մարզիկների միության նախագահ, ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Դավիդ Մուսուլբեսն ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Ասլանբեկ Խուշտովը։

Համաժողովը կվարի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները կծանոթանան նաև Գյումրու մարզական ենթակառուցվածքներին, կունենան մի շարք այլ հանդիպումներ:

Մայիսի 25-ին Երևանում տեղի կունենա «Սպորտը բոլորի համար» և «Սպորտի համաշխարհային նվաճումները» խորագրով մարզական ֆորումը: Նախատեսված են նաև այցելություններ Երևանի և Ծաղկաձորի մարզական ենթակառուցվածքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել