armenpress.am: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում սահմանազատման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները դե-յուրե Հայաստանի տարածք չեն եղել։
ԶՈՒ ԳՇ պետն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա նշեց, որ ներկայում սահմանի այդ հատվածում սահմանապահներն իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարել։
«Վստահ եմ, որ դրանք ՀՀ դե-յուրե տարածքներից չէին։ Ես չեմ այդպես պնդում, դա պնդում է սահմանը, որը արտացոլված է մեր քարտեզների վրա»,- ասաց Ասրյանը։
2024 թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:
comment.count (0)