Դովեղում նախնական համաձայնությամբ կառուցվող դպրոցը և Քաղաքաշինության կոմիտեի իրարամերժ պատասխանները
 |hetq.am|
20:00 - 27 մայիսի, 2024

Դովեղում նախնական համաձայնությամբ կառուցվող դպրոցը և Քաղաքաշինության կոմիտեի իրարամերժ պատասխանները |hetq.am|

hetq.am: Տավուշի մարզի Դովեղ գյուղի դպրոցի շինարարության մասին «Հետք»-ը հոդված էր հրապարակել այս տարվա մայիսի 6-ին։ Դպրոցը կիսակառույց է, հունիսի կեսերին այն պետք է պատրաստ լինի։ Դպրոցի շինարարության վերաբերյալ մեր երկրորդ հարցմանը պատասխանելու համար 2 ամսից ավելի ժամանակ պահանջվեց։ Այս պատասխանի և մեր ավելի վաղ արված հարցման պատասխանի միջև էական հակասություններ կան։

«Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության և Քաղաքաշինության կոմիտեի միջև, Դովեղ գյուղում դպրոց կառոցելու նպատակով, 2020-ի նոյեմբերի 26-ին պայմանագիր է կնքվել։ Պայմանագրի գինը 743 մլն 233 հազար դրամ է։ 2023-ի նոյեմբերի 23-ին «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության հետ համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ պայմանագրով սահմանված գումարը ավելացել է 475 մլն 113 հազար դրամով կամ պայմանագրով սահմանված գումարի 64%-ի չափով` կազմելով 1 մլրդ 218 մլն դրամ:

Դովեղ գյուղում դպրոցի շինարարությունը սկսվել է 2022-ի դեկտեմբերի 27-ին և որպես շինարարության ավարտ պայմանագրում նշվում է՝  «450 օրացուցային օր»։ Բացի պայմանագրով սահմանված գումարի չափից՝ մեկ այլ համաձայնագրով, որը կնքվել է 2023թ․-ի դեկեմբերի 7-ին, 90 օրացուցային օրով երկարացվել է շինարարության ժամկետը։ Մինչ այս համաձայնագրի կնքումը, ըստ պայմանագրի, շինարարությունը պետք է ավարտվեր 2024-ի մարտի կեսերին, իսկ համաձայնագրի կնքումից հետո նախատեսվում է, որ շինարարությունը պետք է ավարտվի 2024թ․-ի հունիսի կեսերին։

«Հետք»-ը 2024թ․-ի փետրվարի 27-ին հարցում է ուղարկել Քաղաքաշինության կոմիտե՝ խնդրելով պատասխանել, թե որն է պայմանագրով սահմանված գնի և ժամկետների փոփոխության պատճառը, և որ փուլում է գտնվում շինարարությունը։ Մարտի 4-ին ստացված պատասխան նամակում նշվում է՝ նախապես դպրոց կառուցելու համար դիտարկվել է գործող դպրոցի տարածքը, բայց դասապրոցեսը չընդհատելու նպատակով որոշվել է նոր տարածքի վրա կառուցել դպրոցը:

«Հաշվի առնելով գյուղի ռելիեֆի առանձնահատկությունները և շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած գրունտային նոր պայմանները, ինչպես նաև շինհրապարակի տեղամասին կից ճանապարհի առկայությունը՝ առաջացել է դպրոցի կառուցման աշխատանքներին զուգահեռ զգալի ծավալի հողային նոր աշխատանքների իրականացման և հենապատի կառուցման անհրաժեշտություն»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի պատասխան նամակում։

Ըստ Քաղաքաշինության կոմիտեի՝ նշված հանգամանքներով է պայմանավորված գնային և ժամանակացուցային փոփոխությունը։ Նամակում նշվում է, որ ներկա պահին (04.03.2024) ընթանում են դպրոցի և հենապատի կառուցման աշխատանքները։ 

Մենք նոր հարցում ենք ուղարկել Քաղաքաշինության կոմիտե, քանի որ այս պատասխանից նոր հարցեր են առաջանում, մասնավորապես՝ ինչպե՞ս է ստացվել, որ մինչ շինաշխատանքների մեկնարկը, ուսումնասիրության արդյունքում չեն պարզվել՝ տարածքի գրունտային պատկերը և անհրաժեշտ աշխատանքների ծավալը։ Ինչո՞ւ դպրոց կառուցելու համար հայտարարված մրցույթում ի սկզբանե չի ընդգրկվել հենապատի կառուցումը, քանի որ ճանապարհը կար մինչև դպրոցի շինարարության մեկնարկը: Այս հարցումն ուղարկել ենք 2024թ․-ի մարտի 11-ին։ Քաղաքաշինության կոմիտեից պատասխան նամակով լրացուցիչ 30 օր խնդրեցին՝ հարցմանը պատասխանելու համար։ Հարցման պատասխանը ստացել ենք մայիսի 20-ին՝ 70 օր անց, որը ավելի խնդրահարույց է, քան առաջինը։ Քաղաքաշինության կոմիտեի երկու պատասխանների միջև հակասություններ կան։ 

Քաղաքաշինության կոմիտեն նույն հարցի վերաբերյալ երկու պատասխաններում տարբեր դիրքորոշումներ է ներկայացրել 

«․․․միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման համար նախապես դիտարկվել էր գործող դպրոցի տարածքը։ Սակայն դասապրոցեսը չընդհատելու նպատակով և հետագայում դպրոցի շենքն այլ նպատակով օգտագործելու հնարավորությունը հաշվի առնելով՝ քննարկումների արդյունքում որոշվել է համայնքի կողմից նոր հողատարածք տրամադրել»,- նշված է առաջին պատասխանում։

«․․․միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման համար նախապես դիտարկվել էր գործող դպրոցի տարածքը, որի համար 2020 թվականին հայտարարվել է գնման գործընթաց, և արդյունքում «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի հետ 2020 թվականի նոյեմբերի 26-ին կնքվել է պայմանագիր։ Հետագայում պարզվել է, որ գոյություն ունեցող դպրոցի մի մասը տեղական իշխանության, տարբեր բարերարների և ԱԻՆ Տավուշի մարզի Նոյեմբերյանի ՀՕՊ ՀՓՋ-ի ուժերով վերանորոգվել և կահավորվել է՝ Դովեղի ՀՕՊ հրշեջ-փրկարարական ծառայության կարիքների համար։ Նշված տարածքը հետագայում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հանձնվել է ԱԻՆ-ին»,- նշված է երկրորդ պատասխանում։

Այսպիսով ստացվում է՝ Քաղաքաշինության կոմիտեն գործող դպրոցի տարածքի վերաբերյալ երկու տարբեր նամակներում ներկայացրել է երկու տարբեր դիրքորոշում։ Եթե առաջին նամակի համաձայն գործող դպրոցի տարածքը որոշվել է չօգտագործել, նորը կառուցելու համար, որպեսզի դասապրոցեսը չխաթարվի, ապա երկրորդ նամակում նշվում է, որ պայմանագրի կնքումից հետո է պարզ դարձել, որ գործող դպրոցի մի մասը օգտագործվում է ԱԻՆ ստորաբաժանման կողմից և Կառավարության որոշմամբ այդ տարածքը տրամադրվել է ԱԻՆ-ին։ Հետաքրքիր է նաև այն, որ պայմանագրի կնքումից հետո է պարզվել այս հանգամանքը, և նամակում նշվում է՝ վերոնշյալով պայմանավորված՝ շինարարական աշխատանքները չեն մեկնարկել։

Քաղաքաշինության կոմիտեն նախնական համաձայնություններով է դպրոց կառուցում

Երկրորդ նամակում նշվում է՝ համայնքը Քաղաքաշինության կոմիտեին 2020-ի փետրվարին ներկայացրել է հողատարածքի մի քանի տարբերակ։ Կոմիտեի և տիպային նախագիծը մշակող «Հայնախագիծ» ԲԲ ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել են ներկայացված տարածքները, համայնքում հանդիպել են համայնքի ղեկավարի, մարզպետարանի պատասխանատուների և բնակիչների հետ և քննարկել առաջարկված տարբերակները։ Ոսումնասիրության ընթացքում պարզել են, որ այդ մի քանի հողատարածքներն ունեն ռելիեֆային վատ պայմաններ և որոշ դեպքերում՝ ոչ բավարար մակերես։

«Սակայն ելնելով տվյալ համայնքում դպրոց կառուցելու անհրաժեշտությունից՝ հողամասերից ընտրվել է առավել բարենպաստ պայմաններ ունեցող տարբերակը»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի նամակում։

Ըստ Քաղաքաշինության կոմիտեի նամակի՝ ընտրված հողատարածքում դպրոցի կառուցման համար անհրաժեշտ մակերեսն ապահովելու համար անհրաժեշտ է եղել ձեռք բերել համայնքային հողին հարող, մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտորներից մի քանիսը։ Այդ տարածքների սեփականատերերի նախնական համաձայնությունն ունենալով՝ տրվել էր հանձնարարական «Հայնախագիծ» ԲԲ ընկերությանը՝ իրականացնելու համապատասխան ուսումնասիրություններ։ Նամակում նշվում է՝ այդ եղանակով նախագիծը իրականացնելու դեպքում շինհրապարակը ճանապարհից բավականաչափ հեռավորություն կունենար, ռելիեֆի առանձնահատկությունները լրացուցիչ բարդություններ չէին առաջացնի։ Բայց հետագայում հողամասերի սեփականատերերը հրաժարվել են նախնական համաձայնությունից։

Որոշվել է դպրոցը կառուցել միայն համայնքապատկան հողատարածքում, որն իր հերթին հավելյալ ծախսեր է առաջացրել։ Ինչպես արդեն նշել ենք, 2023-ի նոյեմբերի 23-ին «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության հետ համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ պայմանագրով սահմանված գումարը ավելացել է 475 մլն 113 հազար դրամով։ Ըստ Քաղաքաշինության կոմիտեի՝ այս համաձայնագիրը կնքվել է, քանի որ շինարարության ընթացքում ի հայտ են եկել գրունտային նոր պայմաններ՝ առաջացնելով զգալի ծավալի հողային նոր աշխատանքներ, և շինհրապարակի տեղամասին կից ճանապարհի առկայությամբ պայմանավորված հենապատի կառուցման անհրաժեշտություն։ Համաձայնագիրը կնքվել է շինաշխատանքների մեկնարկից մոտ 11 ամիս անց։ Այս մասին նշված է առաջին պատասխանում, իսկ երկրորդ պատասխանով ավելի մանրամասն է ներկայացվել։

 ««Հայնախագիծ» ընկերության իրականացրած վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ ռելիեֆային առանձնահատկություններից և ճանապարհի առկայությունից ելնելով՝ նշված տարածքին համապատասխան տեղակապման նախագիծ մշակելու համար անհրաժեշտ է նախատեսել հենապատ, հողային աշխատանքների ծավալի ավելացում, որոնք կհանգեցնեն ընդհանուր նախահաշվային արժեքի ավելացման։ ․․․Հաշվի առնելով Դովեղ բնակավայրում դպրոց կառուցելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ընտրված հողատարածքից զատ այլընտրանքի բացակայությունն ու ժամկետի սղությունը՝ Կոմիտեի հանձնարարությամբ «Հայնախագիծ» ԲԲ ընկերությանն առաջարկվել է շարունակել նախագծային աշխատանքները և նախագիծը տեղակապել հատկացված տարածքում։»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի երկրորդ պատասխանում։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել