Ալավերդին՝ աղետից 2 օր անց
21:49 - 28 մայիսի, 2024

Ալավերդին՝ աղետից 2 օր անց

Այնպես չէ, թե բնական աղետներն անկանխատեսելի են, բայց դրանց առաջանալու համար բարկանալն անիմաստ է՝ ո՞ւմ վրա ջղայնանաս։ Այդպես Լոռու մարզի բնակիչները, իրենց բնորոշ հանդարտությամբ, բայց եւ ընկճված, քանի օր է՝ փորձում են վերացնել Դեբետի բերած աղետի հետեւանքները․ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերվանից փրկարարներն ու տեղացիները վտանգավոր հատվածներից մարդկանց տարհանումն են կազմակերպել, հետո անցել մաքրման աշխատանքների։

Դեբետի վարարման պատճառով գետի ջուրը լցվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի մի շարք թաղամասերի բնակելի տներ, փլուզել կամուրջներ, երկաթգծեր ու ճանապարհներ։ Մարդիկ քնած են եղել, երբ հոսանքը դուռ-պատուհան բացելով լցվել է ներս։ Առաջին հարկում ապրողները բարձրացել են վերեւի հարկեր, մինչեւ փրկարարները կժամանեն։ Տները հիմա լցված են ցեխով։ Երեկ, երբ մենք Ալավերդիում էինք, որոշ թաղամասերի բակերում դեռ ջրի շերտ էլ կար․ տեխնիկաները մաքրման աշխատանքներ էին իրականացնում։

Ալավերդցի Վլադիմիր Բաղդասարյանն ասում է՝ քաղաքն այսպիսի աղետ չէր տեսել, մեկ էլ տասնյակ տարիներ առաջ էր գետն այսպես վարարել։ Վլադիմիրի տնկած ազնվամորու թփերը գետը լրիվ պոկել-տարել է։ Նա մեկ իր բաժին դարդից է խոսում, մեկ համաքաղաքացիների՝ ձեռքը պարզելով ներքեւի թաղամասի ուղղությամբ, որտեղ ջուրն այնքան է բարձրացել, որ մոտենալ չի եղել, ու շենքերի բնակիչներին պարաններով են դուրս բերել։ 

Ալավերդու Սանահին կայարան թաղամասի շենքերից մեկի առաջին հարկում բնակվող Գոհարիկ Բաղդասարյանի համար, ինչպես եւ մյուսների, գետի տուն հոսելն անսպասելի է եղել։ Ցեխի հաստ շերտի պատճառով նա տանը նույնիսկ մոտ գնալ չի կարողանում, բայց ոչ էլ հեռանում է՝ սրտնեղած սպասելով, որ ճամփա կբացվի, ու կկարողանա գոնե փաստաթղթերի հետեւից գնալ։ Թեպետ հույս չունի, թե դրանք կարգի բերել կհաջողվի․ «Հազիվ դուրս ենք եկել, ոչ մի բան չենք վերցրել, ոչ մի բան։ Էս առաջին հարկերը սաղ ցեխ վիճակում են»,- պատմում է նա՝ ցույց տալով իր բնակարանը․ «Ամբողջությամբ կործանված ա, երեւի չգտնենք էլ ոչ մի բան»։

Նույն թաղամասի բնակիչ Սեյրան Խեչիկյանը, տեսնելով մի փոքրիկ տղայի, որը կոշիկներին տոպրակներ է հագցրել, որպեսզի գնա մեծերին օգնելու, նրան զգույշ լինելու կոչ է անում ու հորդորում անվտանգ տեղ գնալ՝ մեծերը իրար կօգնեն։ Հետո քթի տակ ասում է, թե՝ շուտ է մեծանում էս սերունդը, շատ բան է տեսնում․

«Բնական աղետ ա, չես կարա բնական աղետի առաջ ոչ մի բան անես, բայց, բայց․․․ ԱԻՆ-ը (այժմ Փրկարար ծառայություն,-խմբ․) չկարաց ժամանակին օգնի ժողովրդին։ Բոլորը արել են մեր կայարանի ուժերով, լոդկա են բերել, ժողովրդին հանել են, րեխանցը հանել, տարել են, ու մինչեւ վերջ էլ մեր Սանահինի ջահել րեխեքը։ Նկարնի էլ ունենք, մենք կարանք նկարներով էլ ապացուցենք, որ ամենավերջում են եկել [փրկարարաները], գիշերը ես երկու հետ զանգել եմ Փրկարար ծառայություն, ինձ ասել են, որ մոտիկանալու հնարավորություն չկա։ Լավ, չկա՝ չկա, ասի՝ դուք մոտիկացեք, ես կասեմ՝ դուք որտեղ եկեք, մենք կգանք, կօգնենք ձեզ, չեկան, լավ, բարի, չեկան՝ չեկան»։

Սեյրան Խեչիկյանը

Խեչիկյանի խոսքով՝ ամենավտանգավորը հենց իրենց թաղամասում է եղել․ «Ջուրը հա վարարում էր, րեխեքը ամեն ինչ անում էին, որ ժողովրդին հանեն, ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր»,-ասում է ալավերդցի տղամարդը։

Սանահին կայարան թաղամասի բնակիչ Գառնիկ Թաթոյանը դիմացի տան տանիքից նայում է շենքի առաջին հարկի իր բնակարանին․ «Տուն գոյություն չունի,- ասում է նա,- բարեկամների, ծնողների մոտ ենք մնում հիմա»։ Համաքաղաքացի երիտասարդները բակի ցեխերի մեջ բնակիչների իրերն են փնտրում։ Մի տղա գտնում է Գառնիկի փաստաթղթերը՝ ցեխի մեջ կորած, ձեռքը երկարացնում, տալիս տիրոջը․ «Էս ա, ինչ մնացել ա»,- թղթերն աջ ու ձախ տանելով՝ ասում է Գառնիկը։ Մեկ ուրիշ երիտասարդ էլ փորձում է նրա մեքենայի մեջ մնացած առարկաները հանել, նույնիսկ կատակում են, թե՝ էս ինչքան ակնոց ունես, Գառնիկ ձյա։ 

Քիչ այն կողմ՝ թաղամասի շենքերից մեկի բակի ցեխաշերտի մեջ բնակիչները մի ոտաչափ արահետ են բացել, որ ջուրը հոսի՝ դուրս գա։ Շենքերի հիմքը ցածր է, ջուրը միանգամից ներս է լցվել։ «Սոթ չտաք մենակ»,- տուն մտնելիս ասում է Սիրուշ Խաչատրյանը։ Ջուրը, որ լցվել է մուտք, նա ու որդին պատուհանով են կարողացել դուրս գալ, բարձրանալ վերեւի հարկ։ Նրա հարեւանը՝ Էլմիրա Գեւորգյանը, հազիվ է փրկվել վնասվածք ստանալուց․ ջուրը լցվել է տուն ու պոկել նկուղի վրայի տախտակը։ Ջրի բարձրության պատճառով նա չի նկատել անցնքն ու ոտքն ընկել է մեջը։ Բազմոցից բռնվելով է կարողացել սենյակից դուրս գալ․ «Գիշերը 2-րդ-3-րդ հարկերում լուսացրինք, հետո փրկարարներն ասացին, որ գիշերը նորից վարարում կարող ա լինի, խորհուրդ չտվեցին մնալ էստեղ»,- պատմում է նա։

Նույն շենքի առաջին հարկի բնակիչ Անժելա Մոսինյանն աղետի գիշերը պատուհանագոգին է լուսացրել։ Նրա բնակարանը մնացածից մի քիչ ավելի բարձր է։ Մինչեւ ջրի բարձրանալը հասցրել է որոշ իրեր ու փաստաթղթեր ապահով տեղ դնել, ինքն էլ մնացել է տանը․ «Ես չէի սպասում, որ ջուրն էդքան կբարձրանա, հետո էլ ո՞ւր գնայի, գնալու տեղ չկար, ասեցի՝ հնարավորին չափով իմ եղածը կարողանամ մի կերպ փրկել։ Քիչ-քիչ բարձրացնելով, բարձրացնելով․․․ Ես սաղ գիշեր անց եմ կացրել լուսամուտի վրա նստած, որովհետեւ հնարավոր չէր․․․ Դիվանս լողում էր էս սենյակից-էն սենյակ, էն սենյակից-էս սենյակ։ Սկզբից, որ ջուրը լցվեց, ասեցի բերեմ, շորով կհավաքեմ, մեկ էլ արդեն տենամ խալիները մի 10սմ ջրի երես լողում էին»։ 

Անժելա Մոսինյանը

Ինչպես այստեղ, այնպես էլ Ալավերդու մեկ այլ թաղամասում՝ նախկին շուկայի տարածքում, մարդիկ լուռ մաքրում են փողոցներն ու խանութները։ Գետը այս հատվածում փլուզել է ճանապարհը, քշել տարել մի տնակ, լցվել ափամերձ խանութներ ու սուպերմարկետ։ Աշխատակիցները սուպերմարկետից պարկերով հանում են փչացած մթերքները, ջրի շիթով փորձում մաքրել դարակներ լցված ցեխը։ 

Այդ ընթացքում Դեբետի հովտի տարբեր հատվածներում տեխնիկա է աշխատում՝ ճանապարհները որոշակիորեն կարգի բերելու ու գոնե թե անցանելի դարձնելու համար։ Մայիսի 27-ի դրությամբ Մ6 միջպետական ավտոճանապարհի Այրում-Ալավերդի հատվածը, որի երթեւեկելի գոտու մի քանի մասեր լրջորեն վնասվել էին, թեթեւ մեքենաների համար մեկ գծով անցանելի էր դարձել։ 

Դեբետի հովտում փլուզված ենթակառուցվածքների լուսանկարներն՝ այստեղ

27 մայիսի, 2024թ․

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել