«Եթե 1-2 օրվա ընթացքում արտաքին աշխարհի հետ կապ չստեղծվի, հնարավոր է՝ սննդի հետ կապված հումանիտար ճգնաժամ առաջանա»․ իրավապաշտպանը՝ Լոռու մարզի բնակավայրերի մասին
21:17 - 26 մայիսի, 2024

«Եթե 1-2 օրվա ընթացքում արտաքին աշխարհի հետ կապ չստեղծվի, հնարավոր է՝ սննդի հետ կապված հումանիտար ճգնաժամ առաջանա»․ իրավապաշտպանը՝ Լոռու մարզի բնակավայրերի մասին

Լոռու մարզի 2 քաղաք՝ Ախթալան եւ Շամլուղը, 4 բնակավայր՝ Փոքր Այրումը, Մեծ Այրումը, Ճոճկանը, Բենդիկը արգելափակված են Ախթալայի կամրջի մասնակի փլուզման հետեւանքով։ Եվս 2 գյուղ՝ Շնողը եւ Թեղուտը, արգելափակված են ճանապարհների փլուզման հետեւանքով։

Այս մասին «Ինֆոքոմ»–ի հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուրգարյանը՝ նշելով, որ եւս 1 գյուղ՝ Քարկոփը՝ մոտ 500 բնակչությամբ, գիշերն ամբողջությամբ տարհանվել է, քանի որ ջրի տակ է հայտնվել, բնակիչները տեղափոխվել են հարակից՝ Շնող եւ Ճոճկան բնակավայրեր։

Օլեգ Դուրգարյանը Ալավերդի քաղաքի բնակիչ է, աշխատանքային նպատակներով մեկնել է Փոքր Այրում գյուղ եւ այժմ արգելափակված է այնտեղ․ «Խոսելով գյուղացիների հետ՝ ես տեսել եմ, որ խուճապ չկա, մարդիկ մոբիլիզացվում են, հղի կնոջ տեղափոխումը, օրինակ, կիսով չափ տեղի բնակչության ուժերով է եղել, բայց նաեւ օբյեկտիվորեն չեն հասկանում, թե ինչպես պետք է մի քանի օր հետո հաղորդակցվեն արտաքին աշխարհի հետ եւ հոգան իրենց կարիքները։ Այդ կարիքները հետեւյալն են․ պետք է ապահովվի կոմունիկացիա համայնքային կենտրոննների հետ եւ տեղադրվեն ժամանակավոր կամուրջներ, տեխնիկապես ես դա հնարավոր եմ համարում, պարզապես պետք է արագ արձագանքել։ Քիչ առաջ կապ էի հաստատել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ինձ պատասխանեցին, որ այս պահին խորհրդակցությունների մեջ են»,– ասաց Դուրգարյանը։

Վերջինս պատմեց, որ հիշյալ բնակավայրերում կան ոչ մեծ խանութներ, եւ այսօր այդ խանութները իրենց ներուժը սպառել են, բնակիչները իրենց գնումները իրականացրել են, եւ եթե 1-2 օրվա ընթացքում սննդի եւ արտաքին աշխարհի հետ կապի հարցը չլուծվի, հնարավոր է՝ հումանիտար ճգնաժամ առաջանա․ «Պետք է նշել, որ բնակչության զգալի մասը գնումներ է կատարում ոչ թե պահեստավորված, այլ յուրաքանչյուր 1-2 օրվա կտրվածքով։ Զգալի է այն մարդկանց թիվը, որոնք ապառիկ են վերցնում ապրանքը, մինչեւ ամսվա վերջ պարտքով, եւ այդ մարդիկ հաստատ կունենան խնդիրներ, իսկ կոմունիկացիան, որպեսզի դրսից սնունդ գա կամ իրենք դուրս գան մարզկենտրոն, այս պահին չկա, եթե 2 օրվա մեջ չվերականգնվի, խնդիրներ առաջ կգան»,– նշեց Դուրգարյանը։

Նա անհետ կորածների մասին հստակ տեղեկություններ այս պահին չունի, բայց այն կարծիքին է, որ խնդիրներ առաջ կգան, քանի որ գետի առափնյա տարածքներում բազմաթիվ են միայնակ տարեցները, որոնք բնակվում են ինքնամեկուսացված կացարաններում կամ տնակներում կամ զբաղվելիս են եղել դաշտային աշխատանքներով։

Խոսելով տնտեսական վնասների մասին՝ Օլեգ Դուրգարյանը նշեց, որ դրանք կարելի է դասակարգել մի քանի կատեգորաների․ «Խանութներ, այդ թվում՝ մթերային, տնտեսական, ոսկու խանութ, որտեղ ջուր է լցվել կամ անցել են ջրի տակ, գրասենյակներ, որ գտնվում են առափնյա տարածքում, որոնք անցել են ջրի տակ կամ կրել թվային տեխնիկայի վնասներ, ավտոմեքենաներ, որոնք էլի մնացել են ջրի տակ, քանակը ինձ պարզ չէ, մի քանի հարյուրից կարող է հասնել հազարի, բիզնես օբյեկտներ, ռեստորաններ, առափնյա գոմեր, շինություններ, որտեղ կենդանիներ են պահվել, բնականաբար, կենդանիները ջրահեղձվել են, գետը տարել է, առափնյա այգիներ եւ հեկտարներով հողատարածքներ, ինչպես նաեւ բնակելի տներ, օրինակ՝ Սանահինի Կայարան թաղամասն ամբողջովին ջրապատվել է, եւ մասնավոր տներ կամ շենքերի առաջին հարկի բնակարանները ջրով են լցվել, ի դեպ, Կայարան թաղամասը եւս արգելափակված է, քանի որ կամուրջը վնասվել է»,– պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հոսանքը երբեմն տատանումներով է աշխատում, կան նաեւ վնասված ջրի խողովակներ։

ՆԳՆ ծառայողները, ըստ Դուրգարյանի, աշխատում են Ալավերդի քաղաքում,  մարդկանց են տարհանում, իսկ արգելափակված բնակավայրերում ինքը նրանց չի հանդիպել․ «Ես կապի մեջ եմ բնակիչների հետ, իրենց հիմնական մտահոգությունները հումանիտար մտահոգություններն են, եւ թե ինչպես պիտի հաղորդակցվեն արտաքին աշխարհի հետ, որովհետեւ բոլորի մոտ չէ, որ առկա է հեռախոսային կամ ինտերնետային կապ։ Դրանից բացի, եթե նայում ենք ճանապարհներին, տեսնում ենք բազմաթիվ հատվածներ, որտեղ գետը մաշեցրել է մայրուղու ստորին հատվածը, այսինքն՝ մայրուղու ասֆալտը կիսախարխուլ վիճակում է, բարակ շերտ է մնացել, ինչը փլուզումների ռիսկ է ստեղծում, վտանգավոր են նաեւ հանքարդյունաբերական պոչամբարները, որ տարածաշրջանում կան»։

Դուրգարյանը ցավով նշեց, որ թեեւ յուրաքանչյուր համայնք ունի իր քաղպաշտպանության պլանը, այն ձեւական բնույթ է կրում․ «Կան կախնատեսումներ կլիմայական փոփոխությունների հետ կապված, որտեղ գրված է որ Ալավերդի համայքնի սպառնալիքներից մեկը հնարավոր ջրհեղեղներն են, բայց թե որքանով ենք ՏԻՄ կամ պետական մակարդակով այս հարցերով լուրջ զբաղվել, թողնում եմ ձեր եզրակացությանը»,– ասաց նա։

 

Գլխավոր լուսանկարը՝ պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել