Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով կիրականացվի աղետի գոտու շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի հետազննություն
18:17 - 29 մայիսի, 2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով կիրականացվի աղետի գոտու շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի հետազննություն

 Լոռիի և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով գետերի վարարումից վնասված շենքերի ու շինությունների ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ Հանրապետության ոլորտային ինժեներների և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ:

 Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետի որոշմամբ ստեղծված օպերատիվ շտաբի ցուցումներով աշխատանքային խմբերը գործուղվելու են աղետի գոտու բնակավայրեր՝ շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնելու, վնասների ծավալների խոշորացված գնահատականներ տալու և վերականգնման առաջարկներ ներկայացնելու նպատակով:

Հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի կազմում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեի պատասխանատուների հետ մասնակցել է աղետի գոտում իրականացվող աշխատանքներին: Կոմիտեի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ինժեներական կառույցների շինարարության ոլորտում հայտնի ընկերությունների մասնագետներն իրականացրել են Լոռու մարզի վնասված կամուրջների ակնադիտական և գործիքային ուսումնասիրություններ, տվել համապատասխան ցուցումներ:

Խաշթառակ տանող կամրջի տեխնիկական վիճակի հետագա դինամիկան դիտարկելու համար դրվել են անշարժ կետեր (նիշեր): Հետազոտվել է նաև Այրում կայարանը գետի ձախ ափին կապող կամրջի տեխնիկական վիճակը, դիտարկվել կամուրջը երկաթուղայինից ավտոճանապարհային փոխելու առաջարկը:

Լուծումները քննարկվել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ։ Ձեռնարկվել են միջոցներ՝ կարճ ժամանակում խնդրին նախագծային լուծումներ տալու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել