Հայրենիքից դուրս պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձեւավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
22:04 - 24 մայիսի, 2024

Հայրենիքից դուրս պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձեւավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես եկավ ուղերձով, որի ժամանակ խոսեց սահմանազատման գործընթացի մասին՝ նշելով, որ այսօրվանից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ստանձնեցին ՀՀ պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար եւ Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Նա նշեց, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը մինչեւ ս․թ․ հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով։

«Ինչ է կատարվում մեր երկրում, մեր երկրի հետ, ինչու է կատարվում այդ ամենը, որոնք են այս կետից հետագա ընթացքի հնարավոր սցենարներն ու այլընտրանքները․ առանցքային գործոնը, որից բխում են ընթացիկ գործընթացները, այն ռազմավարությունն է, որ ՀՀ կառավարությունը դրել է իր աշխատանքային սեղանին։ Դա իրական Հայաստանի ռազմավարությունն է, այն Հայաստանի, որի ոսկեգույն քարտեզ-պատկերն ամեն առիթով բոլորիդ ցույց եմ տալիս»,- ասաց Փաշինյանը եւ հարց հնչեցրեց՝ իսկ ինչու պիտի այս քարտեզը բանավեճեր հարուցի, կրքեր բորբոքի։ Ըստ Փաշինյանի՝ պարզ պատճառով․

«Ոչ միայն նախորդ 33 տարում, այլեւ դրանից առաջ էլ մեր սոցիալ-հոգեբանության օբյեկտը, նպատակն ու նպատակակետը այս Հայաստանը չի եղել, ու սրա համար եղել են օբյեկտիվ պատճառներ։ Դրանցից առանցքայինը դարերով պետություն չունենալու մեր ազգային դժբախտությունն է, որն ինքնին պիտի մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ վառ պահեր պետականությունը վերականգնելու երազանքը, ինչը մեր ազգային ինքնության կարեւորագույն բաղադրիչն է եղել։ Բայց պետություն երազելիս մենք հենվել ենք այն հիշողությունների վրա, որոնք բխել են նախկինում ունեցած մեր պետական ավանդույթից՝ Երվանդունիների Հայաստան, Արտաշեսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան, Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան։ Այդ Հայաստաններն իրենց տարածքով, երբեմն աշխարհագրական դիրքով նույնական եւ համադրելի չեն եղել իրար հետ, ինչը Հայաստանի մասին մեր պատկերացումների կոնկրետացման եւ առարկայացման օբյեկտիվ խոչընդոտ է դարձել»։

Փաշինյանի խոսքով՝ սա կարող է էական չթվալ, բայց, ինչպես շարունակեց նա, պատկերացրեք, դուք ուզում եք տուն կառուցել, բայց վստահ չեք, թե որ տարածում, ինչ դիրքով, ինչ չափի տուն եք ուզում կառուցել․ «Մինչեւ այս հարցերում ձեր պատկերացումները չկոնկրետանան, դուք չեք կարող կառուցել այդ տունը, եւ շինարարությանն ուղված ձեր ջանքերը չեն առարկայանա, առավելագույնը, որ կունենաք, քաոտիկ գործողություններն են, որովհետեւ դուք այդպես էլ չեք կողմնորոշվում, թե որ տարածքում եք ուզում տուն կառուցել, ինչ դիրքով, ինչ չափի։ Առաջին Հանրապետության գոյության կարճ ընթացքում մենք չհասցրինք կոնկրետանալ ՀՀ-ի մասին մեր պատկերացումներում, երկրորդ Հանրապետությունը Սովետականն էր, որն ինքնիշխան պետություն չէր, այլ ԽՍՀՄ կազմում գտնվող երկիր, եւ այս փաստի բերումով թշնամական մջիավայր էր անկախության եւ անկախ Հայաստանի մասին մտածելու համար։ Նման մտքեր ու մտածումներ ունեցողները ենթարկվում էին քրեական հետապնդման եւ սպառնալիք էին ԽՄ անխախտության համար»։

Փաշինյանի խոսքով՝ հայերիս ազգային ուժեղ ինքնագիտակցության դեմ ԽՄ մղած պայքարի մեթոդներից մեկը ՀԽՍՀ հայերի անկախության երազանքները Խորհրդային Հայաստանի եւ ԽՄ տարածքից ուղղորդելն էր, երբեմն աշխարհքաղաքական, երբեմն էլ Հայկական ԽՍՀ-ն որպես հայոց պետականության վերստեղծման պոտենցիալ տարածքի ընկալումը թուլացնելու եւ արմատախիլ անելու նպատակով․

«ԽՄ-ն խթանում էր հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձեւը հայերիս շրջանում։ Այս եւ մի շարք այլ գործոնների բերումով հայրենիքի փնտրտուքը դարձավ հայերիս ենթագիտակցության հենասյուներից մեկը։ Հայրենիքում հայրենիք փնտրելու այդ բանաձեւն անվնաս էր ԽՄ-ի համար, որովհետեւ պետականության վերստեղծման երազանքներն ուղղորդում էր հայկական ԽՍՀ-ից, երբեմն ընդհանրապես ԽՍՀՄ տարածքից դուրս ու նաեւ դառնում աշխարհաքաղաքական գործոն, որ ԽՄ-ն կարող էր օգտագործել միջազգային իր հարաբերություններում։ Իսկ նրանք, ովքեր հայոց պետականության զգացումները փորձում էին կապել ՀԽՍՀ-ի հետ՝ որպես հակասովետական գործունեության կրողներ հայտնվում էին բանտերում եւ քաղաքական լուսանցներում, այսինքն՝ նրանց կողմնակիցները չէին բազմապատկվում։ Ահա այս՝ հայրենիքից դուրս հայրենիք, պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձեւավորվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, որն ինքն իրեն դիրքավորեց ոչ թե որպես սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցեությունն ապահովելու միջոց, այլ որդեգրեց տեսլական, որը լիարժեք տեղավորվում էր հայրենիքի փնտրտուքի խորհրդահայ բանաձեւի մեջ»։

Այստեղ է, ըստ Փաշինյանի, որ հայտնվեցինք վերը նկարագրված իրավիճակում․ «Եւ այնքան էլ վստահ չենք՝ ինչ տարածքի վրա ենք ուզում պետություն կառուցել, ինչ դիրքով ենք ուզում կառուցել եւ ինչ չափերով, եւ հայրենիքի փնտրտուքը վերահաստատվեց որպես երրորդ հանրապետության առանցքային սոցիալ-հոգեբանություն։ Երրորդ հանրապետության խորքային պրոբլեմների մի հսկայական մասը կապված է հենց սրա հետ։ Չեմ կարող պարծենալ, թե այս ըմբռնումը ունեցել եւ հայեցակարգային այս նրբությունները գիտակցել եմ միշտ կամ իմ վարչապետության ողջ ընթացքում։ Այս օրակարգին համակարգված ձեւով առնչվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, խորությամբ եւ գործնականում տեսնելով այն սպառնալիքները, որ կախված են ոչ միայն ՀՀ անվտանգության վրա, այլեւ ընդհանրապես մեր պետության գոյության վրա, եւ հետաւաբար հայեցակարգային հարցը, որի լուծումը կենսական եմ համարել որպես վարչապետ, հետեւյալն է․ ինչպես ենք պատրաստվում ապահովել ՀՀ հարատեւ ու բարեհաջող ապագան։ Ահա այս հարցերի շուրջ ռազմավարական մտածումներն են ինձ հանգեցրել խաղաղության օրակարգին եւ իրական Հայաստանի տեսլականին, որոնք խորապես կապված են մեկը մյուսի հետ։

Եթե մեր ռազմավարական տեսլականն իրական Հայաստանը չէ, առանց այն էլ դժվար խաղաղությունը հնարավոր չի լինելու, որովհետեւ մեր միջավայրը մեզ համարելու է ռազմավարական սպառնալիք, եւ հետաեւաբար ամեն ինչ անելու է մեր պետականությունը ֆիզիկապես ոչնչացնելու կամ նրա զարգացումը թույլ չտալու համար։

Եւ երկրորդը, երբ մեր սահմանափակ ռեսուրսներն ու էներգիան չենք ծախսում իրական Հայաստանի ռազմավարական կարիքների վրա, չենք ունենում այն արդյունքները, որ կարող էին ունենալ, եւ Հայաստանի զարգացումը, մեր երեխաների ապագան, խոչընդոտվում է կրկնակի։ Եւ խաղաղությունը, որ այնքան հարկավոր է ՀՀ-ին, դառնում է առավել անհասանելի։

Այս պայմաններում էականորեն վնասվում է մեր երկրի ինքնիշխանությունը, որովհետեւ երբ հայրենիքի մասին քո պատկերացումները ճշգրտորեն չեն նույնականանում քո երկրի միջազգայնոերն լեգիտիմ սահմանների հետ, դու ստիպված ես բացել ճանապարհը ուրիշների անհամաչափ ազդեցությունների համար, որովհետեւ քեզ թվում է, թե այդպիսով ուժ եւ աջակցություն ե ստանում՝ առաջ մղելու քո լեգիտիմ սահմանների հետ չհամընկնող օրակարգերը։

Այսպիսով կրկին հայտնվում ենք հայրենասիրուն խորհրդային մոդելի մեջ, հենց այս մոդելն է, որ հայրենիք հասկացությունը տարանջատել է պետության հասկացությունից՝ լուծելով գործնական խնդիրը, որ հայ ժողովուրդը, հայկական ԽՍՀ-ն թեկուզ ոչ լիարժեք, բայց պետությունը հայրենիք չհամարի, որովհետեւ այդ պետությունը հայրենիք համարելու հաջորդ քայլը անկախության գիտակցության խորացումն էր լինելու։

Ի հեճուկս տարբեր գնահատականների՝ մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է վերստին միավորել, նույնացնել հայրենիք եւ պետություն հասկացությունները, որովհետեւ դա է ՀՀ-ն կայացնելու եւ հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրսները ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա՝ կասկածի տակ դնելով հայրենիք-պետության ապագան։

Որպես մեկը ձեզնից, որ հենց ձեզնից մանդատ է ստացել աշխատելու Հայաստանի ապագան ապահովելու բանաձեւերի վրա, այս դարակազմիկ օրակարգի, այս թնջուկի շուրջ մտածումներով տարիներ եմ անցկացրել, 44-օրյա պատերազմից առաջ ու դրանից հետո ու մտածումներս ինձ բերել են միանշանակ համոզման․ ինչպես ապագայի ու ապագա սերունդների, այնպես էլ այսօրվա ու այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող իրական մարդկանց նկատմամբ մեր պարտքը պահանջում է, որ ամեն ինչ անենք, որ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար իրական Հայաստանը դառնա ազգային եւ պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ։

Եւ այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն, որովհետեւ ինքս անձամբ անցել եմ տառապալից այդ ճանապարհը՝ պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի իրական Հայաստանի հոգեբանություն, եւ այդ նույն ճանապարհը հիմա անցնում ենք միասին։

Մենք անցնում ենք այդ ճանապարհը եւ դրա վերջում մեր Ավետյաց երկիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը, այն տարբերությամբ, որ մենք հիմա էլ այստեղ ենք, բայց շատ հաճախ չենք նկատում մեր Ավետյաց երկիրը եւ այն չնկատելու բերումով ենք շարունակում Ավետյաց երկրի փնտրտուքը։

Այսօր մեր երկիրը կատարյալ չէ նաեւ այն պատճառով, որ Ավետյաց երկրում Ավետյաց երկրի մեր անվերջանալի փնտրտուքը մեր թույլ չի տալիս կոնկրետանալ եւ ձեւակերպել այն հարցի պատասխանը, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն՝ պետություն ենք ուզում կառուցել։ Եւ սահմանզատման գործընթացն այն հարցի պատասխանն է ձեւակերպում սյուն առ սյուն։

Ու մենք միասին պետք է անցնենք այս ճանապարհը, որն, այո, ուղեգորգով չի պատված, այլ անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասփթափությունների ու չհասկացվածության միջով, բայց միակն է, որ հորիզոն ունի իր առաջ ու տանում է դեպի իրական ու Ավետյացն երկիր, իրական Հայաստան,  Հայաստանի Հանրապետություն։ Սա վճռորոշ ճանապարհ է։

Փիլիսոփաներից մեկն ասում է, որ լավագույնը այն ճանապարհն է, որ քեզ հասցնում է այնտեղ, որտեղ դու կաս։ Այս ճանապարհը մեզ հասցնում է այնտեղ․ որտեղ մենք կանք՝ ՀՀ, եւ հնարավորություն է տալիս մեր իրականությանը նայել բոլորովին այլ դիտանկյունից, եւ այդ՝ միայն այդ դիտանկյունից է, որ երեւում է ապագան, եւ դեպի այդ ապագան գնալու երթուղին։

Այդ ճանապարհն ամբողջությամբ անցնելու երաշխիքը մեկն է՝ համաժողովրդական իմացություն եւ առաքելության համոզմունք՝ քաղաքական առաջնորդության շրջանում։

Մեր քաղաքական թիմը եւ ես ապրում ենք այդ առաքելությա,մբ ու տեսնում ենք, որ սեղանին ենք դրել մի բանաձեւ, որը պիտի երաշխավորի ՀՀ-ի 29,743 կմ քառակուսի միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ տարածքը եւ այդ տարածքը պարփակող սահմանները, ու մեր խնդիրն է ոչ միայն առաջնորդել, այլեւ մեր ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին ոգեւորել այդ տեսլականով ու բաանձեւով, որովհետեւ սա մի բանաձեւ է, մի շարժում, որ մեզ տանում է դեպի իրական անկախություն ու ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն ու սահմանների անխախտելիություն, սա բանաձւե է, որ մեր տաղանդավոր ժողովրդին, բոլորիդ ու յուրաքանչյուրդ հնարավորություն է տալու կոնկրետացնել եւ վայելել սեփական աշխատանքի արդյունքը՝ ի դեմս ազատ , արդար անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի։

Ինչպես, քայլերի ինչ հաջորդականությամբ ենք հասնելու այս նպատակին, մանրամասն ներկայացրել եմ ս․թ․ մայիսի 7-ի ասուլիսում եւ այլ ելույթներում։

Այս ուղերձի առանցքային նպատական է պարզաբանել, մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, երկրի հետ եւ թե ինչու է տեղի ունենում։ Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում եւ մեր գիտակցության մեջ, դա բարդ, ցավոտ գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք միասին ու պետք է անցնենք, դա անկխության եւ ինքնիշխանության շարժում է, որ պետք է հասցնենք իր հանգրվանին եւ ես ու մեր քաղաքական թիմը սա համարում ենք մեր առաքելությունը։

Մեր առաքելությունն է պետությունը, անկությունն ու ինքիշխանությունը դարձնել միջոց, որ ծառայում է քաղաքացում եւ ոչ թե քաղաքացուն ծառայեցնում է  իրեն։

Թե 2018 եւ թե 2021 թվականին ՀՀ հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ՝ ապահովելու ՀՀ-ի ապագան եւ այս մանդատը պետք է իրացվի լիրաժեք ու անմնացորդ»,- ասաց Փաշինյանը իր ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել