armenpress.am: Թայվանի շրջակայքում մեկնարկել են Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի համալիր զորավարժությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մարտական հրամանատարության արևելյան գոտին մայիսի 23-ին ժամը 07:45-ից համալիր զորավարժություններ է անցկացնում Թայվանի նեղուցում, Թայվան կղզուց դեպի հյուսիս, հարավ և արևելք, ինչպես նաև Ցզինմեն, Մացզու, Ուցյու և Դունին կղզիների շուրջ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հրամանատարության ներկայացուցիչ Լի Սին տեղեկացրել է, որ զորավարժություններին գործի են դրվել ցամաքային զորքերը, ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը և հրթիռային զորքերը։
Նրա խոսքով` «զորավարժությունները կենտրոնացած են ծովից և օդից համատեղ պարեկության վրա, մարտադաշտի նկատմամբ համապարփակ վերահսկողության և հիմնական թիրախների ուղղությամբ համատեղ բարձր ճշգրտության հարվածների վրա»:
Լի Սին նշել է, որ վարժանքների նպատակը Մարտական հրամանատարության արևելյան գոտու ուժերի «իրական մարտունակության» ստուգումն է։
Նա հայտարարել է, որ վարժանքները նաև պատասխանը կլինեն «հանուն Թայվանի անկախության հանդես եկող ուժերի անջատողական գործողություններին, և խիստ նախազգուշացում` արտաքին ուժերի կողմից միջամտության և սադրանքների դեմ»:
comment.count (0)