Ֆինանսական թակարդ՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ հորինված հարցազրույցի միջոցով
18:40 - 30 մայիսի, 2024

Ֆինանսական թակարդ՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ հորինված հարցազրույցի միջոցով

Համացանցային ֆինանսական խաբեությունների ու թակարդների համար խարդախներն օգտագործում են նաեւ հայտնի մարդկանց դեմքերը։ Այժմ, օրինակ, ֆեյսբուքյան հարթակում մեկը մյուսի հետեւից պտտվում են գովազդի տակ դրված կեղծ լուրեր ռուսաստանաբնակ դերասան Գարիկ Մարտիրոսյանի նկարով։

«Սկանդալ, որը ցնցել է ողջ երկիրը․ Գարիկ Մարտիրոսյանի արած մի արտահայտությունը կործանել է նրա կարիերան», «Գարիկ Մարտիրոսյանին սպառնում է ծանր քրեական պատիժ», «Գարիկ Մարտիրոսյանը չգիտեր, որ հարցազրույցի այդ հատվածը չի կտրվելու» եւ այստեսակ «շոկ, շտապ, հրատապ» բնույթի վերնագրերով հղումներ են դրված Մարտիրոսյանի նկարների վրա։ Այդ հղումները տանում են հայտնի լրատվամիջոցի կայքին նմանակող կեղծ կայքեր, որտեղ, իբրեւ, տեղադրված է Գարիկ Մարտիրոսյանի եւ հաղորդավար Գոռ Գրիգորյանի հարցազրույցը։ 

Հորինված այդ հարցազրույցում Գարիկ Մարտիրոսյանը իբր վստահեցնում է, որ հնարավոր է միլիոններ աշխատել ինտերնետի միջոցով՝ բազմոցից վեր չկենալով։ Շատ հմտորեն եւ մանրամասն ձեւակերպած հարցերով այդ կեղծ կայքը փորձում է իրական զրույցի տպավորություն ստեղծել, պատմում է, թե հաղորդավարը չի հավատացել այդ խոսքերին, Մարտիրոսյանն էլ բարկացել ու ասել է՝ «չե՞ք հավատում ինձ, ուրեմն տվեք ինձ 100 դոլար եւ «այսինչ» հարթակով 12-15 շաբաթում ես կաշխատեմ 400 հազար դոլար»։ Ռուսերենից չթարգմանելով ողջ այդ հարցազրույցը՝ կարճ ասենք, որ մեկ տասնյակից ավելի էջերով հարցազրույցի ձեւաչափով գովազդվում է այն կայքը, որով, իբրեւ, հնարավոր է արագ մեծ գումար աշխատել։

Հարթակները, որոնք առաջարկում են ինտերնետի միջոցով արագորեն մեծ գումար աշխատել, ծուղակ են

«Հարցազրույցը» տեղադրած կայքերը, որոնք հայտնվել են մեր տեսադաշտում, ունեն shopundertale, regratzimotorsport, notiregio, waybuys, jellyivent, heartfoot եւ webvinhomes կասկածելի անուններ պարունակող դոմեններ (կեղծ կայքերը կարող են ավելի շատ լինել)։ Դրանց բոլորի արտաքին տեսքը կրկնօրինակում է հայկական news.am լրատվական կայքի տեխնոլոգիական բաժնին՝ այդպիսով մոլորության մեջ գցելով ընթերցողին։


Հորինված հարցազրույցը՝ կեղծ կայքում 

 

Հայկական իրական լրատվականի կայքը


Այնինչ, իրականում, վերը նշված անուններով կայքերում տեղադրված ցանկացած հղման վրա սեղմելու դեպքում հայտնվում ենք նույն կայքի մեկ այլ էջում, որն այս անգամ արդեն կրկնօրինակում է կրիպտոարժույթների հետ կապ ունեցող մեկ այլ հարթակ՝ «արհեստական բանականության միջոցով կրիպտոարժույթով ինտելեկտուալ առուվաճառք» գրությամբ։ Կայքերի հենց առաջին էջում առաջարկվում է գրանցվել եւ «միացնել հրաշքն ընդամենը 30 վայրկյանում»։ 

 

Անհասկանալի, բարդ անուններով, առանց հետադարձ կապի տվյալների կայքերն անվստահելի են


Կեղծ հարցազրույցում ամենայն մանրամասնությամբ ներկայացվում է, թե ինչպես է պետք գրանցվել եւ ջանասիրությամբ պատմվում է, թե ինչպես են հաղորդավարը, «լրատվականի խմբագիրը» գրանցվում եւ միանգամից գումար աշխատում։ Նույնիսկ տեղադրված է բանկից գումարը հանելու կեղծ քաղվածք՝ հայկական բանկերից մեկի նշումով։ 

Տեքստում հիշատակված անունով հաղորդում գոյություն չունի, հիշատակված անուններից միայն Գարիկ Մարտիրոսյանն է իրական անձ, մյուս անունները հորինված են։ Այդ տեքստում տեղադրված է իբրեւ խմբագրի նկար, որի անունը Բոգդան Թարժումանյան է։ Նման անունով անձ համացանցային որոնմամբ չի գտնվում։ 

Լուսապատճենը՝ կեղծ հարցազրույցից


Գարիկ Մարտիրոսյանի հետ հորինված հարցազրույցով կեղծ կայքերը տարածվում են ֆեյսբուքյան նոր բացված, հետեւորդ չունեցող կամ հին եւ սակավաթիվ հետեւորդներ ունեցող կասկածելի էջերի միջոցով։ Որոշ օգտատերեր արդեն նկատել են, որ նման հրապարակումները կեղծիք են։


 

Նույն խաբեությունը տարածվում է նաեւ համացանցի թուրքալեզու տիրույթում


Այս նույն զեղծարարությունը տարածվում է նաեւ համացանցի թուրքալեզու տիրույթում․ այս պարագայում «հարցազրույցի հյուրը» թուրք դերասան Մուրատ Ջեյլանն է։ 

Լուսապատճեն կեղծ կայքից

Գարիկ Մարտիրոսյանի «հարցազրույցում» տեղադրված «խմբագրի» լուսանկարը հետադարձ որոնմամբ փնտրեցինք Google որոնողական համակարգում։ Այն գտնվում է թուրքալեզու կասկածելի անուններով կայքերում։

Լուսապատճեն կեղծ կայքից

Այդ կեղծ կայքերից մեկը գրեթե նույնությամբ կրկնում է թուրքական հայտնի Hurriyet պարբերականի արտաքին տեսքը՝ թողնելով վստահելի կայքի տպավորություն։ 

Լուսապատճեն իրական լրատական կայքից

Ինչպես հայկական տիրույթում տարածվող նյութերի դեպքում, այնպես էլ այս, ներկայացված է թուրք դերասանի հետ արված հորինված հարցազրույց, որտեղ մանրամասնորեն գովազդվում է դարձյալ արագ գումար աշխատելու կեղծ հարթակ։ 

Այս տարվա ապրիլի վերջին մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է մարդկանց կեղծ ներդրումային հարթակների միջոցով կրիպտարժույթային ծուղակների մեջ գցելու թափ հավաքող պրակտիկային հաջորդող նույնքան վտանգավոր փուլին՝ «Ներդրումային զեղծարարությունների երկրորդ ալիքի խաբեությունները»։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել